«Իրանի շուրջ լարվածության աննախադեպ աճ է նկատվում»,- այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ կոչ անելով տարածաշրջանի բոլոր պետություններին զսպվածություն ցուցաբերել։
«Ռուսաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն Իրանի հետ։ Անելով դա՝ մենք կոչ ենք անում մեր իրանցի բարեկամներին և տարածաշրջանում ներկա բոլոր կողմերին զսպվածություն և շրջահայացություն ցուցաբերել։ Կոչ ենք անում այս կամ այն խնդիրը լուծելիս նախապատվությունը տալ քաղաքական և դիվանագիտական միջոցներին»,-հայտարարել է Պեսկովը։ «Հուսով ենք,որ կարգավորման ընթացքում բանակցությունները կշարունակեն առաջնային մնալ»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։
Ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներին, հայտնել են, որ Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր՝ այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնելու համար։ CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն այս շաբաթավերջին ռազմական գործողություն իրականացնել, եթե ԱՄՆ նախագահը նման հրաման տա: Սակայն, ինչպես գրում է The New York Times-ը, նախագահ Թրամփը դեռ որևէ նշան ցույց չի տվել այն մասին, որ որոշում է կայացրել հետագա անելիքների վերաբերյալ։
ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ՝ պահանջելով, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Երկու երկրները փետրվարի 17-ին համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն հաջորդիվ նախատեսված բանակցությունների ժամանակ: