Միացյալ Նահանգները Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է բավարար ուժեր՝ այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնելու համար, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով Սպիտակ տան և Պենտագոնի պաշտոնյաներին։
CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնը Սպիտակ տանը տեղեկացրել է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ կլինեն այս շաբաթավերջին ռազմական գործողություն իրականացնել, եթե ԱՄՆ նախագահը նման հրաման տա:
Սակայն, ինչպես գրում է The New York Times-ը, նախագահ Թրամփը դեռ որևէ նշան ցույց չի տվել այն մասին, որ որոշում է կայացրել հետագա անելիքների վերաբերյալ։
ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ է վարում Իրանի հետ՝ պահանջելով, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը: Երկու երկրները փետրվարի 17-ին համաձայնել են հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն հաջորդիվ նախատեսված բանակցությունների ժամանակ:
Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը երեկ հայտարարել է, որ վարչակազմը ակնկալում է, որ Իրանն առաջիկա երկու շաբաթում ավելի հստակ բացատրություն կտա իր դիրքորոշման վերաբերյալ։
Լևիթը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք նախագահ Թրամփը մտադիր է հետաձգել հնարավոր ռազմական գործողությունները՝ Իրանի առաջարկներից կախված։ Դոնալդ Թրամփն ինքը բազմիցս սպառնացել է Թեհրանին «ծանր հետևանքներով», եթե հրաժարվի համաձայնել ԱՄՆ պահանջներին։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ աշխարհի ամենամեծ ավիակիր «Ջերալդ Ֆորդի» գլխավորած ավիակիրների խումբը մոտենում է Միջերկրական ծովին, որտեղ արդեն գտնվում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը։
Մեծ Բրիտանիայում տեղակայված ԱՄՆ ռազմական ինքնաթիռները, այդ թվում՝ լիցքավորող ինքնաթիռները, վերատեղակայվել են Իրանին ավելի մոտ։ Վերջին մեկ ամսում ԱՄՆ-ն նաև տարածաշրջանում լրացուցիչ հակահրթիռային պաշտպանության համակարգեր է տեղակայել։
Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ հարվածների հնարավոր թիրախները կարող են լինել իրանական կարճ և միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտները։
Սակայն, ինչպես հաղորդում է The New York Times-ը, ազգային անվտանգության խորհրդականները նախագահին զգուշացրել են, որ եթե գործողության նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, ապա դրա հաջողությունը երաշխավորված չէ։
Իսրայելում թերթի աղբյուրները հայտնել են, որ իսրայելական բանակը պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր օդային հարվածների, որոնց նպատակը կլինի Թեհրանին ստիպել զիջումների գնալ բանակցություններում և իր միջուկային ծրագրում։