Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ այսօր մի քանի ժամով կփակվեն նավագնացության «անվտանգության միջոցառումների» նկատառումներով, հաղորդում է իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը, մինչ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացնում նեղուցում, իսկ Ժնևում Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Նեղուցը աշխարհի նավթի արտահանման ամենակարևոր ուղին է, որը կապում է Պարսից ծոցի խոշորագույն նավթ արտադրողներին, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Իրաքը և Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանի ծոցի և Արաբական ծովի հետ։ Այստեղով է անցնում աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
Մինչ այդ Իրանի գերագույն առաջնորդն ԱՄՆ-ին զգուշացրել էր, որ Իրանում իշխանությունը տապալելու փորձերը կձախողվեն: Այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին կոչ է արել վերջ տալ Իրանին ուղղված սպառնալիքներին և զերծ մնալ երկրի շուրջ ռազմական ուժի կուտակումից՝ նշելով, որ «ցանկացած ռազմանավից ավելի վտանգավոր է այն զենքը, որը կարող է խորտակել այդ ռազմանավը»:
«ԱՄՆ նախագահն ասում է, որ իրենց բանակն ամենաուժեղն է աշխարհում, սակայն երբեմն ամենաուժեղ բանակը կարող է այնպիսի ուժեղ ապտակ ստանալ, որ չկարողանա ոտքի կանգնել»,-ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Օմանի միջնորդությամբ անցկացված բանակցությունների երկրորդ փուլին ԱՄՆ-ից մասնակցում են նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, իսկ Իրանից՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին:
Բանակցությունների մասին այլ մանրամասները դեռ հայտնի չեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ