Մատչելիության հղումներ

Արաղչի․ «Հնարավորությունների նոր պատուհան է բացվում»

Լրացված

«Հնարավորությունների նոր պատուհան է բացվում»,- այսօր Ժնևում Միացյալ Նահանգների պատվիրակության հետ բանակցությունների ավարտին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

Նա հավելել է, որ Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնցով պետք է առաջնորդվեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում:

«Մենք հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն խնդրի հարատև և դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված լուծման»,- նշել է Արաղչին։

Դրա հետ մեկտեղ իրանական դիվանագիտության ղեկավարը նաև կոչ է արել Վաշինգտոնին «հրաժարվել Իսլամական Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքներից»։ Աբբաս Արաղչին իրանական լրատվամիջոցներին ասել է, որ դեռ շատ բան կա անելու, իսկ առաջընթացը չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի: Գործընթացը, այդուհանդերձ, սկսվել է, ասել է նա:

Իրանի արտգործնախարարության խոսնակն էլ հայտնել է, որ քննարկումների երկրորդ փուլը հիմնականում կենտրոնացել է տեխնիկական կողմերի վրա։ Օմանի արտգործնախարարը շփումներ է ունեցել բոլոր կողմերի հետ, որոնց ժամանակ նրանք միջնորդ կողմին են փոխանցել իրենց տեսակետները, ասել է Էսմայիլ Բաղային:

Բաղային կրկնել է՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը միջուկային հարցի շուրջ ցանկացած համաձայնագրի անբաժանելի մասն է: Նա ընդգծել է, որ իրանական պատվիրակությունը պատրաստ է Ժնևում մնալ այնքան, որքան անհրաժեշտ է համաձայնության գալու համար:

Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցությունները վերսկսել են փետրվարի սկզբին։ ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, ինչը կարող է սպառնալ Իսրայելի գոյությանը: Իրանը, մինչդեռ, պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Վաշինգտոնը փորձում է ընդլայնել բանակցությունների շրջանակը՝ ներառելով նաև Իրանի հրթիռային ծրագիրը: Թեհրանը, սակայն, հայտարարում է, որ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագրի սահմանափակումները՝ պատժամիջոցների մեղմացման դիմաց, հրթիռային ծրագիրը քննարկման առարկա չէ, իսկ ուրանի հարստացումից չի հրաժարվի:

XS
SM
MD
LG