Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն «պատրաստ է շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել», եթե Թրամփը նման հրաման տա

Միացյալ Նահանգներն այնքան զորք ու ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում, որ պատրաստ է հենց այս շաբաթավերջին Իրանին օդային հարվածներ հասցնել, եթե Դոնալդ Թրամփը նման հրաման տա, CNN-ի փոխանցմամբ՝ Պենտագոնից հայտնել են Սպիտակ տանը։

The New York Times-ը, սակայն, գրում է, որ դեռ ոչինչ չի վկայում, որ ԱՄՆ նախագահը որոշում է կայացրել հետագա անելիքների վերաբերյալ, թեև Թրամփն Իրանին վերջերս բազմիցս է սպառնացել «ծանր հետևանքներով», եթե գործարքի չգնա իր միջուկային ծրագրի շուրջ։

Սպիտակ տան խոսնակը երեկ չի պատասխանել հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահը մտադիր է հետաձգել հնարավոր ռազմական գործողությունը՝ կախված Իրանի առաջարկներից: Քերոլայն Լևիթն ասել է, որ Ժնևում այս շաբաթ Իրանի հետ անուղղակի բանակցություններում փոքր առաջընթաց է գրանցվել, սակայն շատ հարցեր դեռ համաձայնեցված չեն:

«Որոշ հարցերում մեր դիրքորոշումները, սակայն, դեռ շատ հեռու են միմյանցից։ Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին իրանցիները, թերևս, պետք է ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրեն մեզ։ Եվ նախագահը կշարունակի հետևել, թե ինչպես են իրադարձությունները զարգանում», - ասել է նա։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևի բանակցություններից հետո Վաշինգտոնն Իրանից գրավոր առաջարկի է սպասում՝ փակուղուց դուրս գալու վերաբերյալ։

Ըստ The New York Times-ի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականները Թրամփին զգուշացրել են՝ եթե հնարավոր գործողության նպատակն Իրանում ռեժիմի փոփոխությունն է, ապա դրա հաջողությունը երաշխավորված չէ։

Ըստ թերթի աղբյուրների՝ Իսրայելը ևս պատրաստվում է Իրանին հնարավոր օդային հարվածներ հասցնել՝ ստիպելու Թեհրանին զիջումների գնալ։

Ամերիկացի փորձագետների կարծիքով՝ հնարավոր թիրախները կարող են լինել իրանական կարճ և միջին հեռահարության հրթիռները, միջուկային օբյեկտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված օբյեկտները։

ԱՄՆ ճնշման ֆոնին Ռուսաստանը, Չինաստանը և Իրանն այսօր Հորմուզի նեղուցում համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում: Ռուսաստանն ասել է, որ դրանք նախապես էին պլանավորված:

Իրանի պետական լրատվամիջոցները, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ալիքները, իրենց հերթին, ցուցադրել են ստորգետնյա թունելներից և հրթիռային բազաներից կադրեր, որոնք ուղեկցվում են զգուշացումներով, որ երկիրը պատրաստ է պաշտպանվել արտաքին սպառնալիքներից։

Մոսկվան զսպվածության կոչ է արել

Ռուսաստանի արտգործնախարարն էլ զգուշացրել է, որ Իրանին ցանկացած նոր հարված լուրջ հետևանքներ կունենա: Al-Arabiya-ին տված հարցազրույցում Սերգեյ Լավրովը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և գտնել այնպիսի լուծում, որն Իրանին թույլ կտա իրականացնել իր միջուկային խաղաղ ծրագիրը:

«Սա լավ հետևանքներ չի ունենա: Արդեն հարվածներ հասցվել են Իրանի միջուկային օբյեկտներին, և որքան հասկանում ենք, միջուկային վթարի իրական ռիսկեր կային: Բոլորն են հասկանում, որ սա նման է կրակի հետ խաղալուն», - ասել է Լավրովը:

Ռուսաստանը շարունակում է կանոնավոր կապի մեջ լինել Իրանի ղեկավարության հետ, և որևէ պատճառ չունի կասկածելու, որ Իրանը անկեղծորեն ցանկանում է լուծել խնդիրը՝ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի համաձայն, հավելել է Լավրովը:

Լեհաստանը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը


Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի քաղաքացիներին կոչ է արել անմիջապես լքել Իրանը և ոչ մի դեպքում չգնալ այդ երկիր:

«Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել հնարավոր զարգացումներով, բայց բոլորս գիտենք, թե ինչի մասին եմ խոսում։ Թեժ հակամարտության հնարավորությունը շատ, շատ իրական է», - նշել է Տուսկը:

XS
SM
MD
LG