Իրանը և Ռուսաստանը հինգշաբթի օրը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում, այս մասին հաղորդել է իրանական կիսապաշտոնական «Ֆարս» լրատվական գործակալությունը:
«Ծովային անվտանգությանը և կայունությանը սպառնացող գործողություններին հակազդելու համատեղ միջոցառումների համակարգման ստեղծումը, ինչպես նաև ծովային ահաբեկչության դեմ պայքարն այս համատեղ զորավարժությունների հիմնական նպատակներից են», - ըստ Fars լրատվականի՝ ասել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Հասան Մաղսուդլուն։
Նախօրեին Mehr-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել մասնակցելու Հորմուզի նեղուցում կայանալիք «Ծովային անվտանգության գոտի 2026» ռազմածովային զորավարժություններին: Լրատվամիջոցը հայտնում է, որ Իրանի ռազմածովային ուժերի կողմից նախաձեռնված եռակողմ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ծովային անվտանգությունը, ընդլայնել համագործակցությունը ծովային ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև իրականացնել համակարգված փրկարարական գործողություններ։
«Ծովային անվտանգության գոտի» զորավարժություններն անցկացվում են 2019 թվականից ի վեր՝ Իրանի նախաձեռնությամբ։
Իսկ Ժնևի բանակցություններից առաջ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը և որտեղ ԱՄՆ-ն արդեն մի քանի շաբաթ մեծ ուժեր է կուտակել՝ Իրանին սպառնալով ռազմական գործողություններով, եթե գործարքի չգնա: