Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի կոչ է արել՝ հայտարարելով նաև, որ ծովային ուղիները պետք է «որքան հնարավոր է շուտ» վերաբացվեն։
«Հնարավորինս շուտ պետք է հասնել համապարփակ և երկարատև հրադադարի՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնումը խթանելու համար», - ասվում է արտաքին գերատեսչության հայտարարության մեջ։
«Միջազգային հանրության կոչերին ի պատասխան՝ ծովային ուղիները պետք է վերաբացվեն հնրավորինս շուտ» - նշում են ԱԳՆ-ից՝ առանց կոնկրետ մատնանշելով Հորմուզի նեղուցը, որը պատերազմի մեկնարկից ի վեր Թեհրանը փաստացի փակ է պահում, իսկ ԱՄՆ-ն էլ շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարությունը տարածել է, երբ պետական այցով երկրում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Վաշինգտոնում երկու օր շարունակված բանակցությունների արդյունքում Իսրայելը և Լիբանանը համաձայնել են 45 օրով երկարաձգել հրադադարը և շարունակել հանդիպումները առաջիկա շաբաթներին:
«Ապրիլի 16-ին մարտական գործողությունների դադարեցումը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», - X-ում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը՝ հավելելով, որ երկու երկրների միջև տասնամյակների հակամարտության կարգավորման բանակցությունները «շատ արդյունավետ էին»:
Հրադադարը չերկարաձգվելու դեպքում ավարտվելու էր կիրակի օրը:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մաթիաս Գրաֆստրոմն այսօր Ստամբուլում կհանդիպի Իրանի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնյաների հետ՝ առաջիկա աշխարհի առաջնությանը այդ երկրի հավաքականի մասնակցությունը քննարկելու համար։ «ՖԻՖԱ-ի պաշտոնյան «հավաստիացումներ» կառաջարկի Իրանի մասնակցության վերաբերյալ», - Reuters-ին հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։
Աշխարհի գավաթի խաղերը կմեկնարկեն հունիսի 11-ից և կշարունակվեն մինչև հուլիսի 19-ը՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Իրանի հավաքականի խմբային փուլի բոլոր երեք խաղերը նախատեսված են Ամերիկայի տարածքում, սակայն թիմի մասնակցությունը մրցաշարին հարցականի տակ է՝ փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո։
Միացյալ Նահանգները և Իսրայելը ինտենսիվ նախապատրաստվում են Իրանի դեմ պատերազմը արդեն հաջորդ շաբաթ վերսկսելուն, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան և մերձավորարևելյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները:
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականները պատրաստել են Իրանին հասցվելիք նոր հարվածների պլան, եթե Վաշինգտոնը որոշի հակամարտությունում առաջացած փակուղուց դուրս գալ էսկալացիայի ճանապարհով:
Դիտարկվող տարբերակների թվում են Իրանի ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների ավելի մասշտաբային ռմբակոծությունները, ինչպես նաև հնարավոր ցամաքային գործողությունը հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ՝ ստորգետնյա միջուկային օբյեկտներում հարստացված ուրան փնտրելու համար: Այդպիսի գործողության համար, ըստ NYT-ի, հազարավոր զինծառայողներ կպահանջվեն:
Ինքը Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն Չինաստանից վերադարձին լրագրողներին ասել է, որ դժգոհ է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկից: «Կա՛մ նրանք գործարք կկնքեն, կա՛մ կջախջախվեն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Թեհրանում արդեն հայտարարել են, որ պատրաստ են «պատասխանել ցանկացած ագրեսիայի»: Իրանը «պատրաստ է բոլոր տարբերակներին», - հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը:
NYT-ի տվյալներով՝ այժմ միջնորդները ջանում են կոմպրոմիսի հասնել, որը թույլ կտար բացել Հորմուզի նեղուցը և խուսափել նոր էսկալացիայից:
ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրոմը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաների հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը պատրաստվում է ողջունել Իրանին 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Reuters-ի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարը, որը ՖԻՖԱ-ի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ նախագահ Ջանի Ինֆանտինոյից հետո, մայիսի 16-ի ուշ երեկոյան Թուրքիայում կայացած հանդիպումը «գերազանց և կառուցողական» է որակել։
Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, Իրանի մասնակցությունը ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին հարցականի տակ է հայտնվել փետրվարի 28-ին այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես Թուրքիայում տեղի ունեցած քննարկումները «դրական և կառուցողական» է որակել՝ հիշեցնելով, սակայն, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս պահը վիզաներ չեն տրամադրել Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Բարաքա» ատոմակայանում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Աբու Դաբիի լրատվական գործակալությունը։
Ըստ իշխանությունների՝ հրդեհի բռնկման պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է եղել։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։
Լրատվական գործակալության տվյալով՝ հրդեհը բռնկվել է ատոմակայանի տարածքի արտաքին հատվածում գտնվող էլեկտրական գեներատորում, սակայն չի ազդել կայանի անվտանգության վրա։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կատարվածը․ «Միջուկային անվտանգությանը սպառնացող ռազմական գործողություններն անընդունելի են», - ընդգծել են ԱԷՄԳ-ից։
ԱԷՄԳ-ին ԱՄԷ-ից հայտնել են, որ ատոմակայանում ճառագայթման մակարդակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։
ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «կրկին կոչ է անում առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել ցանկացած ատոմային էլեկտրակայանի մերձակայքում՝ միջուկային վթարի վտանգից խուսափելու համար»։
ԱԹՍ-ի ծագման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Միացյալ Նահանգները Իրանին հինգ պայման է առաջադրել խաղաղության բանակցությունների երկրորդ փուլին անցնելու համար, հաղորդում է իրանական Fars լրատվական գործակալությունը:
Վաշինգտոնը պահանջում է Թեհրանից հրաժարվել փոխհատուցման ցանկացած հավակնություններից, ԱՄՆ-ին փոխանցել 400 կիլոգրամ հարստացված ուրան և պահպանել միայն մեկ միջուկային համալիրի աշխատանքը: Բացի այդ, ամերիկյան կողմը պատրաստ չէ ապասառեցնել իրանական ակտիվների նույնիսկ 25 տոկոսը և այլ երկրներում ռազմական գործողությունների դադարեցումը կապում է բանակցությունների ընթացքի հետ:
Այդ պահանջների կատարումը չի երաշխավորում ԱՄՆ-ի և Իսրայելի հրաժարվելը Իրանին նոր հարվածներ հասցնելուց, նշում է Fars-ը:
Ավելի վաղ Իրանը նույնպես հինգ պայման էր առաջադրել բանակցությունների վերսկսման համար: Թեհրանը պահանջում է պատերազմի դադարեցում, հատկապես` Լիբանանում, պատժամիջոցների վերացում, ակտիվների ապասառեցում, վնասի փոխհատուցում և Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում:
The Wall Street Journal-ի տվյալներով՝ վեճի հիմնական առարկա է մնում Իրանի միջուկային ծրագիրը:
Վերջին մեկ օրում Լիբանանի հարավարևելյան շրջաններին Իսրայելի օդուժի հարվածների հետևանքով առնվազն 37 մարդ է զոհվել, ևս 222-ը վիրավորվել են, հաղորդել է Լիբանանի առողջապահության նախարարությունը:
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկզբից ի վեր սպանված քաղաքացիների թիվը հասել է 2 հազար 988-ի, վիրավորներինը՝ 9 հազար 210-ի», - ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է X-ում գերատեսչության հրապարակած ամփոփագրում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Իրանին կոչ է արել «արագ գործել»՝ հակառակ պարագայում սպառնալով ծանր հետևանքներով։
«Իրանի համար ժամանակն անցնում է, և նրանք պետք է ավելի արագ գործեն, հակառակ դեպքում՝ նրանցից ոչինչ չի մնա: Ժամանակը շատ կարևոր է», - Truth Social-ում գրել է նախագահ Թրամփը:
Թրամփն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ ԱՄՆ-ն որևէ զիջման չի գնացել՝ ի պատասխան պատերազմը դադարեցնելուն ուղղված Թեհրանի վերջին առաջարկությանը, որը Վաշինգտոնին էր փոխանցվել պակիստանցի միջնորդների միջոցով։
Թեև Թեհրանից պաշտոնական մեկնաբանություն չկա, կիսապաշտոնական Mehr գործակալությունը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «ստանալ այնպիսի զիջումներ, որոնք չկարողացավ ստանալ պատերազմի ընթացքում»՝ հավելելով, որ դա կարող է խոչընդոտ դառնալ բանակցային համաձայնագրի համար։
Նախօրեին Axios-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որը դեմ է արտահայտվել Թեհրանի հետ որևէ փոխզիջմանը, քանի դեռ հակամարտության հիմնական հարցերը չեն լուծվել:
Axios-ը հաղորդում է նաև՝ ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահն այս շաբաթ հանդիպում կանցկացնի երկրի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ռազմական գործողությունների տարբերակները քննարկելու համար։
Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածները փետրվարի 28-ին մեկնարկեցին։ Ապրիլի 8-ից կողմերն անժամկետ հրադադարի ռեժիմում են գտնվում։
Իրանը, սակայն, շարունակում է փաստացի անանցանելի պահել համաշխարհային նավթի և գազի մատակարարումների համար կարևոր Հորմուզի նեղուցը, իսկ ԱՄՆ-ն, իր հերթին, շրջափակման է ենթարկում իրանական նավահանգիստները։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել է, որ երկրի զինուժը երեք անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք երկրի օդային տարածքը հատել էին Իրաքից։
Գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան «իրեն իրավունք է վերապահում պատասխանել պատշաճ ժամանակին և պատշաճ վայրում»։
ԱԹՍ-ների ծագումը հայտնի չէ, սակայն Իրաքի տարածքում գործում են մի շարք իրանամետ աշխարհազորային խմբեր։
ԱԹՍ-ի մասնակցությամբ մեկ այլ միջադեպ երեկ ԱՄԷ-ում էր գրանցվել։ ԱԹՍ հարձակումից հետո «Բարաքա» ատոմակայանում հրդեհ էր բռնկվել։