Մատչելիության հղումներ

NYT. ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են վերսկսել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, ետնապատկերում՝ Իրանի քարտեզը, կոլաժ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, ետնապատկերում՝ Իրանի քարտեզը, կոլաժ

Ինքը Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել:

Միացյալ Նահանգները և Իսրայելը ինտենսիվ նախապատրաստվում են Իրանի դեմ պատերազմը արդեն հաջորդ շաբաթ վերսկսելուն, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան և մերձավորարևելյան պաշտոնյաների շրջանում իր աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականները պատրաստել են Իրանին հասցվելիք նոր հարվածների պլան, եթե Վաշինգտոնը որոշի հակամարտությունում առաջացած փակուղուց դուրս գալ էսկալացիայի ճանապարհով:

Դիտարկվող տարբերակների թվում են Իրանի ռազմական օբյեկտների և ենթակառուցվածքների ավելի մասշտաբային ռմբակոծությունները, ինչպես նաև հնարավոր ցամաքային գործողությունը հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ՝ ստորգետնյա միջուկային օբյեկտներում հարստացված ուրան փնտրելու համար: Այդպիսի գործողության համար, ըստ NYT-ի, հազարավոր զինծառայողներ կպահանջվեն:

Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի մի քանի հարյուր զինծառայողներ դեռ մարտին են ուղարկվել Մերձավոր Արևելք: Տարածաշրջանում են նաև 50 հազարից ավելի ամերիկացի զինծառայողներ, երկու ավիակիր, այլ ռազմանավեր և տասնյակ մարտական օդանավեր:

Ինքը Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն Չինաստանից վերադարձին լրագրողներին ասել է, որ դժգոհ է հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի առաջարկից: «Կա՛մ նրանք գործարք կկնքեն, կա՛մ կջախջախվեն», - հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թեհրանում արդեն հայտարարել են, որ պատրաստ են «պատասխանել ցանկացած ագրեսիայի»: Իրանը «պատրաստ է բոլոր տարբերակներին», - հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆը:

NYT-ի տվյալներով՝ այժմ միջնորդները ջանում են կոմպրոմիսի հասնել, որը թույլ կտար բացել Հորմուզի նեղուցը և խուսափել նոր էսկալացիայից:

ԱՄՆ-ը և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանին փետրվարի 28-ին, գործողության գլխավոր նպատակ է հռչակվել երկրի միջուկային և հրթիռային ներուժի ոչնչացումը: Սպանվել են Իրանի շատ ղեկավարներ: Իրանը, իր հերթին, հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում, ինչպես նաև փակել է էներգակիրների համաշխարհային շուկայի համար կարևոր Հորմուզի նեղուցը. դա հանգեցրել է նավթի և գազի համաշխարհային գների կտրուկ աճի:




XS
SM
MD
LG