Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ից կրկին հայտարարում են՝ Իրանը կմասնակցի աշխարհի առաջնությանը

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը, արխիվ

ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Մատիաս Գրաֆստրոմը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաների հետ քննարկումներից հետո հայտարարել է, որ ֆուտբոլի կառավարման համաշխարհային մարմինը պատրաստվում է ողջունել Իրանին 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Reuters-ի փոխանցմամբ՝ գլխավոր քարտուղարը, որը ՖԻՖԱ-ի երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է՝ նախագահ Ջանի Ինֆանտինոյից հետո, մայիսի 16-ի ուշ երեկոյան Թուրքիայում կայացած հանդիպումը «գերազանց և կառուցողական» է որակել։

2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։

Չնայած ամերիկյան կողմի հավաստիացումներին, Իրանի մասնակցությունը ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարին հարցականի տակ է հայտնվել փետրվարի 28-ին այդ երկրի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի պատերազմի մեկնարկից հետո։

Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես Թուրքիայում տեղի ունեցած քննարկումները «դրական և կառուցողական» է որակել՝ հիշեցնելով, սակայն, որ ամերիկյան իշխանությունները մինչ այս պահը վիզաներ չեն տրամադրել Իրանի հավաքականի ֆուտբոլիստներին և անձնակազմին։

Ապրիլի 30-ին էլ հայտնի էր դարձել, որ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին արգելվել է մուտք գործել Կանադա՝ մասնակցելու ՖԻՖԱ-ի նիստին։ Կանադայի կառավարությունն այս դեպքից հետո հայտարարել էր՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաշտոնյաներին արգելվում է մուտք գործել Կանադա:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների կառավարությունը դեմ չէ Իրանի հավաքականի մասնակցությանը աշխարհի առաջնությանը, հստակեցնելով, սակայն․ «Նրանք չեն կարող մեր երկիր բերել ԻՀՊԿ ահաբեկիչների մի խումբ և ձևացնել, թե նրանք լրագրողներ կամ մարզիչներ են»։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG