Թեհրանի հետ պատերազմը ստվերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս շաբաթ Պեկինում սպասվելիք գագաթնաժողովը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Ակնկալվում է, որ Իրանը օրակարգի ամենազգայուն հարցերից է լինելու։
Սպասվում է, որ Թրամփը Պեկին կժամանի մայիսի 13-ին, իսկ Սիի հետ շփումները նախատեսվում են մայիսի 14-15-ին։ Այցը ավելի վաղ պետք է կայանար։ Այն հետաձգվել էր Թեհրանի հետ ԱՄՆ-ի հակամարտության պատճառով։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների փոխանցմամբ՝ Թրամփը փորձելու է համոզել Սիին՝ Իրանի հետ Չինաստանի ուղիղ տնտեսական և տեխնոլոգիական կապերի, այդ թվում՝ նավթամթերքի գնման և երկակի նշանակության ապրանքների ենթադրյալ փոխանցումների առնչությամբ։
Hudson Institute-ի ավագ փորձագետ Քեն Մորիյասուն «Ազատության» հետ զրույցում ասել է, որ Պեկինը կարող է մարտավարական առումով նպաստել լարվածության մեղմանը, սակայն կդիմադրի Իրանի ռեժիմի գոյությանը սպառնացող ցանկացած ջանքի։ Սա, ըստ նրա, առանցքային նշանակություն ունի Եվրասիայում Չինաստանի երկարաժամկետ ռազմավարության համար։
«Ազատություն». Ակնկալվում է, որ Թրամփը կփորձի Իրանի հարցում համոզել Սիին։ Վաշինգտոնը նաև հայտարարել է Չինաստանի հետ փոխկապակցվող իրանական նավթամթերային ցանցերը թիրախովորող նոր պատժամիջոցների մասին։ Հաշվի առնելով այս ամենը՝ ի՞նչ կարևորություն ունի Թրամփ-Սի հանդիպումը Թեհրանի մասով ԱՄՆ-Չինաստան դիվանագիտության համար։
Քեն Մորիյասու. Վստահ եմ, որ Թրամփը Սի Ծինփինից օգնություն կհայցի Իրանի հարցում, և վստահ եմ, որ Չինաստանը նույնչափ շահագրգռված է, որ պատերազմն ավարտվի, որքան ինքը՝ Թրամփը։ Սակայն, ես նաև չափազանց վստահ եմ, որ Սին Թեհրանում չի ցանկանում ռեժիմի փոփոխություն տեսնել։ Այսինքն՝ թեև նա կարող է համաձայնել՝ խրախուսել Թեհրանին որևէ փոխզիջման գնալ, ես չափազանց վստահ եմ, որ Սին կդիմադրի Թրամփի ցանկացած ճնշման, որը կենթադրի Իրանին պատժել այնպես, որ ռեժիմի փոփոխություն տեղի ունենա։
«Ազատություն». Երբ դիտարկում եք ներկայում Իրանի հետ Չինաստանի հարաբերությունները, Պեկինը փաստացի որքա՞ն ազդեցություն ունի Թեհրանի հանդեպ։
Մորիյասու. Հարաբերությունները շարունակական են, բայց դա մենք պետք է Չինաստանի երկարաժամկետ ռազմավարության և դրանում Իրանի կարևորության տեսանկյունից ընկալենք։
Եթե Թեհրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա և ամերիկամետ կամ արևմտամետ իշխանություն հաստատվի՝ հեռացնելով երկիրը Չինաստանից, դա ուղղակի կխաթարի մայրցամաքում Չինաստանի երկարաժամկետ ռազմավարությունը։
Վերջին 15 տարիներին Չինաստանը շատ ջանք է թափել՝ նվազեցնելու իր կախվածությունը ծովային առևտրի ուղիներից՝ հատկապես էներգակիրների մատակարարման համատեքստում։ Սա այն պատճառով, որ նավթամթերք տեղափոխող լցանավերը ստիպված են անցնել Հորմուզի նեղուցի կամ Մալակկայի նեղուցի նման խոցելի կետերով։ Չինաստանն, այսպես, թեքվել է դեպի ցամաքային խողովակաշարեր, և այս մայրցամաքային ռազմավարության մեջ Իրանը հարավային ճակատն է զբաղեցնում։ Իրանը հարավային խարիսխն է։
Եթե Իրանը արևմտամետ երկիր դառնա, դա կխանգարի Չինաստանի ցամաքային կապակցվածությանը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։ Էներգետիկ լոգիստիկան, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ կապ ունեցող ռազմական միջանցքների հարցը կբարդանան։ Դա կխաթարի ԱՄՆ ռազմական ուժից պաշտպանված, միասնական եվրասիական ներքին տարածքի գաղափարը, որի ուղղությամբ վերջին 15 տարիներին աշխատել է Չինաստանը։
«Ազատություն». Իրանի հետ խոր տնտեսական կապերը, մանավանդ՝ էներգիայի արտահանման և նավթամթերքի գնման առումով, քաղաքական ազդեցության լծակներ տալի՞ս են Պեկինին։
Մորիյասու. Ավելի շուտ ազդեցության լծակներ են տալիս Իրանին, քան Չինաստանին։
Եթե Թեհրանն ընկալում է Չինաստանի երկարաժամկետ ռազմավարությունը, Թեհրանն ունի ազդեցության լծակներ։ Իսկ Միացյալ Նահանգները պետք է հասկանա Չինաստանի քաղաքականությունը և ընդունի, որ Չինաստանը երբեք չի աջակցի Իրանում ռեժիմի փոփոխությանը միտված նախաձեռնություններին։
Սա նաև Թայվանի հետ է կապված։ Քանի դեռ Միացյալ Նահանգները խեղդող պարան է պահում Մալակկայի և Հորմուզի նեղուցներում, Չինաստանը փաստացի չի կարող ուժի կիրառմամբ վերցնել Թայվանը։
Անգամ եթե Չինաստանը ներխուժի Թայվան, ԱՄՆ-ն կարող է խեղդել չինական տնտեսությունը՝ շրջափակելով վերը նշված ուղիները։
Այսինքն՝ Չինաստանը նախ փորձում է մայրցամաքային միջանցք հաստատել, որպեսզի պաշտպանի իրեն ամերիկյան հակաքայլերից։ Երբ եվրասիական այդ «բերդ-ամրոցի» կառուցումն ավարտվի, Թայվանի մասով Պեկինի տարբերակները կընդլայնվեն։
Չեմ պնդում, թե միջանցքի հիմնումից հետո Չինաստանը կներխուժի Թայվան, բայց սա, վստահաբար, կավելացնի Պեկինի ռազմավարական ճկունությունը։
«Ազատություն». Եթե Իրանի նկատմամբ ազդեցության լծակներ գործադրելու հարցում Թրամփը փորձի համոզել Սիին, ինչպիսի՞ արձագանք եք ակնկալում Պեկինից։
Մորիյասու. Չինաստանը միաժամանակ երկու երկարաժամկետ նպատակ է հետապնդում. ձգտում է հրաժարվել ծովային առևտրի ուղիներից, ինչպես նաև վերջ դնել նավթամթերային կախվածությունից։
Ահա պատճառները, թե ինչու է Չինաստանն ագրեսիվ մոտեցում ցուցաբերում բենզինով շահագործվող մեքենաներից էլեկտրամոբիլների անցման հարցում՝ էլեկտրաէներգիան ստանալով միջուկային էներգիայից և ածուխից։ Ածուխի մեծ մասը տեղական կամ մոնղոլական աղբյուրնեից է ստացվում։ Դրանք պաշտպանված են ամերիկյան ռազմական միջամտությունից։
Չինաստանն, այնուամենայնիվ, դեռ այդ կետին չի հասել, ուստի նավթամթերք դեռ անհրաժեշտ է։ Սա նշանակում է, որ պատերազմը և թանկացող նավթը վնաս են պատճառում Չինաստանին։
Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, Չինաստանը ջանում է կրճատել կախվածությունը թե՛ ծովային բեռնափոխադրումներից, թե՛ հենց նավթամթերքից։
Տեսանելի ապագայում Պեկինին կայունություն է անհրաժեշտ, բայց Չինաստանում որևէ շահագրգռվածություն չունեն՝ աջակցել Թրամփին Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն սահմանելու կամ Թեհրանում ռեժիմի փոփոխության հասնելու հարցերում։ Դրանք չեն համապատասխանում Չինաստանի երկարաժամկետ ռազմավարական շահերին։
«Ազատություն». Այդ ֆոնին՝ ի՞նչ եք կարծում՝ Չինաստանը կարո՞ղ է «կուլիսային» լուռ դիվանագիտական դերակատարություն ունենալ, թե՞ պարզապես հրապարակային զգույշություն կպահպանի։
Մորիյասու. Չինաստանի ցանկացած դերակատարություն մարտավարական նշանակություն կունենա, ոչ թե ռազմավարական։ Չափազանց վստահ եմ այդ հարցում։
«Ազատություն». Մինչ Վաշինգտոնը միաժամանակ զբաղվում է Իրանով, Ուկրաինայով և Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությամբ, քաղաքականություն մշակող պաշտոնյաները ինչպե՞ս են հավասարակշռում այս համաժամանակյա մարտահրավերները։
Մորիյասու. Սա ևս մեկ բացատրություն է, թե ինչու Սին կարող է մարտավարապես օգնել, բայց ոչ ռազմավարապես։
Իրականությունն այն է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը վատ չէ Պեկինի համար։ Եթե Իրանի հետ պատերազմը շեղի Վաշինգտոնի ուշադրությունը, դա ուշադրություն է շեղում նաև Թայվանի հարցից։ Սա պատրաստվելու ժամանակ է տալիս Չինաստանին։
Ստացվում է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև որոշակի լարվածությունն իրականում Չինաստանի ռազմավարական շահերին է ծառայում։
Սակայն երկարաժամկետ կտրվածքով, Չինաստանի ծրագիրը նախ և առաջ մայրցամաքային միջանցքներ հիմնելն է, որոնց միջոցով կարող է էներգետիկ մատակարարումներ և առևտուր ապահովել՝ առանց ամերիկյան միջամտության։ Դա առաջին փուլն է՝ գուցե առաջիկա տասնամյակի համար նախատեսված։
Դրանից հետո Չինաստանն ի վիճակի կլինի ավելի ինքնավստահորեն ուժ բանեցնել մայրցամաքի ծովային եզրագծերին և նույնիսկ մտածել Թայվանում հետագա գործողությունների ուղղությամբ։ Միացյալ Նահանգները պետք է հասկանա, թե Չինաստանն ինչ է փորձում անել։
«Ազատություն». Ճգնաժամը ո՞ր պահին կարող է ստիպել Չինաստանին ավելի վճռականորեն գործել՝ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմավարական առումով։
Մորիյասու. Նախկինում հաղորդվել է, որ Չինաստանը ռազմավարական նշանակության շուրջ չորս ամսվա նավթային պաշար ունի։
Մինչ վերջնաժամկետը մոտենում է, Պեկինը ավելի մեծ ճնշման ներքո կհայտնվի՝ այլընտրանքային ուղիներ գտնելու կամ աշխատելու Վաշինգտոնի և Թեհրանի հետ՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու հարցում։ Բայց դեռ որոշ ժամանակ կա, մինչ Չինաստանն այդ կետին կհասնի։
«Ազատություն». Իրանի պատճառով Թրամփն արդեն մեկ անգամ հետաձգել է այցը։ Իրանը կարո՞ղ է գագաթնաժողովի որոշիչ հարցերից մեկը դառնալ՝ առևտրից և ավելի լայն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններից անդին։
Մորիյասու. Եթե ավելի լայն պատկերին նայենք. ԱՄՆ-Չինաստան ուժային մեծ մրցակցությունն իրականում մրցակցություն է Եվրասիան վերահսկելու համար։
Չինաստանը ցանկանում է անխոչընդոտ հասանելիություն ունենալ Կենտրոնական Ասիայի էներգետիկ շուկաներին և Եվրոպա հասնող առևտրային ուղիներին՝ ամերիկան միջամտությունից զերծ։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին՝ պարտադիր չէ, որ Նահանգները գերիշխանություն հաստատի Կենտրոնական Ասիայում։ Պետք է պարզապես բավարար չափով խաթարել Չինաստանի ջանքերը, որպեսզի Պեկինը բացարձակ վստահություն չունենա, թե Կենտրոնական Ասիան, Կովկասը կամ Թուրքիան ամբողջապես իր տիրապետության տակ են։ Պատճառն այն է, որ երբ Չինաստանն ունենա այդ վստահությունը, այն ավելի մեծ հնարավորություն կունենա ուժ բանեցնել, հատկապես՝ Թայվանի ուղղությամբ։
ԱՄՆ ռազմավարության նպատակը պետք է լինի՝ թույլ չտալ Չինաստանին ունենալ այդ բացարձակ վստահությունը։
Այդ իմաստով, Իրանն ավելի մեծ մրցակցության մաս է կազմում։ Իրանը Չինաստանի և Ռուսաստանի կողմից Եվրասիայի սրտում կառուցվող «բերդ-ամրոցի» մաս է։
Այդուհանդերձ, ԱՄՆ-Չինաստան մրցակցության մեջ Իրանը չէ որոշիչ հարցը, այլ ամբողջ Եվրասիան։
«Ազատություն». Այս գագաթնաժողովը կարո՞ղ է շրջադարձային կետ դառնալ միջազգային անվտանգային ճգնաժամերում Վաշինգտոնի և Պեկինի միջև համագործակցության համար։
Մորիյասու. Ոչ, բացարձակապես ոչ։ Չինաստանն ու Միացյալ Նահանգները հիմնովին տարբերվող տեսլականներ ունեն Եվրասիայի առնչությամբ, և այդ մրցակցությունը կշարունակվի՝ անկախ այս գագաթնաժողովից։
Ձեռքբերվելիք ցանկացած մարտավարական համաձայնություն՝ սոյայի մատակարարման գործարքներից՝ Boeing-ի հետ կապված գործարքներ և այլն, չեն փոխելու ավելի լայն կառուցակարգը։ Իրական կառուցակարգը ուժային մեծ մրցակցությունն է Եվրասիայի սրտում։
«Ազատություն». Որոշ հանրապետական կոնգրեսականներ պնդում են, որ Թրամփը պետք է հրապարակայնորեն քննադատի Չինաստանին՝ Իրանին ցուցաբերվող կուլիսային աջակցության համար։ Վաշինգտոնում տարածվա՞ծ է այդ տեսակետը։
Մորիյասու. Ցանկացած կուլիսային աջակցություն, որ Չինաստանը ցուցաբերում է Իրանին, մարտավարական բնույթ է կրում։ Դա չէ հիմնարար խնդիրը։
Հիմնարար խնդիրն այն է, որ մայրցամաքային ռազմավարությունն ի կատար ածելու համար Չինաստանին անհրաժեշտ է, որ Իրանում գործող ռեժիմը պահպանվի։ Սենատորների վրդովմունքը կուլիսային աջակցության համար երկրորդական նշանակություն ունի ավելի լայն ռազմավարական իրողությունների ֆոնին։
Ծավալը կրճատելու և խոսքը պարզեցնելու նպատակով հարցազրույցը խմբագրվել է։