«Amnesty International»-ն այսօր հաղորդել է, որ Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել «սահմռկեցուցիչ» թվով՝ 2159 մարդ:
Լոնդոնում տեղակայված Amnesty International-ը հայտնել է, որ անցյալ տարի աշխարհում առնվազն 2707 մարդ է մահապատժի ենթարկվել, թեև այդ թվի մեջ ներառված չեն Չինաստանում իրականացված մահապատիժները։
Amnesty International-ը նշել է, որ Չինաստանում, որն աշխարհում համարվում է մահապատիժն ամենաշատ կիրառող երկիրը, իրականացվել են «հազարավոր մահապատիժներ»։ Սակայն հստակ տվյալներ չկան, քանի որ այդ տեղեկատվությունը «պետական գաղտնիք է» համարվում:
Իրանում արձանագրված մահապատիժների «ցնցող աճը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իշխանությունները «ուժեղացրել են մահապատժի կիրառումը որպես քաղաքական ճնշման և վերահսկման գործիք», հատկապես 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո:
Amnesty International-ը և այլ իրավապաշտպան խմբեր նշել են, որ Թեհրանը խստացնում է մահապատժի կիրառումը՝ 2025 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի բռնկումից հետո:
Amnesty-ն հայտարարել է, որ 2025 թվականին Իրանում մահապատժի 2159 դեպք է գրանցվել, ինչը երկրում 1981 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Իրանից հստակ տեղեկատվություն հնարավոր չէ ստանալ, այլ իրավապաշտպան խմբեր Իրանում մահապատիժների թվի վերաբերյալ տարբեր տվյալներ են ներկայացրել։
Նորվեգիայում գործող Իրանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունն այս տարվա սկզբին հայտնել էր, որ անցյալ տարի Իրանում մահապատժի է ենթարկվել առնվազն 1639 մարդ։
Թեհրանը հայտնել է, որ 2026 թվականին մինչ օրս 30 մարդ է մահապատժի ենթարկվել։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ պակիստանյան միջնորդությամբ բանակցությունների գործընթացը շարունակվում է։
Բաղային հայտարարել է, որ Իրանն այս փուլում կենտրոնացած է պատերազմի ավարտի վրա, նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում Թեհրանի պահանջների թվում են Իրանի ակտիվների ապասառեցումը և պատժամիջոցների վերացումը:
Պակիստանը Միացյալ Նահանգներին է փոխանցել Իրանի կողմից վերանայված առաջարկը՝ Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ, Reuters-ին այսօր հայտնել է պակիստանյան աղբյուրը:
«Մենք շատ ժամանակ չունենք», - ասել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք անհրաժեշտ կլինի ժամանակ՝ տարաձայնությունները հաղթահարելու համար, հավելելով, որ երկու երկրներն էլ «շարունակաբար փոխում են իրենց դիրքորոշումները»։