Մատչելիության հղումներ

ԱԹՍ-ն ԱՄԷ-ում ատոմակայանի է հարվածել

ԱՄԷ- «Բարաքա» ատոմակայանը, արխիվ
ԱՄԷ- «Բարաքա» ատոմակայանը, արխիվ

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) «Բարաքա» ատոմակայանում հրդեհ է բռնկվել, հայտարարել է Աբու Դաբիի լրատվական գործակալությունը։

Ըստ իշխանությունների՝ հրդեհի բռնկման պատճառը անօդաչու թռչող սարքի հարձակումն է եղել։ Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։

Լրատվական գործակալության տվյալով՝ հրդեհը բռնկվել է ատոմակայանի տարածքի արտաքին հատվածում գտնվող էլեկտրական գեներատորում, սակայն չի ազդել կայանի անվտանգության վրա։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով կատարվածը․ «Միջուկային անվտանգությանը սպառնացող ռազմական գործողություններն անընդունելի են», - ընդգծել են ԱԷՄԳ-ից։

ԱԷՄԳ-ին ԱՄԷ-ից հայտնել են, որ ատոմակայանում ճառագայթման մակարդակը շարունակում է մնալ նորմայի սահմաններում։ Այս պահին արտակարգ իրավիճակների համար նախատեսված դիզելային գեներատորներն էլեկտրաէներգիա են մատակարարում երրորդ էներգաբլոկին։

Հայտարարությունում նշվում է, որ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին «կրկին կոչ է անում առավելագույն ռազմական զսպվածություն ցուցաբերել ցանկացած ատոմային էլեկտրակայանի մերձակայքում՝ միջուկային վթարի վտանգից խուսափելու համար»։

Թեև ԱԹՍ-ի ծագման մասին մանրամասներ չեն հաղորդվում, փետրվարի 28-ին Իրանի դեմ ամերիկա-իսրայելական համատեղ հարձակումից հետո ԱՄԷ-ն դարձել է իրանական հակահարվածների ամենամեծ թիրախը։


XS
SM
MD
LG