Մատչելիության հղումներ

Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց հայտարարվեց, թե Ռուսաստանը հումանիտար օգնություն է ուղարկում՝ Աղդամով


Արցախի նախագահի ընտրությունից ժամեր անց ու հայ-ռուսական լարված հարաբերությունների պայմաններում այսօր հայտարարվեց, թե Ռուսաստանի կառավարությունը հումանիտար օգնություն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ ադրբեջանական Աղդամի ճանապարհով։

Ադրբեջանական Կարմիր մահիկը հայտարարել է, թե փոխադրումն իրականացվում է Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Ադրբեջանական Կարմիր մահիկի տարածած այս տեղեկությանը Արցախի իշխանությունները, ինչպես նաև ռուս խաղաղապահները դեռ չեն արձագանքել։ Հայտնի չէ, թե ուր է հասել ռուսական օգնությունը։

Դեռ երեկ էր Ադրբեջանի նախագահի օգնականը հայտարարել, որ իր երկիրը թույլ կտա Հայաստանից սննդամթերք ուղարկել Ղարաբաղի բնակչությանը, եթե Բաքվին թույլ տրվի Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության մեքենաների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Երեկ նաև Միացյալ նահանգներ էր կոչ արել կողմերին՝ «աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները»։

Ավելի վաղ արցախցիները թույլ չէին տվել, որ Աղդամ հասած ադրբեջանական Կարմիր մահիկի 40 տոննա ալյուրը մտնի Արցախ։ Բեռը դեռ կանգնած է Աղդամում։

Պաշտոնական Ստեփանակերտը մինչ օրս հայտարարել է, որ չպետք է հավասարության նշան դնել Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի ու այլ ճանապարհների միջև։

Սամվել Շահրամանյանն Արցախի 5-րդ նախագահ

Այսօր խորհրդարանի ամբիոնից Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունից է խոսել Արցախի նորընտիր նախագահը։

«Ի հակառակ Բաքվի պնդումների, արդեն տևական ժամանակ է փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանի այլ ճանապարհներ ևս, սակայն դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին կամ դիտվել դրան այլընտրանք։ Առավել քան անկհայտ է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման դեպքում Արցախին որևէ հումանիտար օգնություն տրամադրելու կարիք չի լինելու», - ասաց Շահրամանյանը։

Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվեց 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։

«Պետության ամրապնդում, ներքին կայունության ամրապնդում, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանում, նրա ազատ կենսագործունեության և անվտանգության ապահովում, երկրի տնտեսության զարգացման խթանում, ժողովրդի սոցիալական վիճակի աստիճանաբար բարելավում և օրինականության ու կարգ ու կանոնի ամրապնդում», - ասել է Շահրամանյանը։

ԼՂ 5-րդ նախագահն իր ելույթում շեշտել է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը։ Ընդգծել, որ Ստեփանակերտը պատրաստ է երկխոսել Բաքվի հետ միջնորդների տրամադրած հարթակներում։

«Արցախում վերարտադրվում է հին իշխանությունը»

Մարսել Պետրոսյան
Մարսել Պետրոսյան

Նախագահ Արայիկ Հարությունյանն իր հրաժարականից առաջ Շահրամանյանին նշանակել էր պետնախարար, և նա դարձավ խորհրդարանական 5 ուժերից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի թեկնածուն, և միայն Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առաջնորդած «Միասնական հայրենիքն» էր հրաժարվել մասնակցել քվեարկությանը։

«Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն իր ելույթում քննադատեց ընդդիմությանը Շահրամանյանի օգտին քվեարկելու համար, ասաց, թե Արցախում վերարտադրվում է հին իշխանությունը։

«Անչափ տխուր է, երբ ԱԺ-ում իրենց ընդդիմություն հռչակած խմբակցությունները, որոնց հաջողվել էր քիչ թե շատ հանրության համակրանքին արժանանալ, իրենց բարձրագոչ հայտարարություններով Ազգային ժողովում կատարել են իշխանության կողմից ներդրված տրոայկան ձիու առաքելություն։ «Միասնական Հայրենիք» խմբակցությունն անմասն է փակ դռների հետևում նախագահի թեկնածու անձի փնտրտուքներին», - հայտարարեց Պետրոսյանը։

Դեռ անցած շաբաթ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ չեն մասնակցի քվեարկությանը, փոխարենն ակցիա կանեն, բայց այսօր հրաժարվեցին նաև այս մտքից։

Տարածած հայտարարությունում Բաբայանը շնորհավորել է Շահրամանյանին ու մաղթել՝ «անշեղ հավատարմությամբ իրականացնել Ձեզ առաջադրած քաղաքական ուժերի նախանշած «կարմիր գծերի» քաղաքականությունը»։ Թե ինչ կարմիր գծեր նկատի ունի, փակագծեր չի բացել։

Սամվել Բաբայան
Սամվել Բաբայան


«Երեկ ուշ երեկոյան Հանրապետության նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի: Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը», -նշված է Բաբայանի տարածած հայտարարարությունում։

Ընդդիմադիր «Արդարություն»-ում գոհ են Շահրամանյանի ընտրությունից

Մետաքսե Հաակոբյան
Մետաքսե Հաակոբյան

Ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունում, որ ամիսներ շարունակ Արայիկ Հարությունյանի հրաժարականն էին պահանջում, գոհ են Շահրամանյանի ընտրությունից։

Խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանի խոսքով, մինչև քվեարկությունն են հանդիպել նրա հետ, քննարկել շատ հարցեր, այդ թվում՝ ինքնորոշման հարցը։

«Մենք ո՛չ ելույթ ենք ունեցել, ո՛չ հարց ենք հղել, որովհետև մեզ համար բոլոր հարցերը պարզ էին։ Միայն մեր խմբակցության ղեկավարը վերջում ճշգրտող մի քանի խոսք ասաց կապված համախմբման հետ, կապված որ մենք պետության կողքն են, և այն անձը, ով հանուն պետության է աշխատելու, հետևաբար նաև այդ անձի կողն ենք», - ասաց Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Ադրբեջանից այսօր Ստեփանակերտ ուղևորվող օգնության հարցը նիստի ընթացքում չի քննարկվել։ Բայց պարզ է մի բան՝ Արցախ սնունդ և այլ ապրանքներ պետք է մտնեն բացառապես Լաչինի միջանցքով, այս ճանապարհին այլընտրանք չկա, ասաց ընդդիմադիր պատգամավորը։

«Ո՛չ, չի կարող այլընտրանք որևէ լինել Լաչինի միջանցքին և կամ այլ հավասար գործող որևէ բան։ Ես պատահական չի, որ ասում եմ սնունդ՝ արցախցու տուն չի կարող այդ ճանապարհով մտնել», - ասաց Հակոբյանը։

Արցախում այսօր կայացած ընտրությունները դատապարտել են Ադրբեջանն ու նրա սերտ դաշնակից Թուրքիան։

«Ադրբեջանի ինքնիշխան տարածքների վրա ստեղծված անջատողական ռեժիմը ձգտում է շարունակել իր գոյությունը Հայաստանի ռազմական, քաղաքական, ֆինանսական և այլ աջակցության շնորհիվ», - հայտարարել է պաշոնական Բաքուն։

Եվրամիությունն իր հերթին նշել է, որ չի ճանաչում ԼՂ նախագահական ընտրությունների «սահմանադրական և իրավական շրջանակը», միաժամանակ ընդգծել, թե Եվրամիությունը կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որն «ի վիճակի է և ցանկանում է մասնակցել Բաքվի հետ արդյունքներին միտված քննարկումներին»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG