Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանը պնդում է՝ մթերք ստանալու են միայն Լաչինով, Բաքուն ալյուր է ուղարկում Աղդամով


Մինչ երեկ կեսգիշերին Արցախի նախագահը Ստեփանակերտում հավաքված ցուցարարներին վստահեցնում էր, որ միայն Լաչինի միջանցքով են պատրաստ հումանիտար բեռներ ստանալ, Բաքվից այսօր վաղ առավոտյան հայտարարեցին, թե Ադրբեջանը Կարմիր Մահիկի միջնորդությամբ երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով: Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են բեռնատարները ճանապարհ ընկնում։

Բաքուն, սակայն, չի հստակեցնում՝ արդյո՞ք նախապես համաձայնություն է ձեռք բերել Արցախի իշխանությունների հետ՝ բացել Աղդամի ճանապարհը, որտեղով էլ ծրագրում են բեռը հասցնել Արցախ։ Ադրբեջանի Կարմիր Մահիկի ընկերության նախագահ, Մեջլիսի պատգամավոր Նովրուզ Ասլանը միայն ասել է, թե դրական արձագանք են ակնկալում Ղարաբաղի հայերից, հավելելով, որ առաջիկայում ալյուրից բացի այլ անհրաժեշտ ապրանքներ էլ կարող են մատակարարել։

Ստեփանակերտից արձագանքը չուշացավ։ Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտարարեց՝ Բաքուն խնդիրը լուծելու փոխարեն այն ավելի է խորացնում, այնպես որ, եթե Ադրբեջանն իրոք հետաքրքրված է Արցախի ժողովրդի հումանիտար աղետի վերացմամբ, ապա պետք է չարգելի Լաչինի միջանցքով մատակարարումների վերականգնումը, ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի` սահմանված ռեժիմի վերագործարկման խնդիրը եղել և մնում է առաջնահերթ, և ադրբեջանական կողմի հետ որևէ երկխոսություն պետք է ծավալվի նախ և առաջ այդ հարցի շուրջ։ Միջանցքը պետք է ազատ և անխափան գործի ինչպես մարդկանց, այնպես էլ բեռների ու մեքենաների երկկողմանի տեղաշարժի համար», - ընդգծեց Ավանեսյանը:

Երեկ ուշ երեկոյան Արցախի նախագահը քաղաքական ուժերի, Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ ժամեր շարունակ քննարկել է ստեղծված իրավիճակը։

Կեսգիշերն անց դիմելով Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախում սով է, հղի կանայք կորցնում են իրենց չծնված երեխաներին, ամեն երրորդ մահն այսօր թերսնման հետևանք է։ Հետևաբար, Հարությունյանի խոսքով, շատ կարճ ժամանակում պետք է լուծեն հացի խնդիրը: Հենց այս վերջին հայտարարությունն առաջ է բերել ցուցարարների վրդովմունքը։

«Շատ երկար ենք քննարկել, 6 ժամ, բայց միասնական որոշում չենք կայացրել։ Բայց ես որպես երկրի նախագահ պարտավոր եմ այդ որոշումը ասել։ Եթե չհարգվի ժողովրդի կողմից, ապա դա այլ հարց է», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ նշելով․ - «Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»:

Հարությունյանն ի վերջո վստահեցրեց՝ գործելու է մեկ ճանապարհ՝ դա Լաչինով ճանապարհն է։ «Ուրիշ տեղով մթերք չենք բերելու», - խոստացավ Արցախի նախագահը։ Սա թերևս նրա միակ հայտարարությունն էր, որը հավաքված ժողովուրդը ողջունեց ծափահարություններով։

«Ճանապարհի հետ կապված՝ ճանապարհը գործելու է մի հատ ճանապարհ՝ դա Լաչինով ճանապարհն է, ուրիշ տեղավ պրադուկտը պիրելու չինք», - հայտարարեց Արցախի նախագահը:

«Եթե պետք է, հրաժարական տամ». Արայիկ Հարությունյան

Վրդովված ցուցարարների հետ հանդիպմանը Արայիկ Հարությունյանը բարձրացրեց նաև իր վստահության հարցը՝ «ինձ հավատո՞ւմ եք, թե՞՝ չէ», ինչին ի պատասխան շատերը գոռում էին՝ «ո՛չ».... Նրա ելույթը պարբերաբար ցուցարարներն ընդհատում էին սուլոցներով.

«Ինձ հվատում ե՞ք, թա չէ»: - «Չէ՛»...

Արայիկ Հարությունյանն ասաց, որ երեկ մինչև ուշ գիշեր քննարկվել է նաև նախագահի պաշտոնում իր մնալ- չմնալու հարցը: «Մի քանի օր առաջ էլ եմ ուզել հրաժարական տալ», - ասաց Արցախի նախագահը՝ մանրամասնելով, թե հարցը կորոշվի առաջիկա օրերին, և եթե պետք է, հրաժարական կտա ու աշխարհազորի հետ միասին դիրքերում կկանգնի։

«Եթե պետք է, ես հրաժարական տամ, ես գալու եմ աշխարհազորի հետ միասին պոստ կանգնեմ», - հայտարարեց Հարությունյանը:

Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն իր բեռը Աղդամով մտցնի Ստեփանակերտ. ընդդիմադիր պատգամավոր

Արդյո՞ք երեկ ուշ երեկոյան խորհրդարանում տեղի ունեցած քննարկմանը Արայիկ Հարությունյանը խոսել է Աղդամով ադրբեջանական հումանիտար բեռներից, ինչի մասին այսօր հայտարարեց Բաքուն։ Հանդիպմանը մասնակցած ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն «Ազատությանն» ասաց, թե նման բան չի եղել։ Սա ընդամենը Ադրբեջանի հերթական անակնկալն է։ Ադրբեջանն իր այս քայլով ընդամենը ուզում է ցույց տալ, որ Լաչին-Ստեփանակերտ և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհները նույնական են, և եթե այնտեղ Լաչինով Հայաստանն ու Ֆրանսիան ցանկանում են բեռներ ուղարկել, նույնը ինքը կարող է անել Աղդամի կողմից։ Արցախցի ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, սակայն, որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանն իր բեռը Աղդամով մտցնի Ստեփանակերտ, հակառակ դեպքում դա Արցախի հիմնահարցի փակումը կլինի։

«Շատ ավելի վաղ Հայաստանի Հանրապետությունից 360 տոննա մարդասիրական կամ հումանիտար օգնությունը արդեն կանգնած է վաղուց Լաչինի միջանցքում: Հետևաբար՝ ինչո՞ւ նա մեկ ամսից ավել կանգնեց ու էդպես էլ չհասավ տեղ, բայց հիմա պիտի Ակնայից գա, այն էլ՝ ադրբեջանական ալյուրը, ու մենք այսպես ուրախ-զվարթ ընդունենք ու օգտագործենք: Չի՛ կարող լինել այդպիսի բան», - հայտարարեց Հակոբյանը:

«Նախընտրում եմ սոված մնամ, քան ադրբեջանցու այլուրը ուտեմ»

Մինչ կորոշվի Բաքվի ուղարկած 40 տոննա ալյուրի ճակատագիրը, արցախցիները սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում ու մերժում են ադրբեջանական ալյուրի ընդունումն ու օգտագործումը։

Ոմանք ավելի կոնկրետ քայլեր են ձեռնարկում։ Ասկերանցի Հերմինե Խաչատրյանը միայնակ հասել է այն հատված, ուր պետք է ժամանեն ադրբեջանական մեքենաները։ Հերմինեն ասում է՝ մինչև վերջ կանգնելու ու թույլ չի տալու, որ ադրբեջանցիների ալյուրը գա հասնի Ստեփանակերտ։

«Ես որպես զոհվածի քույր, որպես Ասկերան քաղաքի բնակչուհի, ես անձամբ մենակ վեր եմ կացել եկել եմ այստեղ, որպեսզի թողիմ վեչ վեր էս Ասկերանա ճանապարավը թորքին ալիրը կյա հասնի Ստեփանակերտ: Նախընտրում եմ սոված մնամ, քան թե թորքին ալիրը ուտիմ, ինձ դա պետքը չի», - հայտարարում է Խաչատրյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր ժամը 17-ի սահմաններում տեղեկացրեցին, որ Կարմիր Մահիկի բեռներն արդեն հասել են Աղդամ, մոտ երկու ժամ անց էլ՝ Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհ, և բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների հետ, որպեսզի թույլ տան անցկացնել բեռը:

XS
SM
MD
LG