Մատչելիության հղումներ

Չնայած արցախցիների մերժմանը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ 


Չնայած արցախցիները մերժում են Աղդամով ադրբեջանական օգնությունը, Բաքվից պնդում են՝ միևնույն է ալյուրը հասցնելու են Արցախ։

Ադրբեջանական Կարմիր մահիկի գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևն այսօր հայտարարել է, որ 40 տոննա ալյուրը Ստեփանակերտ հասցնելու հարցով բանակցությունները շարունակվում են, ադրբեջանական կողմը սպասում է պատասխանի։ Թե ում հետ են բանակցում, և ումից են պատասխան սպասում, Միրզոևը չի հստակեցրել։

«Արդեն չորս օր է՝ Աղդամ-Ասկերան-Խանքենդի ճանապարհին ենք, բանակցությունները շարունակվում են։ Մենք այստեղ կմնանք այնքան ժամանակ, մինչև մեր բեռները հասնեն հայ բնակիչներին», - ասել է նա։

Մինչ ադրբեջանցիները բանակցում են, Ասկերանի ճանապարհին արդեն 3-րդ օրը 24 ժամ հերթապահություն իրականացնող արցախցիները հակադարձում են՝ շարունակելու են փակ պահել ճանապարհը այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիները իրենց ալյուրով հանդերձ չեն հեռացել։ Արցախցիները կտրականապես մերժում են Ադրբեջանից որևէ սննդամթերքի ներկրում, ինչպես նաև Աղդամի ճանապարհի գործարկումը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը. - «Չպիտի թուրքը Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործի, իբր իրենք մեր մասին մտածում են, իբր բարեգործություն են անում, հումանիտար բեռ են տեղափոխում, մենք իրենց կարիքը չունենք»։

«Մեզ ոչ օգնություն է պետք իրենցից, մանավանդ այս ծանր իրավիճակում թող տեսնեն բոլորը, որ մենք այս ծանր իրավիճակում էլ կարում ենք պայքարենք, մեզ պետք չի իրենց ալյուրն էլ, ինչ սնունդ էլ լինի, պետք չի», - հավելեց մյուսը։

Ասկերանի ճանապարհին հավաքված մարդիկ վստահ են, եթե ռուս խաղաղապահները ցանկանան, կբացեն Լաչինի ճանապարհը, ինչպես, օրինակ, այժմ թույլ չեն տալիս, որ ադրբեջանական 2 բեռնատարները մտնեն Ասկերան։

«Եթե Բերձորի ճանապարհը կալիդորը փակ է հիմա, ռուսը չի կարում պահի, Ադրբեջանը փակել է, բայց այստեղ այդ նույն հաջողությամբ եկել է, որ մտնի, ռուսը փակում է, էդ ո՞նց հասկանանք, ռուսը ստեղ կարում է փակի, էնդեղ չի՞ կարում բացի», - հարցնում են արցախցիները։

Դեռ օգոտսոտի 29-ից Ասկերանի ճանապարհին բողոքի ակցիա անող արցախցի Հերմինե Խաչատրյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ գիշերը հանգիստ է անցել, ադրբեջանական կողմում ակտիվություն չեն նկատել. - «Իրանց կողմից ոչ մեկը չենք թողել մտնի, այստեղ խաղաղ է, մեր տղաներն են հերթապահություն կատարում։ Ոչ մի բան չկա, լռություն է, հանգիստ է։ {Մնալու ենք}, մինչև մենք մեր նպատակին հասնենք, որ էդտեղից թողնեն, իրենց մեքենաներն, իրենց զիբիլը հավաքեն, գնան, մինչև կառավարությունն էլ մի բան անի մեզ համար, մի օգուտ բերի մեզ»։

Ասկերանի ճանապարհին հերթապահություն անցկացնող արցախցիները ռուս խաղաղապահներին զգուշացրել են՝ եթե թույլ տան ադրբեջանական բեռնատարներին մուտք գործել Արցախ, ապա ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է հենց խաղաղապահների վրա. - «Իշխանությունների ներկայացուցիչներին ասել ենք, որ եթե հանկարծ ինչ-որ հարցով իրենք ուզենան բացել էլ, հայ ազգում ինչքան իշխանություն կա, սաղն էլ համաձայնեն բացել, մենք ժողովուրդս չենք հելնում այստեղից, չենք բացում, եթե պետք է, թող գան, մեր վրայով անցնեն, բացեն»։

Ասկերանի ճանապարհը փակած արցախցիները՝ ադրբեջանական դիտարկման տակ

Ի դեպ, ադրբեջանցիները օդից տեսանկարահանել են Ասկերանի ճանապարհը փակած արցախցիներին։ Ադրբեջանական լրատվամիջոցների այսօր տարածած կադրերում պարզ երևում է, թե քանի ավտոմեքենա կա, քանի վրան, մարդիկ ինչպես են տեղաշարժվում և այլն։

Տեսանյութը վերնագրված է հետևյալ կերպ՝ «անջատողականները փակել են ճանապարհը, որպեսզի թույլ չտան 40 տոննա ալյուրի տեղափոխումը Ստեփանակերտ»։ Տեսանկարահանելուն զուգահեռ ադրբեջանցիները նաև Աղդամից Ստեփանակերտ տանող ճանապարհի լուսավորության հարցերն են լուծում։ Այսօր տարածած մեկ այլ տեսանյութում ադրբեջանցիները պնդում են, թե արդեն լուսավորել են Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։

«Եվրամիությունը խորապես վստահ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի». Շառլ Միշել

Մինչ Բաքուն փորձում է ամեն կերպ Աղդամով Ստեփանակարետ մտցնել իր ալյուրը, իսկ արցախցիներն էլ դիմադրում են, Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակին է անդրադարձել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ առաջարկելով Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման քայլ առ քայլ մոտեցում։

«Եվրամիությունը խորապես վստահ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի, իսկ Աղդամի ճանապարհով ապրանքների մատակարարումը կարող է նաև լինել հիմնական կարիքների հրատապ և ամենօրյա ապահովման կոնկրետ և կայուն լուծման մաս»,- ասել է հայ - ադրբեջանական բանակցությունների միջնորդ Շառլ Միշելը։

XS
SM
MD
LG