Մատչելիության հղումներ

ՌԴ-ը, ԱՄՆ-ը, ԵՄ-ը պետք է համոզեն Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից․ Ալիևի դեսպան


Արցախցիները փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, 31-ը օգոստոսի, 2023թ.
Արցախցիները փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, 31-ը օգոստոսի, 2023թ.

Արցախի պաշարման և տեղում հումանիտար վատթարացող ճգնաժամի վերաբերյալ Բաքվի հասցեին Բեռլինի կոշտ հայտարարությունից հետո Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը գործուղվել է Գերմանիայի մայրաքաղաք։ Էլչին Ամիրբեկովի խոսքով՝ իր այցի նպատակը գերմանացի գործընկերներին խաղաղ գործընթացը փրկելուն ուղղված ադրբեջանական կողմի քայլերը ներկայացնելն է:

Գերմանական Deutsche Welle-ի հետ զրույցում ադրբեջանցի պաշտոնյան Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը կոչ է արել համոզել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին օգտվել Աղդամի ճանապարհից, կրկնելով իր վերադասի հայտարարությունը պնդել է՝ հակառակ դեպքում խոսքը ոչ թե հումանիտար ճգնաժամի, այլ քաղաքական շահարկումների մասին է:

Չնայած Լաչինի միջանցքն ապաշրջափակելու միջազգային հանրության շարունակական կոչերին, Արդարատության միջազգային քրեական դատարանի վճռին, Ադրբեջանի ներկայացուցիչը վերստին հայտարարել է՝ այդ ճանապարհը բաց է, հումանիտար ճգնաժամի, սովի մասին պնդումները՝ անհիմն։ Որպես ապացույց նա ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժն է մատնացույց արել, որոնք թեև ոչ ամենօրյա ռեժիմով են ծանր հիվանդներ Հայաստանի բուժհաստատություններ տեղափոխում, այդուհանդերձ, Ամիրբեկովի պնդմամբ, «օրվա ընթացքում երկու ուղղություններով գնում-գալիս են»:

«Հակառակ ուղղությամբ այդ մեքենաները մարդկանց համար մանկական կեր, դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են հասցնում։ Դրան համաձայնել է Ադրբեջանի կառավարությունը, որը հոգ է տանում իր բնակչության համար», - հավաստիացրել է Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը, որի կարծիքով՝ Արցախի բնակչությունն իր քաղաքական ղեկավարության ձեռքում «պատանդ է»։

«Մենք փորձում ենք կապ հաստատել Ղարաբաղում ապրող ծագումով հայ բնակչության հետ , որպեսզի ապահովենք նրանց վերաինտեգրումը Ադրբեջանի քաղաքական, տնտեսական և սոցիալական կյանքին։ Ադրբեջանական կողմը պատրաստ է ավելացնել Լաչինի ճանապարհով տեղաշարժը, այնտեղ որևէ շրջափակում չկա, կա սահմանափակ հասանելիություն», - ասել է ադրբեջանցի դիվանագետը՝ որևէ կերպ չհիշատակելով Լաչինի միջանցքից Արցախի քաղաքացիների առևանգման, դիակների տեղափոխման արգելքների, ադրբեջանական անցակետը հատող ծանր հիվանդներին ադրբեջանցի լրագրողների կողմից թիրախավորելու դեպքերի մասին։

Միաժամանակ, Ամիրբեկովը ստիպված խմբագրել է իր իսկ կողմից կիրառվող «սեպարատիստ» ձևակերպումը Ղարաբաղի բնակչության մասին խոսելիս։ Լրագրողի ճշտող հարցին նա արձագանքել է, թե նկատի ունի բացառապես Ղարաբաղի առաջնորդներին, այլ ոչ թե ժողովրդին:

Դեկտեմբերի 12-ից՝ նախ այսպես կոչված էկոակտիվիստների օգնությամբ, ապա անցակետի տեղադրմամբ Լեռնային Ղարաբաղը պաշարած Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն Արցախի իշխանություններին է մեղադրել հումանիտար ճգնաժամի համար, վստահություն հայտնելով, թե տեղի բնակչության մեծամասնությունը կողմ է Աղդամով ադրբեջանական օգնությունն ընդունելուն։ Թե ինչպիսի փաստերի վրա է հիմնված իր այդ համոզմունքը, Ամիրբեկովը չի հստակեցրել։

«Այդ մարդիկ վախեցած են , նրանք զրկված են արտահայտվելու իրավունքից», - պնդել է ադրբեջանցի պաշտոնյան, որի երկիրը, ըստ միջազգային իրավապաշտպան կառույցների, ոչ միայն աշխարհի բազմաթիվ երկրների, այլև հենց Լեռնային Ղարաբաղին է զիջում ազատությունների առումով:

Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանը Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքներով չի սահմանափակվել, նա նաև Հայաստանի ղեկավարությանն է մեղադրել Բաքվի հետ պայմանավորվածությունները խախտելու, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տապալելու փորձերի, Ադրբեջանի դեմ հակաքարոզչության մեջ, անընդունելի է համարել նաև Հայաստանի պետական բյուջեից Արցախին ֆինանսական աջակցություն տրամադրելը։ Չնայած հայկական կողմի հերքումներին՝ նա կրկին պնդել է, թե Հայաստանը դեռ դուրս չի բերել իր 10 հազար զինվորականներին Ղարաբաղից և շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքները:

Լրագրողի հարցին, թե որքանո՞վ է մեծ տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը, ադրբեջանցի պաշտոնյան պատասխանել է՝ չի ուզում նույնիսկ պատկերացնել, և պետք է ամեն ինչ անել նման սցենարը բացառելու համար։ Ամիրբեկովի խոսքով, այդուհանդերձ, կան ուժեր, որոնք խաթարում են խաղաղությունը. փակագծեր նա չի բացել, բայց խոսքերից պարզ է դառնում, որ նկատի չունի Ադրբեջանը, որն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG