Մատչելիության հղումներ

Ադրբեջանը նվաստացուցիչ «մարդասիրություն» է փորձում մատուցել արցախցիներին․ պետնախարար


Ադրեջանն Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացնում է նրան ֆիզիկապես ոչնչացնելու, Արցախից վտարելու, իսկ մնացածներին էլ հարկադրաբար հպատակեցնելու ծրագիր, այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

Ընդգծելով, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Արցախում դիտավորությամբ ստեղծել է հումանիտար ճգնաժամ, փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, այդ ընթացքում կազմակերպել սպանություններ, սպանության փորձեր, գույքի ոչնչացման և վնասման դեպքեր, կիրառել ռազմական ուժ, ցուցադրել դրա կիրառման սպառնալիք և այդ ամենին զուգահեռ սկսել պարտադրել հումանիտար օգնություն՝ իր «ձեռքից» ու իր առաջարկած ճանապարհով՝ Արցախի պետնախարարը նշում է՝ մարդուն չի կարելի պարտադրել գոյության միջոցներ ստանալ մեկից, ով բացահայտորեն սպանում կամ սպառնում է սպանել այդ մարդուն:

«Այդպիսի երևույթները հատուկ էին միայն ստրկատիրական հասարակարգերին», - նշում է պետնախարարը:

Վկայակոչելով Քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիան՝ Ներսիսյանը նկատում է՝ կոնվեցիան երաշխավորում է առանց խտրականության մարդասիրությունը և հակառակը՝ արգելում նվաստացուցիչ, վիրավորական և մարդկային արժանապատվությունը ստորացնող մարդասիրությունը:

Իսկ այսօր Ադրբեջանը, պետնախարարի խոսքով, հարկադրանքի, բռնությամբ ու բռնության սպառնալիքի գործադրմամբ հենց այդպիսի «մարդասիրություն» է փորձում մատուցել Արցախի ժողովրդին։

Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում ժգնաժամը ժամ առ ժամ խորանում է։ 120 հազար մարդ կանգնած է սովի վտանգի առաջ։ Հայաստանը հուլիսի 26-ին մոտ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Օգնությունը դեռ տեղ չի հասել․ բեռնատարներն անցել են հայկական անցակետն ու արդեն երկու շաբաթ է կանգնած են Կոռնիձորում՝ Հակարիի կամրջի սկզբնամասում։

Ըստ պաշտոնական Երևանի՝ Ադրբեջանը թույլ չի տալիս բեռների մուտքն Արցախ Լաչինի միջանցքով։ Բաքուն Երևանի՝ Արցախին հումանիտար օգնություն ուղարկելու քայլը սադրանք է որակել, մեղադրելով, թե Երևանը առանց իր հետ համաձայնեցնելու ավտոշարասյուն է ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության՝ սա «ոտնձգություն» է իր տարածքային ամբողջականության հանդեպ։ Լաչինի միջանցքը դեկտեմբերից փակած Բաքուն առաջարկում է Աղդամով հումանիտար օգնություն տրամադրել արցախցիներին՝ միաժամանակ հայտարարելով, որ «հայկական կողմը կտրականապես մերժում է այս առաջարկը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG