Մատչելիության հղումներ

Սամվել Շահրամանյանն ընտրվեց ԼՂ նախագահ


Լուսանկարն՝ «Արցախպրես»-ի
Լուսանկարն՝ «Արցախպրես»-ի

Արցախի Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստում, գաղտնի քվեարկությամբ, Սամվել Շահրամանյանն ընտրվեց Արցախի նախագահ։

Ըստ Արցախի խորհրդարանի՝ քվեարկությանը մասնակցել է 23 պատգամավոր։ Շահրամանյանն ընտրվել է ձայների 22 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ։

Նախքան քվեարկությունը Շահրամանյանն իր ելույթում հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը հետպատերազմյան իրողությունների հաշվառմամբ վերանայելով իր անվտանգային հայեցակարգը, փաստացի հետ է կանգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր բազմամյա առաքելությունից և որդեգրել է խաղաղության օրակարգ անունով մի մոտեցում, որի առանցքն է կազմում Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչելը, ներառյալ Արցախը, պայմանով, որ ապահովված լինեն արցախահայության հիմնական իրավունքներն ու ազատությունները»:

Ադրբեջանն էլ, ըստ նախագահի թեկնածուի, օգտվելով նշված, ինչպես նաև միջազգային դերակատարների առարկայական քայլեր չկատարելու փաստից, աստիճանաբար խախտում է 2020 թվականի նոյեմբերի 09-ի եռակողմ հայտարարության դրույթները և մեծացնում ճնշումն Արցախի վրա՝ իր իսկ կողմից հռչակված «ինտեգրման» օրակարգը կյանքի կոչելու նպատակով:

Նշելով, որ միաժամանակ, Ադրբեջանը շարունակում է բոլոր միջազգային հարթակներում թմբկահարել, որ արցախյան հակամարտությունն արդեն իսկ լուծված է, Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի, իսկ տեղաբնակ հայերի իրավունքների և ազատությունների ապահովման խնդիրը իր երկրի ներքին հարցն է, իսկ աշխարհաքաղաքական կենտրոններն առայժմ բավարարվում են միայն մտահոգությունների, հորդորների և կոչերի օրեցօր մեծացող ծավալով՝ Շահրամանյանն արձանագրեց՝ միջազգային իրավունքի շրջանակներում արցախահայության իրավունքներն ու օրինական շահերը չեն պաշտպանվում և Արցախի համար այլ տարբերակ չեն թողնում քան ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ։

«Չնայած ՌԴ-հավաքական արևմուտք հակամարտության ու կողմերի հակադիր դիրքորոշումներին, պետք է արձանագրել, որ Արցախյան հակամարտության վերաբերյալ աշխարհում ձևավորվել է կոնսենսուս հետևյալ հարցերի շուրջ՝ Արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, ինչպես պնդում է Ադրբեջանը, հետևաբար Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է վիճելի տարածք, որը պետք է ստանա որոշակի կարգավիճակ, Արցախն ու Հայաստանը պետք է ունենան ուղիղ տրանսպորտային հաղորդակցություն՝ Լաչինի միջանցք։ Վերջինս ի հակառակ Բաքվի պնդումների՝ արդեն տևական ժամանակ է փակ է և պետք է բացվի։ Պետք է գործարկվեն նաև տարածաշրջանային այլ ճանապարհներ ևս, սական դրանք չեն կարող փոխարինել Լաչինի միջանցքին, կամ դիտվել դրան այլընտրանք, Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ։ Ընդ որում, այս հարցում, թե ՌԴ-ն և թե հավաքական արևմուտքը պատրաստ են տրամադրել հարթակ և հանդես գալ միջնորդի դերում, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը», - հայտարարեց Շահրամանյանը՝ շեշտելով՝ ապագա Նախագահի համար պետք է առաջնահերթություն լինի Ստեփանակերտը Արցախյան հակամարտության կարգավորման օբյեկտից, բանակցությունների սուբյեկտ դարձնելը՝ բանակցությունների ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ՝ երկկողմ։

«Միակ պարտադիր պայմանը պետք է լինի բանակցությունների կազմակերպումը երրորդ երկրի կողմից՝ ձեռք բերվելիք պայմանավորվածությունների կատարմանը նրա տրամադրած երաշխավորությամբ», - ասաց Արցախի նախագահի թեկնածուն։

Պետք է քայլեր ձեռնարկել պետության քունքին դրված հրազենը հեռացնելու և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար, հայտարարեց Շահրամանյանն՝ ընդգծելով՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի առարկայական բանակցություններ վարել։

«Հետևաբար, մեր առաջնահերթություններից է հասնել Լաչինի միջանցքով անվտանգ երթևեկության, գազի և էլեկտրականության կանոնավոր մատակարարումների վերականգնմանը, գյուղատնտեսական աշխատանքների անվտանգ իրականացման ապահովմանը և այլ կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը։ Նշվածներն իրականացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ», - ասաց Շահրամանյանը։

Արայիկ Հարությունյանը հրաժարական ներկայացրեց սեպտեմբերի 1-ին։ Նրա հրաժարականից հետո Սահմանադրության փոփոխություններով նոր նախագահին Ազգային ժողովն է ընտրում։

5 խմբակցություններից 4-ի, այդ թվում՝ իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ի նախագահի թեկնածուն նախկին նախագահի վերջին հրամանագրով պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանն էր։

Խմբակցություններից միայն «Միասնական հայրենիք» էր այլ թեկնածու առաջադրել՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար, կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանին, սակայն նրա թեկնածությունը մերժվել էր վերջին տասը տարում Արցախի քաղաքացիության ու մշտական բնակության մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

XS
SM
MD
LG