Մատչելիության հղումներ

Ընդդիմությունից ովքեր և ինչ օրակարգով են գնում նոր խորհրդարան

Ընդդիմության դատարկ տեղերը Ազգային ժողովում, արխիվ
Ընդդիմության դատարկ տեղերը Ազգային ժողովում, արխիվ

Նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը չի վերցնի պատգամավորական մանդատը, ինչպես 2021-ի ընտրություններում, «Ազատությանը» փոխանցեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորի թեկնածու Ագնեսա Խամոյանը:

Իսկ ցուցակում ընդգրկված հաջորդ 12 թեկնածուները կվերցնեն մանդատները. այս տեղեկությունն էլ հայտնեց ընդդիմադիր Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակի երկրորդ համարն է:

«Ինքնաբացարկի որոշում որևէ մեկի մասով չունենք», - ասաց Սաղաթելյանը:

12-հոգանոց նոր խմբակցության գերակշիռ մասը՝ 10 անդամները 8-րդ գումարման պատգամավորներ են, նրանց թվում է նաև Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը ևս կլինի հաջորդ խորհրդարանում: Նորեկները Էջմիածնի ավագանու անդամ Սևակ Խաչատրյանն ու Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունից Մեսրոպ Մանուկյանն են:

Ի դեպ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատած, նախկին մի քանի գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանը խոստացել էր հրաժարվել մանդատից, եթե ինքը լինի ընդդիմություն, Նիկոլ Փաշինյանը՝ իշխանություն: Այսօր Ֆեյսբուքում հայտարարել է՝ վերցնում է:

«Խոսքը խոսք է, բայց ավելի կարևոր է պարտքի գիտակցումը։ Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ: Հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի և Նարեկ Կարապետյանի կողքին», - գրել է Վարդանյանը:

Չնայած Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ընդդիմության լիդերի կարգավիճակին, 29 մանդատ ստացած «Ուժեղ Հայաստան»-ը ևս խորհրդարան գնալու որոշում կայացրեց: Հաջորդ խորհրդարանի ընդդիմադիր ամենամեծ ուժը, սակայն, չի շտապում իր կազմը հրապարակել:

«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի ոչ անցողիկ տեղերի 105 թեկնածուների ինքնաբացարկի մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, առաջին 29 թեկնածուներից միայն մեկն է մանդատից հրաժարվելու մասին հայտնել՝ Արթուր Դանիելյանը: Թեկնածուներից Էդգար Ղազարյանն էլ էր միայն նրա որոշումից տեղյակ:

«Ցուցակի առաջն 29 համարից թե ովքեր կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ, եթե կներկայացնեն, դա արդեն անհատական որոշումների տիրույթում է, այլ ոչ թե քաղաքական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Ի՞նչ օրակարգով են ընդդիմադիրները գնում Ազգային ժողով: «Այդ քաղաքական օրակարգը Նիկոլ Փաշինյանին և իր խմբակին իշխանությունից հեռացնելն է. մենք էդ օրակարգով ենք մասնակցել ընտրություններին, ստացել ենք ժողովրդի վստահությունը, մեզնից գողացվել են քվեներ, և մեզ հաջողվել է մի մասը ստանալ մեր քվեների, և այդ մասը, պարտավորությունը՝ կատարելու մեր պարտականությունները, մեր խոստումները ընտրողների առջև», - նշեց Էդգար Ղազարյանը:

Թե՛ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան»-ը Փաշինյանի վարչախմբի հեռացման հարցն են բարձրացնում:

Առնվազն մեկ տարի անվստահության գործընթաց օրենքով չի կարելի նախաձեռնել, իսկ դրանից հետո՝ ընդդիմադիր երկու խմբակցության ձայները միասին չեն բավականացնում հարցն օրակարգ բերելու համար:

Իշխան Սաղաթելյանը կարծում է՝ նոր մարտահրավերներ են Հայաստանին սպասում, դրանց դեմը, կարծում է, խորհրդարան գնալով կարելի է առնել: Չգնալը ավելի թեթև ու անպատասխանատու ճանապարհ է համարում:

Նույն Դաշնակցությունը խորհրդարանական ուժ էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, նաև՝ Արցախի հայաթափման օրերին: Նրանց նախաձեռնած բողոքի տարբեր գործողություններ, ինչպես հայտնի է, իշխանափոխության չհանգեցրին՝ Փաշինյանը թե՛ 2021-ին, թե՛ այս տարի մնաց իշխանության:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իրենց գործիքակազմում նաև փողոցային պայքարն է լինելու:

«Իշխանությունը փորձելու է Ադրբեջանի պահանջով առաջիկայում փոխի Սահմանադրությունը: Մենք պետք է կարողանանք բոլոր հնարավոր քայլերով սրա դիմացը առնել», - ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ շարունակելով. - «Այս իշխանությունը գնալու է նոր զիջումների՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր տարածքներ է հանձնելու Ադրբեջանին՝ սահմանազատման-սահմանագծման անվան տակ, կամ մինչև այդ՝ անկլավների անվան տակ: Երկիրը կանգնեցնելու են նոր անվտանգային լրջագույն խնդրի առջև»:

Սաղաթելյանը պնդում էր՝ քննարկում են երկու ընդդիմադիր ուժերով համագործակցված քայլերը: Առանց մանրամասների մեջ մտնելու չհերքեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը ևս հանդիպել են:

«Կապ կա, աննորմալ կլիներ, եթե էդ կապը չլիներ, քննարկումներ կա, շփումներ կա՝ տարբեր մակարդակներով», - ասաց նա:

Ո՞ւմ են առաջադրելու պաշտոններում

Ինչ վերաբերում է պաշտոններում առաջադրումներին, օրենքով՝ ԱԺ մեկ փոխխոսնակի թեկնածուին կարող է առաջադրել միայն ընդդիմադիր խմբակցությունը:

«Ուժեղ Հայաստան»-ը փոխխոսնակի թեկնածու կառաջադրի՞, թե՞ ոչ, Էդգար Ղազարյանն ասաց՝ կորոշեն խմբակցության ձևավորումից հետո: Քաղաքական որոշում չունեն նաև՝ հանձնաժողովների նախագահների թեկնածուներ կառաջադրե՞ն, թե՞ ոչ. - «Մերը ՔՊ չի, էլի, որ դեռ Ազգային ժողովը չձևավորված՝ վարչության նիստերով սկսեն պաշտոնների բաշխում անել»:

Իշխան Սաղաթելյանն ասաց՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրի փոխխոսնակի թեկնածու, կպաշտպանեն. - «Երկու ընդդիմադիր ուժերով համագործակցելու ենք»:

Քոչարյանի առաջնորդած ուժը ևս դեռ չի որոշել՝ երբ իրենք հնարավորություն ունենան հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրել, ընդհանրապես կառաջադրե՞ն, թե՞ ոչ:

Թե քանի՞ հանձնաժողով կունենա հաջորդ Ազգային ժողովը, պարզ կդառնա օգոստոսի 2-ին մեկնարկող առաջին նստաշրջանի ընթացքում, դրանից հետո էլ կհաշվարկվի՝ իշխանությունն ու ընդդիմությանը հանձնաժողովի քանի՞ նախագահի թեկնածու կարող են առաջադրել:

«Էստեղ շատ էական հարցեր են. եթե էդ հանձնաժողովի նախագահը պետք է իրենց սրտի ուզած հանձնաժողովի նախագահը ձգտեն, կամ մեր թիմակիցների միջև տարբերություն դնեն, դա խնդիր է», - նշեց Իշխան Սաղաթելյանը:

Թե ովքե՞ր կղեկավարեն ընդդիմադիր խմբակցությունները, անուններ ո՛չ Սաղաթելյանը, ո՛չ Ղազարյանը չտվեցին՝ ասացին՝ որոշումը մանդատների բաշխումից հետո կհանրայնացնեն:

ՔՊ-ում սպասում են ընդդիմության հետ հանդիպմանը

Խորհրդարանում 64 մանդատ ստացած իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չեն թաքցնում՝ սպասում են ընդդիմության հետ հանդիպմանը:

«Բոլոր նրանք, ովքեր էս տարիների կամ ամիսների ընթացքում իրենց լեզվին ազատություն են տվել և հատել են մարդկային պարկեշտության բոլոր սահմանները, այ նրանց մենք առանձնահատուկ ոգևորությամբ ենք սպասում Ազգային ժողովում և քաղաքականապես ոչնչացնելու ենք», - հայտարարում է նոր Ազգային ժողովի նախագահի ՔՊ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:

Հաջորդ Ազգային ժողովի կազմը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհայտարարի՝ առաջիկա երեքշաբթի՝ ինքնաբացարկ հայտնելու վերջնաժամկետի հաջորդ օրը: Տեղեկությունների համաձայն՝ պաշտոնական արարողություն չի լինի, հաջորդ շաբաթվա մեջ մանդատները, ըստ ամենայնի, խորհրդարան անցած երեք քաղաքական ուժերի լիազոր ներկայացուցիչներին կփոխանցվեն:

«Հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի և այդ պահի դրությամբ արդեն ըստ ինքնաբացարկների կհաստատի արձանագրությամբ ապագա նոր գումարման խորհրդարանի առաջին կազմը», - հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG