Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները վերցնում են մանդատները

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած «Հայաստան» և Ուժեղ Հայաստան» դաշինքները վեցնում են ԱԺ մանդատները:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն այսօր հայտարարեց. «Կարծում ենք՝ առաջիկա ծանր պայքարում պարտավոր ենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները՝ իշխանության հակապետական ծրագրերի դեմ պայքարելու համար։ Մանդատը զենք է, և դրանից կամավոր հրաժարվելը կլինի անպատասխանատվություն մեր պետության և մեր ընտրողների հանդեպ»:

ԱԺ մանդատները վերցնելու մասին նախօրեին էլ հայտարարեց Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքը:

«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Կարապետյանը միևնույն ժամանակ ընդգծել էր, թե մանդատների վերցնելը չի նշանակում Ազգային ժողովում «այս համամասնության լեգիտիմության ճանաչում»:

«Մենք չենք ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կազմով ներկայացվածությունը Ազգային ժողովում»,- հայտարարում է «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 64 մանդատով, «Ուժեղ Հայաստանը»՝ 29 մանդատով և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատով:

Մեկ շաբաթ քննելով ընդդիմադիրների դիմումները՝ Սահմանադրական դատարանը օրերս մերժեց դրանք և ուժի մեջ թողեց հունիսի 7-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը: Այս որոշման հրապարակումից հետո՝ ընդդիմադիր 5 ուժեր հայտարարեցին՝ «Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»:

XS
SM
MD
LG