Մատչելիության հղումներ

Զանգվածային ընտրախախտումնե՞ր, թե՞ մաքուր ընտրություններ. ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 1-ը հուլիսի, 2026թ.
Սահմանադրական դատարանի նիստը, Երևան, 1-ը հուլիսի, 2026թ.

Ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով նիստերի վեցերորդ օրը Սահմանադրական դատարանն ավարտեց քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ: ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. - «Սույն գործով որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը օրվա վերջ»:

Դատաքննության վերջին օրը կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով: Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները վիճարկում են յոթ ուժեր, որոնցից մեկը՝ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Նոր ուժ»-ը, չմասնակցեց դատաքննությանը:

«Բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները», - պնդում են դիմողները

Մյուս վեց ուժերը, այդ թվում՝ խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքներն ու մի քանի տասնյակ ձայնով դուրս մնացած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այսօր պնդեցին՝ Բարձր դատարանը պետք է անվավեր ճանաչի ընտրությունները, քանի որ ընտրական ամբողջ գործընթացում արձանագրվել են խախտումներ՝ վարչական ռեսուրսից մինչև ընտրակաշառք:

«Մենք հիմնավորեցինք, որ վարչական ռեսուրսի չարաշահում եղել է անասելի, դրա վերաբերյալ ներկայացրեցինք կրկին դատական ակտեր, փաստահեն պնդումներ: Մենք հիմնավորեցինք, որ սույն ընտրական վեճի, ընտրական գործընթացի, ընդհանրապես ընտրական այս գործընթացի շրջանակներում լիազոր մարմինը ունեցել է անկախության դեֆիցիտ», - հայտարարեց «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան, հունիս, 2026թ.
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան, հունիս, 2026թ.

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի ներկայացուցիչն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։

«Արդյո՞ք կարող էինք նաև մենք՝ որպես ընտրություններին մասնակցող ուժ, ևս փետրվարի 7-ին հաջորդած ժամանակահատվածում, օրինակ, նպաստները բարձրացնեինք։ Կարո՞ղ էինք, թե՞ ոչ: Թե՞ դրա մենաշնորհը պատկանում էր մեկ կուսակցության: Պատասխանը ակնհայտ է՝ այն պատկանել է միայն «Քաղաքացիական պայմանագրին», - ասաց Վարդևանյանը՝ հավելելով, թե կենսաթոշակներին ավելացված 10 հազար դրամը էական ազդեցություն թողնում է ընտրողների կամքի վրա, և «այո, դա փաստացի ընտրակաշառք է»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչն ընդգծեց՝ «սա ընտրություն չէր»: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ խախտումները եղել են համակարգված ու համատարած:

«Խախտումները եղել են համակարգված, զանգվածային և պարբերական բնույթ՝ ուղղորդված կենտրոնական իշխանության, քաղաքական իշխանության կողմից, և այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ մակարդակին բավարարող, լեգիտիմության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը և հանրությանը հանգիստ մնալու», - պնդեց Մինասյանը:

«Հայաստան» դաշինքի մյուս ներկայացուցիչը՝ փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ, անդրադառնալով իշխող ուժի նախընտրական ծախսերին, հայտարարեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առհասարակ չպետք է թույլատրեր «Քաղաքացիական պայմանագրի» մասնակցությունը ընտրություններին։

«Ընտրական գործընթացներում երկու մաթեմատիկա կա, երկու հաշվարկային բազա կա՝ մեկը քվեների հաշվարկն է, մյուսը՝ նախընտրական հիմնադրամի ծախսերը: Եվ օրենքը հստակ է նախատեսել, էստեղ ազդեցության գնահատման խնդիր էլ չկա՝ ծախսը գերազանցեց՝ կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից: Մեր ներկայացրած տվյալներով հիմնավորվում է, որ 960 միլիոն դրամի ծախսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գերազանցել է, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առհասարակ չպետք է թույլատրեր կուսակցության մասնակցությունը ընտրություններին», - հայտարարեց Խուդոյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն էլ հայտարարեց, թե Սահմանադրական դատարանը պետք է ոչ միայն անվավեր ճանաչի ընտրությունը, այլև ինքը սահմանի մանդատների բաշխման կարգը։ Օրբելյանը հիշեցրեց քվեարկության ավարտից հետո ԲՀԿ-ի շուրջ ծավալված իրադարձությունները. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվեց վերաքվեարկություն նշանակել արդյունքներն անվավեր ճանաչված տեղամասերում, ինչից հետո մեծահարուստ գործարար Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը չհաղթահարեց անցողիկ շեմը:

«Մենք խոսում ենք ոչ թե նրա մասին, որ սխալ են հաշվել, այլ հաշված է եղել ճիշտ, սխալ է փոխանցվել աղյուսակին: Այ սա շատ ֆունդամենտալ խնդիր է՝ մի բան է, երբ մենք հաշվարկի ժամանակ ընտրատեղամասում սխալ ենք հաշվում, դրա գործիքը վերահաշվարկն է, մի բան է, որ ճիշտ հաշվել ենք, արձանագրությունը ճիշտ գրել ենք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարողանում էդ թվերը ինչ-որ ձևով մուտք անի», - հայտարարեց Օրբելյանը՝ շարունակելով. - «Ինչի՞ եմ սա ասում կարևոր է՝ որովհետև եթե ճիշտ հաշվեր, ամսի 8-ին ասելու էր՝ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը»:

«Հանձնաժողովը գործել է իրավաչափ», - պնդում է ԿԸՀ նախագահը

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ՍԴ-ում, հունիս, 2026թ.
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ՍԴ-ում, հունիս, 2026թ.

Բարձր դատարանում պատասխանող ճանաչված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, որ այս վեց օրերի ընթացքում բազմիցս հակադարձել է ընդդիմադիրներին, այսօր էլ պնդեց՝ հանձնաժողովը գործել է իրավաչափ, ու խնդրեց մերժել բոլոր դիմումները և ուժի մեջ թողնել քվեարկության արդունքները հաստատող որոշումը:

«Եվ այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի բոլորը տեսագրված է, մեր, ըստ էության, կյանքն է նույնիսկ օնլայն ռեժիմում, 2005 տեղամասում ընտրությունները անցկացվել են, ամեն ինչ կա, կարելի է գալ կանգնել Սահմանադրական դատարանում և ասել՝ մասսայական կեղծիքներ: Լավ, տաս չէ, գոնե հինգ փաստ», - հայտարարեց Վահագն Հովակիմյանը:

«Ի՞նչ պետք է աներ Կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը», - հարցնում է Գալյանը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, արխիվ
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյան, արխիվ

Դատարանում երրորդ կողմ ճանաչված «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, որ համակարծիք էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ, իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ դիմումատուները չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։

«Դիմողները պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրսը, բայց երբ փորձում ենք հասկանալ այդ պնդման բովանդակությունը, պարզվում է, որ դրա տակ հիմնականում դրվում է Կառավարության բնականոն գործունեությունը։ Ի՞նչ պետք է աներ Կառավարությունը, դադարեցնե՞ր իր գործունեությունը, չիրականացնե՞ր Կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումները», - ընդգծեց նախարարը:

Գալյանը հերքեց, թե ՔՊ-ն կատարել է չհայտարարագրված ծախսեր. - «Քարոզարշավի ֆինանսավորումն իրականացվել է օրենքով նախատեսված հաշվետու մեխանիզմներով, և ամենաշատ ծախսը հայտարարագրել է հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»:

«Չապացուցվեց, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը», - վստահեցնում է Գրիգորյանը

Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժին Բարձր դատարանում ներկայացնող Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց՝ չապացուցվեց, որ ԲՀԿ-ն հաղթահարել է 4 տոկոսի շեմը:

«Որևէ պահի մենք չենք ունեցել տվյալ և մինչև էսօր էլ չունենք տվյալ, թե էդ տեղամասում որ ուժը որքան ձայն է ստացել, և հենց սրա արտացոլանքն է, Բարձր դատարան, որ էդ տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվել: Տեղամասի արդյունքները անվավեր ճանաչել՝ մեր օրենսդրության իմաստով նշանակում է. որ ԿԸՀ-ն արձանագրում է, կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որ հնարավոր չէ պարզել ձայների բաշխվածությունը տվյալ տեղամասում», - պնդեց Գրիգորյանը:

Նա դատավորներին պարզաբանում էր, թե ԲՀԿ-ն այդ տեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչելուց հետո անգամ, միևնույն է, չէր հաղթահարում անցողիկ շեմը:

Իշխող ուժի ներկայացուցիչն էլ ԿԸՀ նախագահի նման պնդեց, թե վերաքվեարկության դեպքում կփոշիանային ընտրողների ձայները:

«Հունիսի 7-ին ցանկացածս, այդ թվում՝ մենք, երբ որ գնացել ենք ընտրատեղամաս, պատասխանել ենք մի հարցի՝ 18 ուժերից որի՞ն փորձենք մեր քվեով օգնենք, որպեսզի ներկայացված լինի խորհրդարանում: Պոտենցիալ վերաքվեարկության դեպքում էդ առանձին տեղամասերում էդ տեղամաս գնացող ընտրողները պետք է պատասխանեն լրիվ այլ հարցի՝ կոնկրետ, ոչ թե 18, այլ կոնկրետ մեկ ուժի իրենց քվեով փորձե՞ն օգնել, նպաստել, որպեսզի հայտնվի խորհրդարանում, թե՞ չէ», - նշեց Սուրեն Գրիգորյանը:

Օրենքով Բարձր դատարանը մի քանի տարբերակ ունի՝ կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, կա՛մ, անվավեր ճանաչելով այն, երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG