Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքի պատգամավորական ցուցակից էլի ինքնաբացարկի դիմումներ են գրել: Մանդատից հրաժարվել է Արթուր Դանիելյանը, որ խորհրդարան անցած 29 թեկնածուներից մեկն է:
«Պետք չի դրա տակ այլ ենթատեքստ գտնել, ես էլի թիմի հետ եմ», - ասաց Դանիելյանը:
Պատգամավորական մանդատից հրաժարվող թեկնածուն իրավաբան է ու Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ»-ում պաշտոնյա: Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պայքարի ակտիվ անդամներից:
Ինչո՞ւ է ինքնաբացարկի դիմում գրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընդդիմադիր պատգամավորի աշխատանքը գրավիչ չէ՞, թե՞ որոշման համար ուրիշ պատճառ կա:
«Որևէ տարաձայնություն, որևէ այլ ենթատեքստեր պետք չի փնտրել, պարզապես քննարկում ենք արել, որոշում եմ կայացրել, որպեսզի շարունակեմ պայքարս այդ եղանակով՝ կուսակցության շինության մեջ, կուսակցության գործունեության մեջ, մեր թիմակիցների հետո, ովքեր Ազգային ժողովում են լինելու, համագործակցելով», - ընդգծեց նա:
Արթուր Դանիելյանը արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի որդին է: Գևորգ Դանիելյանը ընտրություններից հետո հիմնավորում էր, որ ընդդիմադիրները մանդատները պետք է վայր դնեն: Որդին ասաց՝ ինքը վերցնելու ու խորհրդարանում աշխատելու կողմնակիցներից է:
Ինքնաբացարկի դիմումներ են գրել նաև թեկնածուներից Ռոբերտ Դիլբարյանն ու Արշավիր Խաչատրյանը: Նրանք ցուցակի վերջին տեղերում են ու խորհրդարան չեն անցել:
Լուրեր կան, որ «Ուժեղ Հայաստան»-ից մանդատները վերցնելու հարցում վերջնական որոշում չունեն ցուցակի երրորդ համարը՝ իրավաբան Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Շուշանյանը Փաշինյանի կառավարությունում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար է եղել: Ճի՞շտ է, որ մանդատներից մտադիր են հրաժարվել, երկու թեկնածուն էլ մեր նամակներին ու զանգերին չարձագանքեցին:
Ինքնաբացարկների վերջնաժամկետը հուլիսի 20-ին է, ու այս շաբաթվա վերջում՝ դաշինքում նիստ կհրավիրեն, որ օգոստոսի 2-ին նոր խորհրդարանի առաջին նիստից առաջ բոլոր հարցերը հստակ որոշեն:
«Ազատության» տեղեկություններով՝ այս պահի դրությամբ հաստատված է խմբակցության ղեկավարի թեկնածուն, որ Նարեկ Կարապետյանն է: Բայց դեռ հստակ չէ, թե ում կառաջադրեն խորհրդարանի երրորդ փոխխոսնակի պաշտոնում, որ ընդդիմությունից պետք է լինի: Դաշինքում շրջանառվում է փաստաբան Արամ Վարդևանյանի անունը:
«Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակի թեկնածուներից 105 հոգի անցած շաբաթ ինքնաբացարկի դիմում էր գրել: Սամվել Կարապետյանը պնդել էր, թե սա իշխանափոխության իրենց գաղտնի պլանի շրջանակում է:
«Ազատության» տեղեկություններով՝ այս զանգվածային ինքնաբացարկները հետագայում հնարավոր ռիսկերից խուսափելու համար են, օրինակ, որ ինչ-որ փուլում մանդատները որոշեն վայր դնել, չլինեն թեկնածուներ, որ դրանք վերցնեն ու տապալեն այդ սցենարը:
Ինքնաբացարկի դիմումներ դեռ չկան ընդդիմադիր մյուս ուժի՝ «Հայաստան» դաշինքի ցուցակից: Այստեղ էլ դեռ քննարկումներ են խմբակցության ղեկավարի թեկնածուի շուրջ: Հստակ է, որ դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի գնա խորհրդարան, ինչպես նախորդ անգամ:
Այս խմբակցությունը մեկ հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի, այս հարցում դաշինքում կարծիքները միանշանակ չեն, կան մարդիկ, որ առաջարկում են հրաժարվել այդ պաշտոնից: Նախորդ գումարման Ազգային ժողովում Փաշինյանի թիմն ընդդիմադիրներին հեռացրեց այդ պաշտոններից: