Յոթ քաղաքական ուժ այսօր դիմեց Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ վիճարկելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
Առավոտյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտնեց, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը մուտքագրել է Ազգային ժողովի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
ՍԴ արտաքին կապերի բաժնից հայտնում են, որ դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևերը» ևս դիմել է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։
Սահմանադրական դատարանի արտաքին կապերից «Ազատությանը» տեղեկացրին, որ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում ստացել են նաև «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունից:
ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանի կուսակցությունը ընտրություններում ստացել է ավելի քան 25 հազար ձայն՝ դուրս մնալով խորհրդարանից:
Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժը» ևս դիմել է Սահմանադրական դատարան: Կուսակցության ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ իրենց ևս վիճարկում են ընտրությունների արդյունքները:
«Մենք քիչ առաջ մուտք արեցինք մեր դիմումը, որով ևս պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները: Մի շարք դրվագներով ընտրության արդյունքների օրինականության հետ կապված մեզ մոտ խորը մտահոգություններ ու կասկածներ կան դրա արդյունքում ձևավորված իշխանության լեգիտիմության վերաբերյալ: Խոսքը վարչական ռեսուրսի կիրառման մասին է, հանրային ռեսուրսների, այդ թվում՝ հանրային լրատվամիջոցների, հատկապես հեռուստատեսության ոչ հավասարաչափ բաշխման մասին է, ընտրակաշառքների վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարություններն են, որոնք մեր կարծիքով պետք է կոնկրետ գնահատական ստանային: ի վերջո ԿԸՀ-ի կողմից հունիսի 17-ին կայացրած որոշումը՝ հրաժարվելը 3 ընտրատեղամասերում վերաքվեարկություն կազմակերպել», - ներկայացրեց Կարապետյանը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է ներկայացրել՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով:
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում կրկին պնդեց, թե գործող իշխանությունը խորհրդարանական ընտրություններին «գործադրել է ողջ վարչական ռեսուրսը»:
Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն Սահմանադրական դատարանից, Մինասյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այս Սահմանադրական դատարանն ի վիճակի չէ իրականացնելու, իսկ, եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտություններն արձանագրելով հանդերձ՝ անվավեր ճանաչի ընտրությունները և իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն՝ սահմանադրականություն ապահովելու համար տա հնարավորություն արգելելու այս հակաիրավական քաղաքական միավորին և նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է՝ ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել և կատարել նորմալ ընտրություն»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս վիճարկում է ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում:
«Մենք հայտարարել ենք, որ բոլոր օրինական ճանապարհներով պայքարելու ենք, որպեսզի մեր ազգաբնակչության, մեր ժողովրդի ընտրելու իրավունքն իրացված լինի և գնացել ենք բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով: Խոսքն ամենևին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահի համար տարվող պայքարի մասին չէ, այս ամբողջ գործընթացն ընդամենը արդարության վերականգնման մասին է», - ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:
Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմել է Սահմանադրական դատարան:
«Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ Ռուբեն Մեհրաբյանը ասաց՝ իրենց պահանջն է «զանգվածային ընտրակաշառքներին տալ իրավական գնահատական ու գնահատել, թե ինչ չափով է եղել ազդեցությունը վերջնական արդյունքի վրա»:
«Ազատության» հարցին՝ «ընտրակաշառք ու՞մ կողմից է, ըստ Ձեզ, բաժանվել», Մեհրաբյանը պատասխանեց. «Նայեք Հակակոռուպցիոն կոմիտեի վիճակագրությունը: Մենք դիմել ենք, որպեսզի գնահատական տրվի սրան, և ըստ այդ գնահատականի էլ մենք կհարգենք ցանկացած որոշում, որ արդեն իր ֆունկցիոնալը կունենա, որը կընդունի Սահմանադրական դատարանը»։
Դիտարկմանը՝ ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը վարչական ռեսուրս է օգտագործել, դուք տեսե՞լ եք նաև վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր, նա արձագանքեց. «Հրապարակումներ ենք տեսել մամուլում և համարում ենք, եթե այդ հայցը տրված է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը դա ևս կքննի և կտա դրա գնահատականը, էլի եմ ասում, որը մենք կհարգենք։ Երկրորդը՝ ձեր նշած այդ քաղաքական ուժերը, որ եկել են, դրանք ընդհանրապես չպետք է լինեին որպես քաղաքական ուժ»:
Իշխանությունից բազմիցս հայտարարում են՝ ընդդիմության կողմից ընտրություններին ընտրակաշառք բաժանելու մասին: Այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Ալխաս Ղազարյանը հայտարարեց. «Այս պրոցեսներն ավարտվելուց հետո, այնուամենայնիվ, բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ, ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են ազատ թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով: Այլ է հարցը, թե մինչև ընտրություններն ինչպիսի մեծ սխեմաներ են օգտագործվել ընտրությունները հնարավորինս դելեգիտիմացնելու, ինչպես նաև ընտրակաշառքների, մարդկանց բերելու, ուղղորդված ընտրություն կազմակերպելու ուղղությամբ, որը բացառապես արել է հենց ընդդիմադիր դաշտը, ոչ թե իշխանական կողմը»: