«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար հաստատվել է մոտավորապես 300 հոգու թեկնածություն, Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ֆիլտրացիայի փուլ էլ չկա։ Ամբողջական ցուցակը ձևավորելու է համաժողովը», - ի պատասխան «Ազատության» հարցին՝ ասաց խորհրդարանի խոսնակը։
Ցուցակում ընդգրկվելու համար թեկնածուների լսումներն ավարտվել են: Շաբաթներ շարունակ կուսակցության վարչությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նիստերին հրավիրում և հարցեր էր ուղղում պատգամավորի թեկնածուի հավակնորդներին:
ԱԺ ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսին:
Ալեն Սիմոնյանը նաև վստահ է, որ իշխող ուժը հատկապես օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթից հետո անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի: Նա նաև կարծում է, որ ավելի շատ տոկոսային ներկայացվածություն են ունենալու, քանի 2021թ. ընտրություններին:
Հոկտեմբերի վերջին իշխող ուժից հայտարարեցին՝ ՔՊ ցուցակում ընդգրկվել ցանկացողները պետք է ինքնառաջադրվեն: Մեկ ամիս տևած այս գործընթացից հետո պարզ դարձավ, որ ընտրական ցուցակում չեն լինի «Քաղաքացիական պայմանագրի» հնաբնակներից ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, 2021-ին ՔՊ-ի ցուցակով պատգամավոր դարձած նախկին գործարար Խաչատուր Սուքիասյանը, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, վարչապետի աներձագ Հրաչյա Հակոբյանը: Նրանք պնդել էին, թե դա իրենց որոշումն է:
Բայց պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողներից մի քանի ՔՊ-ականներ արդեն վարչության որոշմամբ են դուրս մնացել ընտրացուցակից: Վարչությունը մերժեց Հայկ Սարգսյանին, Ջուլիետա Ազարյանին, Հայկ Ցիրունյանին և Կարեն Սարուխանյանին: Այս ՔՊ-ականներից միակը, որ հրապարակային դժգոհել էր կուսակցության վերնախավի որոշումից, Հայկ Սարգսյանն էր: