Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է


Նարեկ Կարապետյանը «Մեր ձևով» շարժման ակցիայի ժամանակ, արխիվ
Նարեկ Կարապետյանը «Մեր ձևով» շարժման ակցիայի ժամանակ, արխիվ

Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Քաղաքական ուժին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ «Ազատությանը» հայտնեցին՝ փետրվարի 12-ին՝ կուսակցության հիմնադիր համագումարի օրը, հայտարարվելու է այս մասին: «Ազատություն»-ը տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում խնդրեց նաև «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակից, Մարիանա Ղահրամանյանը հարցին ուղիղ չպատասխանեց:

«Ինչպես պարոն Կարապետյանը իր վերջին ասուլիսի ընթացքում և Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է նշել, մեր ուժի վարչապետի թեկնածուի մասին կհայտարարենք փետրվարի 12-ին՝ կուսակցության հիմնադիր համաժողովի ընթացքում: Ես ավելացնելու բան չունեմ պարոն Կարապետյանի հայտարարությանը, միայն կնշեմ, որ վարչապետի թեկնածուն ընդունելի է լինելու մեր ժողովրդի կողմից», - ասաց Ղահրամանյանը:

Որ թեկնածուն վաղուց որոշված է, բայց անունը հայտարարվելու է փետրվարին, Նարեկ Կարապետյանը անցած շաբաթ էր ասել, երբ ներկայացնում էր իրենց քաղաքական ուժի տնտեսական ծրագրերը. - «Թեկնածուն, ճիշտը որ ասեմ, երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին»:

2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Կարապետյանները հայտարարել են դեռ ամիսներ առաջ: Նախ ձևավորեցին «Մեր ձևով» շարժումը, որի համակարգողը 35-ամյա Նարեկ Կարապետյանն է, իսկ անցած ամիս նաև կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան» անունով:

Այս ամիսներին, սակայն, ի թիվս այլ հարցերի անպատասխան էր մնում գլխավոր հարցը, թե ով է լինելու նորաստեղծ ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն:

Գործող իշխանությանը հեռացնելու օրակարգով ընտրապայքարի պատրաստվող Կարապետյաններն առայժմ շեշտը դնում են Հայաստանի տնտեսությունը զարգացնելու իրենց ծրագրերի վրա: Հենց այս հարցերն են մասնագիտությամբ տնտեսագետ Նարեկ Կարապետյանի ելույթներում գերիշխում՝ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի փոխարեն. - «Այսօր մենք տեսնում ենք, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է»:

Նարեկ Կարապետյանը մինչ այժմ ընդհանուր գծերով է անդրադարձել Հայաստանի համար այս փոլում առանցքային հարցերին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հաշտությանը, Եվրամիության անդամ դառնալու՝ իշխանության ձգտումներին, Հայաստանի հնարավոր վերադարձին ՀԱՊԿ կամ ԱՄՆ-ի հետ զարգացող TRIPP ծրագրին: Նա այս հարցերի վերաբերյալ շատ փակագծեր չբացեց նաև անցած շաբաթ Հանրային հեռուստաընկերության եթերում: Օրինակ՝ ՀԱՊԿ-ի մասով ընդգծում էր, թե իշխանության գալու դեպքում այնպես կբանակցեն, որ անդամ երկրները ճնշեն Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից, բայց կոնկրետ ինչ մեխանիզմներով՝ չէր հստակեցնում:

«Ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ կգործադրեն [ճնշում], եթե չգործադրեն, հարցը հայկական հասարակությունում միշտ բաց է մնալու, իսկ հայկական քաղաքական միտքը հետևում է հայ հասարակության կարծիքին», - ասում էր Կարապետյանը:

Նարեկ Կարապետյանը, որ պնդում է, թե Հայաստանին նոր ղեկավար է պետք, նախորդ երեք նախագահներն ու գործող վարչապետը պետք է հեռանան, չի հստակեցնում նաև ներքաղաքական մյուս ուժերի հետ հնարավոր համագործակցության շրջանակը: Միայն հայտարարել է, որ նախընտրական փուլում չեն համագործակցի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի հետ, բայց նույն պնդումը չի արել հետընտրական փուլի մասին: Պրոֆեսիոնալների հետ, ասում է, կհամագործակցեն, կրկին՝ առանց անունների. - «Մեր թիմում լինելու են մարդիկ, ովքեր աշխատել են բոլոր կառավարությունների հետ: Մենք ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այլ կառավարությունների հետ, կարևոր նախապայմանը՝ մաքուր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ»:

«Տաշիր կապիտալ»-ի սեփականատեր, ըստ Forbes-ի 2.7 միլիարդ դոլար կարողություն ունեցող Կարապետյաններից քաղաքականությամբ զբաղվել է միայն այժմ ազատազրկված Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը: Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եղել պատգամավոր՝ Հանրապետականի ցուցակով:

Քաղաքականությամբ զբաղվելու և իշխանությանը հեռացնելու որոշման մասին Սամվել Կարապետյանն առաջին անգամ հայտարարեց անցած ամռանը՝ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Նա այնտեղ հայտնվել էր եկեղեցին պաշտպանելու իր հայտարարությունից հետո, որն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG