Իշխանությունը զավթելու կոչի համար երկու տարվա ազատազրկման դատապարտված Շիրակի թեմի առաջնորդը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Դատարանն այսօր մերժեց փաստաբանների միջնորդությունը, բայց թույլատրեց բարձրաստիճան հոգևորականին մասնակցել պատարագների:
Միքայել Սրբազանը 8 ամիս բանտում պահվելուց հետո փետրվարին տեղափոխվեց իր կեցավայր՝ տնային կալանքի: Այսօր փաստաբանները Վերաքննիչին խնդրեցին նրան առհասարակ ազատ արձակել: Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ լրացել է պատժի կրման 1/3-ը, իսկ սա նոր հանգամանք է վերացնելու տնային կալանքը։ Բացի դրանից՝ անազատության մեջ արքեպիսկոպոսը դրսևորել է պատշաճ վարքագիծ:
«Ըստ էության, եթե պատժի կրման պայմաններում լիներ մեր վստահորդը, ապա նրա պատժի 1/3-ը ժամկետն արդեն իսկ լրացել է, եթե այդ տրամաբանության մեջ նայենք»,- ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Դատախազ Վահան Հարությունյանը, սակայն, պնդեց՝ խափանման միջոցը փոխելու որևէ հիմք չկա. «Իրավական, օրենսդրական առումով նոր հանգամանք չի կարող դիտարկվել և խափանման միջոցի իրավաչափության պայմանի փոփոխություն չի կարող համարվել»:
Մեղադրող կողմը նաև դեմ արտահայտվեց Վերաքննիչ ներկայացրած փաստաբանների բողոքին: Միքայել սրբազանի արդարացումը պահանջող փաստաբանը բողոքում տեղ գտած խախտումներից խոսեց՝ ընդդատություն, արդար դատաքննության իրավունք, անորոշ մեղադրանք, ինչպես նաև հոգևորականի ազատ խոսքի իրավունքի խախտում:
Բարձրաստիճան հոգևորականի փաստաբանները կարծում են, որ Սրբազանի գործը պետք է քննվեր ոչ թե Երևանում, այլ՝ Շիրակի մարզում: Պնդում են՝ Շիրակում չքննեցին կաշկանդվածության պատճառով. սրբազանի բարձր հեղինակությունը հաշվի առնելով՝ տեղի դատավորները դժվարություններ կունենային.
«Մեղադրանքի կողմից որպես հանցագործություն որակված արարքը կատարվել է Գյումրիում, ուստի սույն քրեական գործն ընկած է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Սա պարզ, մաքուր կանոն է. այն դատարանն է քննում, որի տարածքում արարքը կատարվել է»,- ընդգծեց փաստաբան Երեմ Սարգսյանը:
Շիրակի թեմի առաջնորդին երկու տարվա ազատազրկման դատապարտած դատավորը, սակայն, պատճառաբանել էր, թե արքեպիսկոպոսի հայտարարությունը հեռարձակվել է մի քանի լրատվամիջոցներով ողջ երկրի տարածքում, և հանցագործության դեպքի վայրը ճշտել հնարավոր չէ: Թեև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր առաջին հարցազրույցը տվել էր Գյումրիի տեղական հեռուստատեսությանը:
Դատախազ Վահան Հարությունյանն այսօր իր հերթին պնդեց, թե հանցագործության վայրը ողջ Հայաստանն է, քանի որ ռազմական հեղաշրջման մասին Աջապահյանի խոսքերը տարածվել են զանգվածային լրատվամիջոցներով՝ հասանելի դառնալով շատերին:
Դատախազի խոսքով.- «Երբ մենք մեղադրանքի բովանդակությունը նայում ենք, շատ հստակ նշված է, հստակ երևում է, որ ուղղված է եղել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:
Միքայել արքեպիսկոպոսից բացի, մեղադրյալի կարգավիճակ ունեն ևս 10-ը բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նրանք բոլորը մեղադրյալ են դարձել այն բանից հետո, երբ անցած տարի վարչապետ Փաշինյանը սկսեց պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը: Կաթողիկոսն ու վեց եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար:
Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն էլ բանտում է՝ ահաբեկչության փորձի մեղադրանքով: Դատարանը հրաժարվում է նրան գոնե տնային կալանք տալ:
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն էլ մեղադրվում է ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու և հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով: Նա երեկ ազատ արձակվեց տնային կալանքից:
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն էլ մեղադրվում է թմրամիջոցների իրացման համար: Վերաքննիչը վերջերս նրան ազատ արձակեց կալանքից: Մեղադրյալի աթոռին հայտնված հոգևորականներից ոչ մեկը մեղքը չի ընդունում, համարում, որ սա քաղաքական հետապնդում է: