Մատչելիության հղումներ

Բագրատ Գալստանյանը պնդում է՝ գործի հիմքում ապացույցներ չկան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու պաշտպաններն այսօրվա նիստում դատախազներից պարզաբանումներ էին պահանջում գործի մի շարք դրվագների վերաբերյալ, որ մեղադրող կողմը որպես իշխանությունը զավթելու փորձի ապացույց է ներկայացնում դատարանում:

«Ի՞նչ է հաստատում իմ տնից գտնված, օրինակ, փոքրիկ գամերը, կամ երբ որ լեղապատառ ասում էին՝ ո՞ւր է թաքստոցը, էդ թաքստոցները և այլն, տնից գտնված փաստաթղթերը, այն տխրահռչակ փաստաթուղթը ահաբեկչության մասին, օրինակ, ի՞նչ է, որի մասին Քննչական կոմիտեի ղեկավարը շատ հպարտ հայտարարում է, մինչև հիմա լուռ է, չի էլ հանելու ծպտուն», - ասաց Բագրատ Գալստանյանը։

Տավուշի թեմի նախկին առաջնորդն այսօր էլ դատարանում պնդեց՝ քննությամբ կարևոր հարցերի պատասխանները չեն տրվել, քննիչները զրույցներ են գաղտնալսել ու մեղադրանքներ առաջադրել: Նշում է՝ գործի հիմքում ապացույցներ չկան:

«Ո՞ր օրը պետք է տեղի ունենար այսպես կոչված ահաբեկչությունը, կա՞ որևէ տեղ փաստ, կա՞ արձանագրություն, ապացույցը չի կարող կիսատ լինել», - հայտարարեց Տավուշի թեմի նախկին առաջնորդը։

Փաշինյանի հրաժարականը պահանջող հոգևորականը զայրացած էր ԵԽԽՎ-ում Հայաստանի արտգործնախարարի երեկվա հայտարարությունից, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանքներ չկան: Վրդովված էր նաև ԵԽԽՎ զեկույցից, որտեղ մտահոգված էին հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումներով:

Մինչև նիստը սկսվելը պաշտպան Հովհաննես Խուդոյանն արդեն հայտարարեց, որ Գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել այս գործով ապացույցները կեղծելու ու այդ կեղծված ապացույցներով մեղադրանք կառուցելու վերաբերյալ: Պաշտպան Խուդոյանը նաև մեղադրող կողմից էր պարզաբանում պահանջում:

«Հայտնի գյուլլելու մասին խոսակցությունն է։ Ընդհանրապես, ի՞նչ հանգամանք է հաստատում այս ապացույցը և ո՞ւմ է վերաբերում։ Եվ նաև առաջ անցնելով ասեմ՝ եթե այս ապացույցը ինքնին որևէ այլ անձի չի վերաբերում, արդյո՞ք քրեական վարույթը նյութերում և Ձեզ ներկայացված ապացույցներից որևէ մեկը կարող է կապ տալ, որ, օրինակ, Արմեն Ալեքսանյանը իմացել է այս խոսակցության բովանդակության մասին, էլ չասեմ համաձայն է եղել, ցանկացել է, աջակցել և այլն», - շեշտեց փաստաբանը։

Դատախազներից Հայկ Հովհաննիսյանը արձագանքեց, թե մեղադրանքի ապացույցները հաստատող հանգամանքները կմանրամասնեն ապացույցների հետազոտության փուլում:

«Մեղադրանքի կողմը ներկայացրել է ապացույցները իրեն ընկալելի և բոլորի համար ընկալելի տրամաբանությամբ, որքանով որ դա անհրաժեշտ է եղել սույն փուլի պահանջները բավարարելու համար և նաև դատարանի կողմից սահմանված չափանիշները բավարարելու համար։ Ավելի մանրակրկիտ և ավելի մանրամասն ներկայացումը կարող է հանգեցնել ապացույցի բովանդակային հետազոտության, որն արդեն հիմնական դատալսումների ընթացքում լուծման ենթակա հարց է։ Պարոն Խուդոյանի կողմից դրված հարցադրումները, մասնավորապես՝ կա՞ արդյոք ապացույց, որ այսինչ խոսակցության մասին տեղյակ է եղել մյուս մեղադրյալը կամ այս հանգամանքի մասին մյուս մեղադրյալների ներգրավվածությունը, ըստ էության անհրաժեշտ է նման հարցադրումներին պատասխանելու համար հղում կատարել կոնկրետ ապացույցների, մեջբերումներ կատարել կոնկրետ ապացույցներից, ինչը, ինչպես արդեն նշեցի, կհանգեցնի ապացույցի բովանդակային հետազոտության կամ հրապարակման, որը սույն փուլի խնդիր չէ, ուստի, հավելելու ոչինչ մեղադրանքի կողմը այս կապակցությամբ չունի», - հայտարարեց դատախազ Հայկ Հովհաննիսյանը։

Մեղադրյալներից պատգմավոր Արթուր Սարգսյանն էլ դատարանում դժգոհեց, որ կարդում է իր մեղադրանքն ու չի հասկանում՝ ինչու է ինքը հայտնվել բանտում. «Ընդամենը ուզում ենք իմանալ՝ ինչ ենք արել»։

Եթե գործում մեկ նենգափոխություն էլ կա, արդեն զրպարտություն է, իսկ այս գործում տասնյակ նենգափոխության դրվագներ կան, իր ելույթում նշեց Բագրատ սրբազանը:

Բագրատ սրբազանն ու 17 համակիրները մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար, նրանք մեղքը չեն ընդունում։ Մեղքն ապացուցվելու դեպքում Բագրատ Գալստանյանին ու նրա համախոհներին սպառնում է 8-ից մինչև15 տարվա ազատազրկում:


XS
SM
MD
LG