Տնային կալանքի տակ պահվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել Հովհաննավանքի կարգալույծ քահանայի՝ Ստեփան Ասատրյանի դեմ՝ պահանջելով հերքել իրեն արատավորող տեղեկությունները: Հայցում որպես երրորդ կողմ նշված է վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Փաստաբան Տաթևիկ Շալջյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց հայցի հիմքերը. «Հայցը վերաբերում է արատավորող արտահայտություններին, որոնք հնչեցվել են Միքայել սրբազանի հասցեին կարգալույծ Ստեփան Ասատրյանի կողմից «Հայկական ժամանակի» տաղավարում: Բավականին տևական է հարցազրույցը: Կոնկրետ արտահայտությունը՝ տեռորիզմի մեջ է մեղադրել Միքայել Աջապահյանին, և երկրորդը՝ հայտնել է, որ կին ու երեխա ունի:
Նախկին Տեր Արամը, որ վարչապետի հակակաթողիկոսական արշավի առաջամարտիկներից է, հունվարի 22-ին «Հայկական ժամանակի» տաղավարում պնդել էր, թե Միքայել արքեպիսկոպոսը խրախուսում է տեռորիզմը և դրա համար է հայտնվել բանտում: Աջապահյանը մեղավոր է ճանաչվել ոչ թե ահաբեկչության, այլ իշխանության զավթման կոչի հոդվածով, մեղադրանքը չի ընդունում և այժմ վերաքննիչ ատյանում արդարացում է պահանջում: Հարցազրույցում Ասատրյանը նաև առանց որևէ կոնկրետ ապացույցի պնդում է, թե Միքայել արքեպիսկոպոսը խախտել է կուսակրոնության ուխտը. «Այս օրերի ընթացքում, երբ որ ես ակտիվ փորձում էի բարեկարգման շարժումը առաջ տանել, ինձ գրում էր մի կին, մի աղջիկ նաև, հետո պարզեցի, որ այդ կինը և աղջիկը հենց Աջապահյանի կինը և աղջիկն են»։
Ինչպե՞ս և որտեղի՞ց է պարզել, ովքե՞ր են այդ կինն ու աղջիկը, արդյոք պատրաստվո՞ւմ է հերքել իր խոսքերը, թե՞ շարունակում է նույնը պնդել. այս հարցերը նախկին քահանային չհաջողվեց ուղղել, նա կտրականապես հրաժարվեց մեկնաբանությունից: Իսկ Շիրակի թեմի առաջնորդը հերքումից բացի նաև գումարի բռնագանձման պահանջ է ներկայացրել: Փաստաբանը ձեռնպահ մնաց չափը հանրայնացնելուց՝ նշելով, որ նվազագույն դրամական պահանջն են ներկայացրել:
Մասյացոտնի թեմ. Մայր Աթոռը դիմել է դատարան ընդդեմ հարկադիր կատարման ծառայության
Կրքերը չեն հանդարտվում նաև Մասյացոտնի թեմում, որի նախկին առաջնորդը վարչապետին միացած հոգևորականներից Գևորգ Սարոյանն է: Այստեղ էլ դատարանի որոշումից հետո նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է գործի անցել, որպեսզի Մայր Աթոռի կողմից պաշտոնանկ ու կարգալույծ արված Սարոյանը շարունակի ղեկավարել թեմը: Դատարանը իր պաշտոնանկության որոշումը վիճարկող Սարոյանին վերականգնել էր թեմի առաջնորդի պաշտոնում, մինչև վերջնական որոշումը կկայացնի:
Փաստաբան Արա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հարկադիր կատարման ծառայությունը ապահովում է, որ Սարոյանը նաև ֆինանսական գործառույթներ անի՝ տնօրինելով Մայր Աթոռի ֆինանսական միջոցները. «Որպես հայցի ապահով միջոց խնդրել է, որ ապահովեն իրեն որպես թեմի առաջնորդ պաշտոնավարելը և նաև չխոչընդոտեն, որպեսզի նա ֆինանսական գործարքներ կատարի և այլ գործոցներ անի, և մյուսները չխոչընդոտեն։ Այս հարկադիր կատարման ծառայության պարտադրանքի հիման վրա բանկերով Արման Սարոյանը, որ չունի որևէ կարգավիճակ, և գիտեք՝ հետագայում նաև կարգալուծ է հռչակվել, նա փաստորեն ֆինանսական գործարքներ է կատարում՝ տնօրինելով Մայր Աթոռին պատկանող գումարները»:
Հիմա Մայր Աթոռը դիմել է դատարան ընդդեմ հարկադիր կատարման ծառայության:
«Երկու որոշում է վիճարկվում հարկադիր կատարողի կողմից ընդունված, ինչպես նաև որոշվում են հարկադիր կատարման ծառայության այն գործողությունները, որով նա բանկերին պարտավորեցրել է նրան հաշիվները տնօրինելու իրավունք տալ», - ասաց Զոհրաբյանը։
Մայր Աթոռը պահանջում է, որ հարկադիր ծառայության որոշումներն անվավեր ճանաչվեն: