Մատչելիության հղումներ

Բագրատ Գալստանյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ևս երկու ամիս՝ մինչև ապրիլի 25-ը, կմնա կալանքի տակ։ Դատարանն այսօր բավարարեց դատախազների միջնորդությունը՝ պնդելով, որ ահաբեկչության փորձի համար մեղադրվող հոգևորականի կալանքի հիմքերը չեն վերացել։ Ըստ դատավորի՝ այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Բագրատ սրբազանը դատարանում վերահաստատեց իր դիրքորոշումը. նա չի ընդունում որևէ այլընտրանքային միջոց՝ տնային կալանք, գրավ կամ երկրից հեռանալու արգելք՝ դրանք համարելով վիրավորական։

«Ոչ էլ մտածեք փոփոխելու մասին, այսինքն, չեք էլ մտածել, բայց մի էլ մտածեք: Միակ տարբերակն այն է, եթե այստեղից ազատ կգնանք, որտեղ որ կգնանք, եթե՝ ոչ, ոչ», - նշեց արքեպիսկոպոսը:

Պաշտպանական կողմն այսօր էլ պնդեց՝ գործը զուտ քաղաքական է։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ նպատակը Գալստանյանին քաղաքական գործընթացներից մեկուսացնելն ու եկեղեցու դեմ իշխանության արշավը դյուրացնելն է:

«Առկա է ոչ նվազ հավանականություն, որ առաջիկայում և ոչ հեռավոր ապագայում Հայաստանի Հանրապետությունում հարուցվելու է քրեական վարույթ պետական դավաճանության հանցակազմի համար, որտեղ բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր մասնակից են դարձել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ այս ոտնձգություններին, առանձնահատուկ դերակատարություն պետք է ունենան», - ասաց փաստաբանը:

Փաստաբաններն, ի դեպ, ապացույց կեղծելու և կեղծ ապացույց օգտագործելու մասին հաղորդում են ներկայացրել դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե: Ըստ փաստաբան Խուդոյանի՝ մեղադրող կողմը դիտավորյալ թաքցրել է գաղտնալսումների այն հատվածները, որոնք հերքում են Բագրատ Գալստանյանի մեղքը։

Փաստաբանն ասաց՝ արդեն մեկ ամիս է՝ պատասխան չեն ստացել. «Նախաքննության ընթացքում դա ներկայացվում է և դրվում է խափանման միջոցի հիմքում, այն բովանդակությամբ, ինչ քննիչը և ԱԱԾ աշխատակիցը նպատակահարմար են գտել արձանագրել, ընդ որում, արձանագրությունները կազմվել են այնպես, որպեսզի հանկարծ կասկած չմնա, որ այնտեղ կարող է ինչ-որ հատված բաց թողնված լինել: Չեն օգտագործել որևէ լեզվաբանական կամ իրավական տեխնիկայի կանոններ, որպեսզի ցույց տան, որ այդ հատվածը առանձնացված է ու ամբողջական բովանդակություն չի պարունակում՝ այդ եղանակով մոլորեցնելով դատարանին»:

Երեք ամսով երկարաձգվեց նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը

Այսօրվա նիստում դատարանը երեք ամսով երկարաձգեց նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը։ Սարգսյանը համոզված է՝ իրենց ազատ չեն արձակի առնվազն մինչև հունիսին կայանալիք ընտրությունները։

«Այսօրվա մեր արդարադատությունը իրականացվում է քաղաքական պրոցեսների հետ, քանի որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, ես համոզված եմ, որ Բագրատ սրբազանը և ես պետք է մնանք կալանքի մեջ», - նշեց նա:

Այս պահին այս գործով 18 մեղադրյալներից կալանավայրում են միայն Բագրատ սրբազանն ու Վահագն Չախալյանը։ Պատգամավոր Արթուր Սարգսյանն ու ևս 4 հոգի տնային կալանքի տակ են, մյուսներն ազատության մեջ են։



XS
SM
MD
LG