Մատչելիության հղումներ

Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա. Միրզոյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է եվրոպացի պատգամավորների հարցերին

Չնայած շաբաթվա սկզբին ԵԽԽՎ ընդունած զեկույցին, որում խորը մտահոգություն կար Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, եվրոպացի պատգամավորները դեռ հարցեր ունեն:

Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Պահպանողականների խմբից հարց հնչեց՝ եպիսկոպոսների ձերբակալությունները, վարչապետի հռչակած բարեփոխման ծրագիրն արդյո՞ք կրոնական և խոսքի ազատության խախտում չէ:
Միրզոյանը պատգամավորի հայտարարությունը բամբասանք որակեց: Պնդեց՝ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա:

«Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը՝ զինված հեղաշրջման միջոցով: Եվ հրապարակային կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր որոշումը, ի՞նչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ Հայաստանում օրենքի գերակայություն կա, և Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին՝ լինի դա հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի»,- պատգամավորի հարցին պատասխանեց նախարար Միրզոյանը։

Հայաստանում իշխանության զավթման ու ահաբեկչության փորձի համար մեղադրվում է Տավուշի թեմի նախկին առաջնորդ, 2024-ին վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցային պայքար մղած Բագրատ արքեպիսկոոս Գալստանյանը: Նա և դատարանի առաջ կանգնած իր 17 աջակիցները մեղքը չեն ընդունում, այն քաղաքական համարում, պնդում, որ որպես ապացույց ներկայացվող գաղտնալսումները խեղաթյուրված են:

ԵԽԽՎ ելույթի, այնուհետև հարցուպատասխանի մեկ ժամվա ընթացքում Արարատ Միրզոյանը մի քանի անգամ խոսեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության մասին, հույս հայտնեց, որ խաղաղության վերջնական պայմանագիրը կկնքվի առաջիկա ամիսներին:

Անդրադարձավ ԵՄ դիտորդներին, հիբրիդային պատերազմի վտանգներին, հայ գերիների վերադարձին:

Ըստ Միրզոյանի՝ հաշտեցման գործում մեծ ներդրում կլինի բոլոր հայ գերիների ազատումը: Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ բանակցություններն ադրբեջանաակն կողմի հետ շարունակվում է:

«4 հայ գերիների արձակումը մեզ հույս է տալիս, որ հաջորդիվ Ադրբեջանում պահվող մնացած 19 պահվող անձինք ազատ կարձակվեն»,-հայտարարեց ԱԳ նախարարը:

3 տարուց ավելի է Թուրքիան չի կատարում պայմանավորվածությունն ու չի բացում սահմանը երրորդ երկրների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար՝ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը շարունակելով պայմանավորել հայ - ադրբեջանական կարգավորմամբ:
Բայց Հայաստանի արտգործնախարարը առաջընթացում հարցում լավատես էր, ասաց.- «Հույս ունեմ, որ առաջիկա օրերի, շաբաթների ընթացքում կտեսնենք սահմանի մասնակի բացում, այնուհետեւ սահմանը կբացվի լիովին»:

Միրզոյանը կարծիք հայտնեց, որ ինչքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, հիբրիդային հարձակումները կավելանան:
Ազատության թշնամիները քնած չեն, ընտրություններից չորս ամիս առաջ Միրզոյանը հնարավոր միջամտություններին անդրադարձավ՝ առանց հստակեցնելու, թե ում նկատի ունի:

«Նրանք պատրաստ են միլիոնավոր դոլարներ ներդնել քարոզչական ու միջամտության անօրինական սխեմաների մեջ: Տիրապետում են գրեթե անսահմանափակ լրատվական ռեսուրսների, ցանկանում են խաթարել մեր ինքիշխան ընտրությունը խաղաղության ու ժողովրդավարության համար: Ցանկանում են վերադարձնել ավտորիտարիզմի, հարևանների հետ անվերջ հակամարտության և թույլ ինքնիշխանության խավարը: Նրանք ցանկանում են օգտագործել ժողովրդավարության գործիքները, ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Իհարկե, առաջանում է դիլեմա՝ մի կողմից խոսքի ազատության պահպանման, լրատվամիջոցների բազմակարծության, մյուս կողմից՝ չարամիտ անձանց դեմ պայքարելու վճռականության: Բայց ես աստեղ եմ ասելու՝ նրանք չեն հաջողի»,- ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարը:

Միրզոյանը չշրջանցեց մեկ տարուց առաքելությունն ավարտող ԵՄ դիտորդական խմբին: Արտգործնախարարն այսօր այս առաքելության տրանսֆորմացիայից էր խոսում, չնայած հայ-ադրբեջանական պայմանագիրը դեռ նախաստորագրված է: Հենց այդ պայմանագրի նախագծով են Երևանն ու Բաքուն պարտավորվում որևէ երրորդ կողմի ուժեր համատեղ սահմանին չտեղակայել:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով.- «Իսկապես, առաքելությունը նպաստել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կայունությանը: Նաև հասկանում ենք՝ ժամանակն անցել է, հիմա ունենք խաղաղություն, պետք է մտածենք՝ ինչպես կարող է այս առաքելությունը նպաստել ներքին, միգուցե սահմանային կառավարման կարողությունների զարգացմանը»:

Հայաստանի գլխավոր դիվանագետը եվրոպացի պատգամավորներին հավաստիացրեց, թե Փաշինյանի կառավարությունն իրականացնում է ԵՄ-ին ավելի մոտենալու քաղաքաքականություն: Վիզաների ազատականացման բանակցություններն անցած տարեվերջին մեկնարկեցին, չնայած հետխորհրդային մյուս երկրների՝ տարիներով ձգվող փորձին՝ Միրզոյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին, միգուցե հաջորդ տարի հայաստանցիներն առանց վիզա ճամփորդեն դեպի Եվրոպա:

XS
SM
MD
LG