Մատչելիության հղումներ

Կաթողիկոսը՝ մեղադրյալ

Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի նկատմամբ և արգելել Գարեգին երկրորդին լքել երկիրը:

«Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ և քննիչն էլ փորձել է հարցաքննել Վեհափառ Հայրապետին», - նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնում է, որ կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, մի գործով որով շաբաթներ առաջ մեղադրվեցին եկեղեցու վեց բարձրաստիճան հոգևորականներ՝ այդպիսով անհնար դարձնելով նաև նրանց մասնակցությունը Ավստրիայի ժողովին:

«Սա ուղիղ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին: Ավստրիայում փետրվարի 16-19-ը տեղի էր ունենալու Եպիսկոպոսաց ժողով, ու այս գործողությամբ, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի ելքի արգելք դնելով, որպես խափանման միջոց, խոչընդոտնում է Եպիսկոպոսաց ժողովի անցկացումը», - նշեց փաստաբանը:

Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ սրբազանին: Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին: Մայր Աթոռը սակայն, չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան՝ հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը:

Քննչականը սա համարեց դատական ակտի խոչընդոտում ու, փաստորեն, գործը հասավ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Դատախազությունից այս պահին հրաժարվում են որևէ տեղեկություն հաղորդել: Մայր Աթոռն էլ դեռ հայտարարություն չի արել, այս պահին անորոշ է մնում Ավստրիայի ժողովի ճակատագիրը:

Վարչապետը զգուշացնում է

«Հակազդեցություն է լինելու և շատ կոշտ հակազդեցություն է լինելու», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որ քայլեր լինելու են, երեկ բաց տեքստով հասկացնում էր վարչապետ Փաշինյանը, որ արդեն ութ ամիս է փորձում է գահընկեց անել Վեհափառին. «Դավադիր պլանում ներգրավվելն արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը, և Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել»:

Կուսակրոնության ուխտը, եկեղեցու կանոնադրությունը խախտելու, օտար երկրներին ծառայելու, ծայրահեղականության մեջ մեղադրելուց հետո Փաշինյանը երեկ արդեն մի նոր թեզ հնչեցրեց եկեղեցու դեմ, ընդ որում՝ ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ ոչ մի կոնկրետ ապացույց չբերելով՝ վկայակոչեց հատուկ ծառայություններին:

«Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է, և ես դա թույլ չեմ տալու: Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ: Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանի հանելն է Էջմիածնի գանձերի հետ միասին: Մենք թույլ չենք տալու», - ասել է վարչապետը:

Մայր Աթոռը դեռ պաշտոնապես չի արձագանքել Փաշինյանի այս նոր մեղադրանքին:

«Ապատեղեկատվություն է տարածում»

Հոգևորականներից Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվն ապատեղեկատվություն է որակում վարչապետի պնդումը. «Ինքը ապատեղեկատվություն է տարածում, մարդկանց վարկաբեկում է ամենաստոր ձևով»:

Վրթանես քահանա Բաղալյանն «Ազատության» հետ զրույցում հենց Փաշինյանին է մեղադրում ամիսներ շարունակ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի համար, որով էլ պայմանավորված ընտրել են եկեղեցական հարցերը Էջմիածնից դուրս, օտար երկրում քննարկելու ուղին:

«Ինքն ամեն ինչ անելու է, որ Էջմիածնում խոչընդոտվի կաթողիկոսի ու եկեղեցու գործունեությունը: Իր հայտարարությունը դրա մասին է: Իր անլուրջ կեցվածքը, ստախոս վիճակը տեսնելով հասկանում ենք, որ իր հայտարարությունը դրա մասին է», - նշեց Վրթանես քահանան:

Մինչ Փաշինյանի իշխանությունը պնդում է, թե իրենց արշավի նպատակը Առաքելական Սուրբ եկեղեցու բարեփոխումն է, տեր Վրթանեսը հակադարձում է. «Ժողովն Էջմիածնից դուրս գումարելը նորմալ երևույթ է, մենք ժողովներ ենք գումարել Արտիշատում, Դվինում, Մանասկերտում, տարբեր տեղեր, նույնիսկ 2016 թվականին էր, եթե չեմ սխալվում, Եպիսկոպոսաց ժողովը Ստեփանակերտում է գումարվել: Այսինքն ժողովի տեղն էական չի, Եպիսկոպոսաց ժողով կարող է ամեն տեղ գումարվել: Այս պարագայում Ավստրիայում գումարելու պատճառը Փաշինյանի կողմից ժողովը խոչընդոտելն է»:

Ըստ հոգևորականի՝ հենց Փաշինյանի ու նրա համախոհների պատճառով են կաթվածահար եղել թեմերի աշխատանքները, նրանց որոշումներով են եկեղեցուց բանտ տեղափոխվել ու մեղադրյալի աթոռին հայտնվել բարձրաստիճան հոգևորականները. «Այսօր ցավալիորեն ունենք նույն այդ վիճակը Արագածոտնի, Գուգարաց, Տավուշի, Շիրակի թեմերում, որտեղ առաջնորդներին չբացակայելու պարտադրանք կա»:

Տեր Վրթանեսը մտահոգ է՝ իշխանությունները անվտանգային ու սոցիալական հարցերը լուծելու փոխարեն, խախտելով Սահմանադրությունը, ընկել են եկեղեցու հետևից, իրենցով են արել որոշ հոգևորականների, և նրանց միջոցով էլ փորձում են իբր բարեփոխել եկեղեցին: Տիրադավներին դա չի հաջողվի, ասում է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվը:

Մինչդեռ Փաշինյանը երեկ դիմեց ընդհուպ սփյուռքի որոշ ներկայացուցիչներին՝ կոշտ հակազդեցություն է սպասվում նրանց. «Վերջերս բարերարների դիմակի ներքո թաքնված Էջմիածնի գանձերի հետևից ընկածները.... Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ»:

Նախօրեին հայազգի մի խումբ հեղինակավոր գործիչներ հայտարարեցին, թե եկեղեցու ղեկավարության վրա հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման պահանջները սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար: Փաշինյանի հայտարարած եկեղեցու բարեփոխմանը դեմ են ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանը, շվեյցարահայ Վահե Գաբրաշը, Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի ղեկավար Լորդ Արա Դարզին, գործարար, բարերար Վաչե Մանուկյանն ու այլ երևելի հայեր սփյուռքից:



XS
SM
MD
LG