14-ամյա աղջնակի հանդեպ սեռական բռնության դեպքի մասին են պատմում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի տարեց բնակիչները՝ երեխայի տատիկն ու պապիկը: Հույսով, որ Վեդիի հանրային հնչեղություն ստացած սկանդալային պատմությունից հետո իրենց թոռնուհու կյանքը դժոխքի վերածած պեդոֆիլները նույնպես պատիժ կստանան:
«Դրանց բռնել են, ոչ մի բան չեն արել, իրեք ամիս կալանքի մեջ են դրել ու բաց թողել, իրանց հմար աղավարի ման են գալիս: Ու ես քննիչին ասել եմ՝ ման են գալի, ազատ», - «Ազատությանը» փոխանցեց երեխայի պապը:
Աղջնակի մայրը մահացել է, երբ ինքն ընդամենը երրրոդ դասարանում էր, երեխան մնացել է Բերդի գյուղերից մեկում ՝ հոր, պապի ու հորեղբոր խնամքին: Մորական տատն ու պապն են Newday լրատվականին ահազանգել, իրենց խոսքով, լիարժեք չքննված հանցագործության մասին: 2023-ի վերջին գործ է հարուցվել, քննվել Տավուշի քննչական վարչության Բերդի բաժնում. գյուղի երկու բնակիչներ ՝ 60-ին մոտ, մեղադրյալի կարգավիճակ են ստացել, բայց գործն այդպես էլ դատարան չի մտել, դատախազ Հակոբյանի որոշմամբ կարճվել է: Ոչ միայն երեխայի մորական տատն ու պապը հարցեր ունեն, այլև ամբողջ գյուղը:
Վարչական ղեկավարն է պատմում. - «Ոչ մենք չունենք ոչ մի, ես ինքս ոչ մի նախաքննական մարմիններից, եթե դատ է եղել՝ դատից, ինչ որ եղել է, չի եղել մեր ոչ մի ինֆորմացիա, որ ինչ եղել: Ինձ կանչել են մի անգամ սրանից մի, երևի, տարի-տարիուկես առաջ, հստակ չեմ կարա ասեմ, ինձ էլ հարցաքննել, ոնց որ գյուղացիք լսել են, նույն ձևի էլ ես եմ լսել»:
Տուժող երեխան պատմել է երկու տղամարդկանց բռնությունների մասին, երբ, որտեղ, նկարագրել դեպքի վայրերը, առերեսումներ են եղել, փորձաքննություններ, որ հաստատել են` երեխայի կուսաթաղաթի ամբողջականությունը խախտված է: Պապը պատմում է, որ փաստաբան չեն ունեցել, որովհետև փող չեն ունեցել:
Այս պատմության մանրամասները զարհուրելի են՝ երեխան վատ է զգացել, անընդհատ փսխել, գյուղում ով հասել՝ հղիության թեստ է արել աղջնակին, սկզբում բոլոր թեստերը հաստատել են հղիությունը, ամիսներ անց՝ հղիություն չի եղել: Երեխան պատմել է, որ իրեն հաբեր են տվել, սակայն այդ դրվագը իրավապահներին կարծես թե չի հետաքրքրել: Մորական տատն ու պապը պատմում են, որ երեխան նաև ծեծվել է, էլ չասած այն վախերի մասին, որ ունեցել է այդ երկու ենթադրյալ բռնարարներից:
«Ստրեսային, լրիվ ստրեսային, ոնց որ էդ էրեխու մեջ անընդհատ վախը կա, վախի զգացումը էդ էրեխու մեջ ա», - «Ազատությանը» ասաց տատը:
Ուղղակի սարսափում էր ենթադրյալ պեդոֆիլներից այն մեկից, որ վերջույթներից մեկից զրկված էր. - «Ուրիշի անուն կտար, էլի, դաժե որ ես էդ էրեխուն դպրոց եմ տարել, բերել եմ, ասել ա՝ «տատի, հետ չնայես, արի արագ-արագ գնանք», որ անցենք կենում, արդեն ասում ա՝ «հլե ընդեղ նստած նստարանին, էդ տղերանց մինն, էլի»:
Քննության ընթացքում աղջնակի օրինական ներկայացուցիչ է նշանակվել Բերդի խնամակալության հոգաբարձության հանձնաժողովի անդամներից մեկը: Նա «Ազատության» հետ զրույցում հաստատեց տատիկ-պապիկի պատմածները, «քեզ կվառեմ», - այսպես են ենթադրյալ բռնարարները սպառնացել երեխային, ստիպել հետ վերցնել ցուցմունքները: Եվ այս քննությունն ավարտվել է ոչ մի բանով, հսկող դատախազը համարել է, որ ապացույցները բավարար չեն, տուժողի ցուցմունքները իրարամերժ են, հակասական: Գործը դատարան չի հասել: Մեղավորներ չկան:
«Ազատությանը» գյուղից պատմեեցին, որ ենթադրյալ պեդոֆիլները պնդել են՝ իրենք չեն բռնություն գործադրողները, որովհետև իրենք սեռական խնդիրներ ունեն, անունակ են: Ինչո՞ւ է փակվել գործը, ինչո՞ւ անչափահասի ցուցմունքները արժանահավատ չեն համարվել, փոխարենն արժանահավատ են համարվել երկու տղամարդկանց ցուցմունքները, որո՞նք են նրանց արդարացնող հանգամանքները, արդյո՞ք քննվել է աղջնակի հղիության ընդհատման հարցը. «Ազատություն»-ը գլխավոր դատախազին գրավոր հարցում է ուղարկել, սպասում ենք պատասխանի:
Բերդի համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովը բողոքարկել է դատախազի որոշումը, և միայն ամիսներ առաջ են իմացել, որ այս գործից առանձնացված մի վարույթ կա: Անչափահասի հանդեպ բռնությունից երեք տարի անց, սակայն, իրավապահները ոչ մի հարցի պատասխան չեն տվել:
Տատն էլ է մոլորված՝ երեխան հստակ անուններ է տվել, ինչո՞ւ պիտի ստեր: Հետո է իմացել, թե թոռն ինչ դառնություններ է կրել ոչ միայն բռնարարներից, նաև՝ հոր ընտանիքում:
Այս սարսափելի պատմությունից հետո աղջնակը տևական շրջան դպրոց չի գնացել, հետո գյուղից տեղափոխվել է Բերդ՝ մորական տատիկ-պապիկի տուն: Սկզբում մայրը մահացավ, հետո բռնությունն էր, հետո հայրը հրաժարվեց նրան խնամելուց, հետո մորական տատն ու պապը որոշեցին՝ լավ կլինի մարզում չմնա:
«Մայրական կողմի տատիկը, որը խնամակալ էր նշանակվել ու զբաղվում էր երեխայի խնամքով, վերջերս դիմում ներկայացրեց, որ հրաժարվում է երեխայի խնամքով զբաղվելուց, որոշեցինք տեղափոխել խնամքի կենտրոն», - «Ազատությանը» փոխանցեցիվ խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովից:
Աղջնակն այժմ երևանյան խնամքի հաստատություններից մեկում է: Ենթադրյալ բռնարարները՝ ազատության մեջ: Համայնքից պատմեցին՝ նրանցից այն մեկը, որ զրկված է մի վերջույթից, ծեծվել ու վռնդվել է գյուղից վերջերս, որովհետև անառակաբարո գործողություն է փորձել մի ավելի փոքրիկի հանդեպ: