Մատչելիության հղումներ

Առերեսում՝ դեռահասների նկատմամբ սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց

Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո երկու տղամարդիկ երեկ գիշերը առերեսվել են Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։ Մինչ այս պահը, սակայն, նրանք մեղադրյալի կարգավիճակ չունեն՝ վկա են։ Այսօր երեխաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ աղջիկը առերեսման ժամանակ հաստատել է՝ իրեն ենթարկել են սեռական բռնության։ Ընդ որում, ըստ փաստաբանի, ոչ թե երկու, այլ երեք տղամարդիկ են ներգրավված եղել երեխաների սեռական շահագործմանը։

«Երեխաներից 17 տարեկան աղջիկը երեկ հարցաքննվել է, առերես պնդել է այն ամենը, ինչը որ տեղի էր ունեցել իր հետ», - ասաց Էլբակյանը:

Փաստաբանի խոսքով՝ այդ տղամարդիկ թեև հերքում են իրենց ներկայացվող սեռական բռնության կասկածները, բայց չեն հերքում, որ երեխաներին տարել, բերել են դպրոց, գերեզմանատուն և այլն։ Նրանցից մեկը ներկայացել է որպես ընտանիքի բարեկամ, հոր ընկեր, սնունդ է տարել ընտանիքին։

Անապահով այս ընտանիքում հինգ երեխա է մեծանում, մեծ մասը՝ հատուկ կարիքներով։

«Չունենք անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ: Եվ եթե քննչական մարմինը, օպերատիվ մարմինը և ընդհանրապես պատկան մարմինները տեղում լինեին, Դատախազությունը նաև, ապա չէր լինի հաջորդիվ դեպքերը, որը շարունակաբար կրկնվել է 17 տարեկան անչափահասի նկատմամբ», - ընդգծեց Էլբակյանը:

Երեկվա առերեսումներից հետո լրագրողները փորձել էին հարց տալ տղամարդկանցից մեկին, և երբ ոստիկանների ուղեկցությամբ այդ տղամարդը նստել էր ավտոմեքենան, երեխաների հորաքույրը փորձել էր ավտոմեքենայի դուռը բացել, ոստիկանները կանխել էին հնարավոր հարձակումը։

Դրանից առաջ էլ փաստացի Ոստիկանության ու Քննչականի անգործության պայմաններում երեխաների հորեղբայրն էր փորձել վրեժ լուծել։

«Մասնավորապես հորեղբայրը, տեսնելով, որ պաշտպանությունը պետական մարմիններից չի գտնում, ինքն է որոշել դատաստան տեսնել», - ասաց փաստաբանը:

Ինչո՞ւ միայն հանրային մեծ աղմուկից հետո Քննչականը առերեսում կազմակերպեց սեռական բռնության մասին ահազանգած անչափահաս քույրերից մեկի ու այդ երկու տղամարդկանց միջև, հարցնում է Էլբակյանը. - «Չեն կատարվել խուզարկություններ, չեն կատարվել դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսներ, որով կպարզեին, թե հեռախոսների մեջ ինչպիսի ձայնագրություններ կան, ինչպիսի հաղորդագրություններ կան: Չէ՞ որ հաղորդագրությունների մասով արդեն իսկ հաղորդում է եղել տրված, ցուցմունք է եղել տրված»։

Քննչականից հաստատում են, որ այս պահի դրությամբ մեղադրյալ չկա, նաև հայտնեցին, որ տղամարդկանցից մեկն է փորձել վերջ տալ կյանքին՝ թույն է խմել, բայց չի մահացել։

Վարդուհի Էլբակյանն ասաց՝ մյուս քույրը չի խոսում, վատ հոգեվիճակում է։

Գլխավոր դատախազն այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ դեպքի մասին տեղեկացել է հանրայնացումից հետո, ասաց՝ այս դեպքերով խիստ խափանման միջոցների են գնում։

«Վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո, և ոչ միայն այս վարույթը, և կարճ ժամանակ հետո նաև խափանման միջոցի վերաբերյալ, կարծում եմ, ձեր հարցադրումը և մտահոգությունը դուրս կգա, որովհետև այս մասով մենք խիստ խափանման միջոցների ենք գնում: Բայց
պետք է ընդգծեմ, որ շատ հաճախ այս արարքները կատարվում են ազատազրկման վայրերից», - ասաց Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի խոսքով՝ նման դեպքերում մեղադրյալները հաճախ գործում են բանտերից։ Այս խնդրի աշխարհագրությունը մեծ է, ասում էր դատախազը։

Քննիչները փաստացի հաստատում են, որ փետրվարից վարույթ են նախաձեռնել հոր բողոքի հիման վրա, բայց, ինչպես պնդում են, հիմք են ընդունել հատուկ կարիքներով տուժող աղջիկների իրարամերժ ցուցմունքներն ու ազատ արձակել տղամարդկանց։ Երեկվա հաղորդագրությունում բացահայտել էին, որ անչափահասներն ունեն մտավոր խնդիրներ։ Հորդորել հանուն նրանց լավագույն շահի չճշտված տեղեկություններ չհրապարակել։ Միևնույն ժամանակ, անտեսելով նույն լավագույն շահը, հրապարակել են մանրամասներ երեխաների նախաքննական ցուցմունքներից՝ ինտիմ մանրամասներով։ Պնդել էին նաև, որ աղջիկները հրաժարվել են փորձաքննություններից։

Փաստաբան Էլբակյանն այսօր ասաց՝ փորձաքննություններ արդեն կան, և դրանցով հաստատվում են կասկածները։ Փաստաբանի պնդմամբ՝ աղջիկների հորը ամիսներ առաջ չեն թույլատրել մասնակցել հարցաքննությանը, և առերեսման ժամանակ նա վախեցել է պատմել իր հետ տեղի ունեցածը։

Ամեն անգամ նման դաժան պատմություններից հետո սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի նախագահ Տաթևիկ Աղաբեկյանը բարձրացնում է մի քանի առանցքային խնդիրներ, որոնք հենց պետության լուծելիք հարցերն են։ Չկա սեռական դաստիարակություն. - «Մենք երեխա ենք ունեցել հղի, ով որ բացարձակ չի հասկացել, թե իր մարմնում հիմա ինչ է կատարվում։ Թվում է, որ մենք խոսում ենք հենց սեռական հարաբերությունների մասին, գործողությունը գիտի, ուրեմն՝ սեռական դաստիարակություն ունի։ Չէ, այդ չի սեռական դաստիարակությունը։ Ոնց որ սեփական մարմնի նկատմամբ հարգանքն է, սահմանները իմանալն է, որը մեծագույն բացն է»։

Փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ որոշ ծնողներ չունեն այդ գիտելիքները, նկատում է մասնագետը։ «Ոչ մեկ այսօր չի խոսում երեխայի հետ, որ ինչ-որ մեկը քեզ, թեկուզ բառացի, հա՞, քո մարմնի մասին ակնարկ անի, այստեղ արդեն խնդիր կա, արդեն գնա ինչ-որ մեկին պատմի դրա մասին», - նշեց Աղաբեկյանը:

Տաթևիկ Աղաբեկյանի խոսքով՝ չկա մի ոլորտ, որտեղ սեռական բռնության հիմնախնդիրը լուծում ունենա։ Նույնը քննչական մարմինների դեպքում է։ Ըստ մասնագետի՝ աղջնակին դատաբժշկական փորձաքննության է ենթարկում տղամարդ մասնագետը, հարցեր է տալիս տղամարդ քննիչը:

Տարիներ շարունակ խոսում ենք ապացույցների հավաքագրման բացերի մասին, ասում է Աղաբեկյանը։ Քննիչներին վերապատրաստելու նրա առաջարկները մնացել են անպատասխան։

Վեդիի դեպքի մասին ոստիկանություն էին դիմել աղջնակներից մեկի դպրոցի ուսուցիչները։ Ինչո՞ւ Վեդիի համայնքապետարանը չի գործել, չեն հետևել այս ընտանիքին, հարցնում է փաստաբանը։ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի ղեկավարած կառույցից արձագանք դեռ չկա։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG