Մատչելիության հղումներ

Փաշինյանը պնդում է՝ Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, փաստաբանը հակադարձում է

Անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու Վեդիի դեպքը իրավապահներն են բացահայտել, հայտարարում է վարչապետ Փաշինյանը ի պատասխան հարցադրման, որ փետրվարին արձանագրված բռնությունից ամիսներ անց միայն իրավապահները տեղից շարժվեցին՝ լրատվամիջոցների ահազանգերից հետո:

«Այդ գործերը բացահայտվել են իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում: Բա դուք որտեղի՞ց եք իմացել էդ գործի մասին», - նշեց Փաշինյանը:

Իրավապահները բացահայտել են, իսկ լրագրողները ուղղակի օգտվել են ինֆորմացիայի ապօրինի արտահոսքից, պատմությունը սա է, ըստ Նիկոլ Փաշինյանի:

Այս ի՞նչ բացահայտում է, որի ընթացքում բռնարարաներն ազատության մեջ շարունակել են սեքսուալ բռնության ենթարկել փոքր քրոջը, հետո էլ ներգրավվել է ավագ երեխան, մի ուրիշ բռնարար է ի հայտ եկել, տարակուսում է անչափահասների փաստաբանը:

«Փետրվար ամսից է սկսվել մել քրոջ նկատմամբ բռնությունները, հունվարի վերջից փետրվար, ժամանակահատվածը երեխան չի կարողանում ասել, ամեն դեպքում փետրվարից հետո մինչև ապրիլի 20-ը բռնությունները երկու քրոջ նկատմամբ շարունակվել են», - ասաց փաստաբանը:

Մայիսի 2-ին Badoyan News-ը գրեց Վեդիում երկու աղջնակներ ամիսներով սեռական բռնության են ենթարկվում, իրավապահները կոծկում են դեպքը, ենթադրյալ մանկապիղծները ազատության մեջ պտտվում... Երկու օր առաջ էլ Արարատի մարզպետարանի կրթության վարչության պետը «Ազատությանը» պատմել էր՝ դպրոցում են նկատել արտառոց դրվագներ ու փաստերով ոստիկանություն դիմել դեռ փետրվարին, հետո՝ ապրիլի 22 ին: Մի դեպքում քույրերից մեկի հեռախոսում կասկածելի ձայնային հաղորդագրություններ են տեսել, Badoyan News-ին մանրամասնել է դպրոցի տնօրենը:

Մեկ այլ դեպքում մյուս քրոջը փորձել են մեքենա նստեցնել, դպրոցի մաքրուհին է տեսել, տեսախցիկն էլ ֆիքսել է կրկնվող տեսարանը:

Ապացույցները՝ կադրեր ու ձայնային հաղորդագրություններ դպրոցը տվել է Վեդիի ոստիկանությանը, մինչև երեկ ենթադրյալ բռնարարաները ազատության մեջ էին, աղջնակների ընտանիքը սարսափի ու վախի մեջ, անպաշտպան այնքան, որ ենթադրյալ հանցագործներից մեկին երեխաների հորեղբայրն է դանակահարում: Իսկ առաջին ահազանգը փետրվարից էր, հիշեցնում է փաստաբանը:

«Դեպքի վայրի զննություն չեն արել, խուզարկություն չեն արել, հետքաբանական փորձաքննություն չեն արել, հեռախոսների վերծանումներ չեն պահանջել, հարևաններ չեն հարցաքննել, երեխաներին սեռավարակի փորձաքննություն չեն նշանակել, անձինք հայտնի են եղել, ի՞նչ գործողություն են արել, որ բացահայտել են իրավապահները», - ասաց Վարդուհի Էլբակյանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով գլխավոր դատախազին, ասաց. «Դուք Ձեր գործընկերոջ անձնական նամակագրությունը հանել եք, ձեր վարչությունում քննարկել եք, մամուլին համարյա հայտարարել եք դրա մասին, անչափահասին բռնաբարության մեջ մեղադրվողի հեռախոսը չեք առգրավել, որ ստուգեք տեսնեք՝ ինչ է այնտեղ կատարվում»:

Աննա Վարդապետյանը թեման չշարունակեց, երեկ արդեն խոստովանել էր, որ դեպքի մասին տեղեկացել է հանրայնացումից հետո, խոստացել, որ խիստ խափանման միջոցներ կլինեն: Այսօր արդեն Վեդիի 65-ամյա բնակիչ, երեխաների ընտանիքի մտերիմ ներկայացող Դավիթ Այնազյանը 2 ամսով կալանավորվեց։ Իսկ իշխանականները գերադասեցին շրջանցել թեման՝ խոսելով պատերազմի եռագլուխ ուժերին քաղաքական պադվալ ուղարկելու պլանների մասին:

«Իմ կարծիքով՝ արհեստական հանրային հնչեղություն դրվեց». ՔԿ նախագահ

Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը լրագրողների հարցերն անպատասխան թողեց, սրընթաց մտավ խորհրդարանի շենք, այստեղ ՔՊ-ականներից Զարուհի Բաթոյանը հետաքրքրվեց՝ արդյոք հանրային աղմո՞ւկն էր պատճառը, որ ի վերջո ձերբակալվեցին ենթադրյալ բռնարարները:

Քննչականի պետի պատասխանը հակասություններով լի է. «Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք ու չտրվենք այլ գայթակղության, դրանով չոտնահարենք երեխայի լավագույն շահը, որովհետև քրեական վարույթը երբ որ հարուցվում է, կատարվում է նախաքննություն, այս առումով առավելագույնս ապահովում ենք, որպեսզի չվնասենք երեխայի լավագույն շահին, ու երեխան կրկնակի զոհի կարգավիճակ չստանա, դրա համար ես շատ փակագծեր չեն կարող բացել»:

Քննչականը, սակայն, ինքն էր երկու օր առաջ մեղմ ասած փակագծեր բացել և ներկայացրել երկու քույրերի նախաքննական ցուցմունքներից դրվագներ՝ խիստ անձնական, թիրախավորող մանրամասներով ու շեշտադրմամբ, որ նրանք մտավոր խնդիրներ ունեն: Քննչական կոմիտեի նախագահը շեշտում է, որ հանրային հնչեղություն ստանալուց հետո այդ վարույթն իր հսկողության տակ է անցել, բայց միաժամանակ ընդգծում՝ այնպես չի, որ շատ ժամանակ է անցել ու գործ չի արվել:

«Այսօր մայիսի 7-ն է, ապրիլի 22, այս ժամանակային կտրվածքը քննության տակտիկական տեսանկյունից ու ընդհանրապես պլանավորման տեսանկյունից մեծ ժամանակահատված չի», - ասաց ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը:

Պողոսյանը, սակայն, ոչ մի կերպ չի հիշատակում, որ ոստիկանությունում առաջին հաղորդումը ստացվել է փետրվարի 12-ին, այսինքն երեք ամիս առաջ և այդ ընթացքում բռնության ենթարկվող աղջնակները շարունակել են բռնության ենթարկվել: Կոմիտեի նախագահն ընդունում է, որ գործի քննությունն այժմ ակտիվացել է:

«Իմ հանձնարարականով երեկ քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին, բավարարվել է միջնորդությունը, այսօր արդեն ձերբակալել ենք ու ներկայացրել խափանման միջոց, որպեսզի կալանք ընտրվի», - նշեց նա:

Իսկ քննությունն ակտիվացել է, որովհետև իր հսկողության ներքո է, որովհետև հանրային հնչեղություն ստացավ, այսպես հասկացանք Քննչական կոմիտեի նախագահի խոսքից, միայն թե վերջում պարզվեց այս հանրային հնչեղությունը նրա սրտով չէր:

«Իմ կարծիքով՝ արհեստական հանրային հնչեղություն դրվեց, չգիտեմ շարժառիթը որն էր, կարծում եմ՝ սրանից քննությունը ոչ թե շահեց ակնհայտորեն, այլ նաև գիտեմ իրավիճակ, երբ այդ երեխաներն ըստ էության նաև կրկնակի զոհի կարգավիճակում են հայտնվել: Մենք այսօր նաև պաշտպանության միջոց ենք կիրառել կոնկրետ անձանց նկատմամբ, անվտանգության միջոցներ և այլն», - ներկայացրեց ՔԿ նախագահը:

Օրվա առաջին կեսին վարչապետ Փաշինյանը Վեդիի այս սկանդալի բացահայտման մասին էր խոսում, ենթադրվում էր գովասանքի պիտի արժանանային Արարատի, Վեդու իրավապահ կառույցների ղեկավարները, քիչ առաջ, սակայն, Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին պաշտոններից ազատվել են Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանը:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG