«Երևանն ու Դելին քննարկում են ռազմական տեխնիկայի համատեղ մշակման, ռազմավարական գործակցության խորացման և զինված ուժերի արդիականացման հեռանկարները», - հաղորդում է The New Indian Express պարբերականը՝ տեղեկություններ հաղորդելով Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի Հնդկաստան կատարած այցի մասին։
Սեփական աղբյուրները վկայակոչելով՝ պարբերականը պնդում է, որ Հայաստանը քննարկում է հնդկական զինատեսակները իր տարածքում արտադրելու տարբերակները։
«Հնդկաստանի Պաշտպանության միավորված շտաբի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կողմերը քննարկում են ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը», - գրում է The New Indian Express-ը։
Թերթի պնդմամբ՝ այդ դեպքում հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությունը դուրս է գալու «ավանդական գնորդ-վաճառող տրամաբանությունից դեպի համատեղ մշակում և տեղական արտադրության կազմակերպում»։
«Հայաստանն ուսումնասիրում է հնդկական արտադրության ՀՕՊ համակարգերը իր տարածքում արտադրելու կամ ինտեգրելու տարբերակները», - գրում է թերթը։