Հայաստանի զինված ուժերի ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հնդկաստանում իր պաշտոնակից Անիլ Չաուհանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ներկայիս ընթացքին առնչվող հարցեր:
Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի:
ՊՆ-ից հաղորդում են, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։
Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի, ռազմաօդային ուժերի հրամանատար, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։
Նրանց հետ ևս քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։
Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին Հնդկաստանի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: Տեղի լրատվամիջոցները գրել էին Pinaka համազարկային հրթիռների Հայաստան առաքման մասին, այդ առթիվ անցկացված պաշտոնական միջոցառմանը նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարն է մասնակցել: 2024-ի ավարտին էլ աղբյուրները գրում էին, որ Հայաստանն արդեն ստացել է Pinaka համակարգերի առաջին խմբաքանակը: