Ակնկալվում է, որ Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները այս շաբաթ կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկեն այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ եվրոպական չափանիշներին և տեխնիկական պահանջներին անցնելու Հայաստանի որոշման հետ, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա նշել է, որ Հայաստանը «բավականին ակտիվորեն աշխատում է եվրոպական չափանիշներին և տեխնիկական կանոնակարգերին անցնելու ուղղությամբ»։
«Այս առումով ԵԱՏՄ անդամ պետությունները կարող են բախվել տնտեսական ռիսկերի, որոնք նույնպես պետք է գնահատվեն։ Իրականում, սա է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում քննարկման համատեքստը, եթե պետությունների ղեկավարները համաձայնեն քննարկել այս թեման», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Օվերչուկը կրկին ընդգծել է՝ Մոսկվան հետաքրքրված է, որ Հայաստանը օր առաջ պարզաբանի իր դիրքորոշումն այս հարցում։
«Ներկայիս իրավիճակը մեծ անորոշություն է ստեղծում, այդ թվում՝ ներդրողների համար։ Ներդրողները սիրում են կանխատեսումներ անել և ցանկանում են գնալ կանխատեսելի իրավական միջավայր ունեցող երկրներ», - ասել է ՌԴ փոխվարչապետը:
«Անցյալ տարվա ընթացքում մենք տեսանք, որ Հայաստանում ռուսահայ գործարարին պատկանող էլեկտրաէներգետիկ ցանցերը (...) փաստացի բռնագրավվեցին։ Եվ մենք, իհարկե, նշում ենք դա։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիայի վաճառքի թեման պարբերաբար բարձրացվում է նաև Հայաստանում։ Այս ամենը շատ անառողջ մթնոլորտ է ստեղծում ռուսական բիզնեսի համար Հայաստանում», - պնդել է Օվերչուկը։
Մոսկվան տևական ժամանակ Երևանին հորդորում է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հայկական կողմից էլ արձագանքում են, թե դեռ ընտրության պահը չի հասունացել: Երևանից նաև պնդում են, որ ԵԱՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից: