Վաղ առավոտյան ուրախ ավտոբուսով իշխանականներն ուրախ տրամադրությամբ, ավանդական սրտիկներով Շիրակի մարզ ուղևորվեցին՝ վարչապետի գլխավորությամբ:
Քարոզարշավային այս օրը Նիկոլ Փաշինյանը հիմնականում տնտեսական հարցերին նվիրեց՝ արանքում, իհարկե, չմոռանալով իր հռչակած «պատերազմի եռագլուխ կուսակցության» առաջնորդներին:
Վաղ առավոտից նախ ֆեյսբուքյան գրառմամբ, ապա Սառնաղբյուրում տեղեկացրեց, որ այսօրվանից հայաստանցի գործարարները կկարողանան ապրանքների տեղափոխման համար օգտագործել Ախալքալաք-Կարս երկաթգիծը:
«Հայաստանը ևս մի ուղղությամբ երկաթուղային կապ է ստանում, և Ախալքալաք- Կարս երկաթուղով բացվում են մեր ճանապարհները: Եվ ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ, ի վերջո, շրջափակումը քայլ-քայլ հաղթահարվում է։ Այսինքն՝ ինչպես նախորդ տարվա վերջում Հայաստանը հնարավորություն ստացավ Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, հետագայում նաև դեպի Ղազախստան, հետագայում դեպի Չինաստան երկաթուղային կապ ստանալու, հիմա մենք էլի Վրաստանի տարածքով, Ախալքալաք-Կարս երկաթուղով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ստանալ եվրոպական երկրների հետ և Սիրիայի Արաբական Հանրապետության հետ»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց նաև, որ առաջիկայում կսկսվի Գյումրի-Կարս երկաթգծի վերանորոգման աշխատանքները:
Հետո Երասխի երկաթուղային հանգույցից խոսեց: Թեպետ երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնված ռուսական կողմին ու Մոսկվայի հետ բանակցություններ կային, որ ռուսները ստանձնեն վերանորոգումը, բայց այսօր վարչապետը հայտարարեց, որ դա կանի Հայաստանի կառավարությունը:
«Մենք նաև Երասխի հանգույցի նորոգումն ենք սկսելու, ընդ որում, Հայաստանի կառավարությունն իր վրա է վերցնելու, չնայած կոնցեսիոն պայմանագիր կա, մենք ներդրում ենք անելու և երկաթուղին նորոգելու ենք, վերականգնելու ենք, և երկաթուղին բացվելու է»,- շեշտեց վարչապետը:
Ինչպե՞ս է հայկական կողմը միանալու՝ Վրաստանում Ախալքաքալի, Թուրքիայում էլ Կարսի երկաթուղուն, ինչպիսի ենթակառուցվածքներով, արդյոք խոսքը միայն ապրանքների տարանցման, թե նաև երկաթուղային ցանցի միավորման մասին է, ինչո՞ւ տապալվեցին ռուսական կողմի հետ բանակցությունները վերանորոգման հարցով... այս հարցերի պատասխանները վարչապետից ստանալ չհաջողվեց: Նա այսօր հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին:
Իսկ ընտրողների հետ հանդիպումներում ճանապարհների բացման առավելություններից էր խոսում: Մասնավորապես՝ պնդեց, թե դեպի Եվրոպա, բայց ոչ ԵՄ անդամ պետությունների շուկաները ևս այս հաղորդակցման համակարգին միանալով հայ գործարարների համար նոր շուկաներ կբացվեն:
«Առաջիկայում արդեն մեր բիզնես պատվիրակությունները, մեր արտահանողները կմեկնեն նաև տարածաշրջան, կմեկնեն Թուրքիա, կմեկնեն նաև հետագայում, կկազմակերպենք Սիրիա, Եվրոպական միության երկրներ, նաև կկազմակերպենք Եվրոպայի այն երկրները, որոնք Եվրոպական միության անդամ չեն, և որոնց հետ մենք մեծ լավ կապեր ունենք և հարաբերություններ ունենք, որպեսզի մենք հասկանանք, թե այս հնարավորությունները ոնց ենք օգտագործում»,- հայտարարեց Փաշինյանը, ասաց նաև, որ առաջիկայում սկսվելու են նաև TRIPP-ի շինարարական աշխատանքները:
«Առաջիկայում մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրելու ենք TRIPP նախագծի իրագործման արդեն վերջնական պայմանագիրը, իրագործելու ենք էդ պայմանագիրը, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունն արդեն ոչ թե տեսականորեն, այլ բառիս բուն իմաստով դառնալու է խաղաղության խաչմերուկ»,- ասաց Փաշինյանը:
Անցած տարի որպես շինարարության մեկնարկի ժամկետ Փաշինյանն այս տարվա կեսն էր նշում, այսօր ևս ոչ մի հստակ ժամկետ չնշեց:
Խոսեց նաև ԵԱՏՄ-ում առաջացած խնդիրներից: Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանը արգելել է հայկական ծաղիկների ներմուծումը, Ջերմուկի ու որոշ ալկոհոլային խմիչքների վաճառքը՝ պնդելով, որ դրանք չեն համապատասխանում ստանդարտներին: Ակնարկել են նաև հայկական միրգ-բանջարեղենի հետ կապված խնդիրների մասին: Չնայած, օր օրի ավելացող սահմանափակումներին ու Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև արագ ընտրություն կատարելու ռուսական կողմի սաստկացող զգուշացումներին, Փաշինյանը լավատես էր: Պնդեց՝ չլուծվող հարց չկա, իսկ երբ քարոզարաշավն ավարտվի ու ինքը մնա վարչապետի պաշտոնին, ապա շատ արագ այդ հարցերը կկարգավորվեն:
Փաշինյանի խոսքով.- «Էս կարգավիճակը թույլ է տալիս պնդել, որ ԵԱՏՄ շրջանակներում, իհարկե, տրամաբանական հարցեր, ինձ համար անլուծելի հարցեր չկան։ Հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, ընտրություններին, եթե ես ստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի, և բոլոր հարցերը կլուծեմ»:
Ադրբեջանի հետ 9 ամսվա խաղաղությունը դարձյալ համեմատեց 9 ամսական երեխայի հետ՝ ասելով, թե «պատերազմի եռագլուխ քաղաքական ուժերն ուզում են այդ երեխային որբանոց հանձնել»:
«Էսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունն էդ 9 ամսական երեխային ասում է՝ եկեք հանձնենք որբանոց, եկեք հանձնենք ուրիշների խնամքի և երաշխավորի մասին խոսակցությունը հենց էս ա նշանակում։ Ասում են՝ մենք չենք կարա տեր կանգնենք էդ խաղաղությանը, եկեք հանձնենք, թող ուրիշը տեր կանգնի: Ուրիշի տեր կանգնած խաղաղությունը մենք արդեն տեսել ենք։ Մեր խաղաղությունը և մեր զարգացումն առաջին հերթին մեզ է պետք, և մենք պետք է տեր կանգնենք մեր խաղաղությանը»,- հայտարարեց վարչապետը:
Ընդդիմադիրներն էլ Փաշինյանին են մեղադրում պատերազմներ բերելու, Արցախի կորստի ու առանց երաշխավորների՝ Ադրբեջանի հետ համաձայնություն կնքելու համար՝ պնդելով, որ Փաշինյանի բանակցածը կայուն խաղաղություն չէ:
Թեև դատարանի վճիռներ չկան, այսօր էլ Փաշինյանը սպառնաց քաղաքական հակառակորդներին, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նստելու է Մարտի մեկի գործով, Սամվել Կարապետյանը՝ էլեկտրաէներգիայի գողության, Գագիկ Ծառուկյանն էլ «Արարատցեմենտը» սեփանաշնորհելու խարդախության համար: Այս երեքին նաև ուզում է ունեզրկել:
«Եվ ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանի սարի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա, էնպես, ինչպես փեսայի տունն արդեն սեփականություն է՝ Գուլոյանի 2․5 միլիոն դոլար արժողությամբ տունը։ Ես ասում եմ՝ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը, ոնց որ 2 բոթասից սկսել են, 2 բոթաս էլ ես իրանց հասցնելու եմ ձեր աջակցությամբ»,- իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՔՊ-ականները ևս մեկ քարոզարշավային օր Շիրակի մարզում կանցկացնեն: