Ռուսաստանից հնչած հայտարարություններից իշխող քաղաքական ուժը, ըստ պնդումների, շատ անհանգստացած չէ: Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է՝ հայ-ռուսական լարվածության վերջին օրը կլինի հունիսի 7-ը, ընտրության հաջորդ իսկ օրը ամեն ինչ լինելու է իդեալական:
«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ բոլոր խոսակցությունները կավարտվեն հունիսի 8-ի առավոտյան, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարձանագրի արդյունքները, և դուք կտեսնեք մեր ժողովրդի քվեն, և դրանից հետո բոլոր հարցերը կփակվեն», - լրագրողների հտ զրույցում հայտարարեց Պապոյանը։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում երեկ Հայաստանին հարցով հատուկ աշխատանքային խմբի քննարկում է կազմակերպվել, որտեղ քարտուղար Սերգեյ Շոյգուն բավականին կոշտ հայտարարություններ է հնչեցրել՝ Հայաստանի ղեկավարության քայլերը որակելով «անհամատեղելի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», դրանց շարքում շեշտադրելով Հայաստանի եվրոպական ձգտումները:
Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են. արդեն օրեր շարունակ հնչող այս նախազգուշացումը Շոյգուն մի քիչ այլ կոնտեքստում է կրկնել, թե Հայաստանն ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման և ԵՄ-ի հետ մաքսային ու առևտրային ռեժիմների համաձայնեցման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել Հայաստանի պարտավորություններին ԵԱՏՄ-ի շրջանակներում»։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ Շոյգուի գնահատականին, թե Հայաստանը դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է անում:
«Ես չեմ կարծում, որ պնդումը իրականության հետ կապ ունի, և Հայաստանը որևիցե քայլ չի արել, չի անում և չի էլ նախապատրաստվում անել Ռուսաստանի կամ որևիցե այլ պետության դեմ: Ես հասկանում եմ՝ իրենց մոտ նյարդ կա, որովհետև իրենք հիմա շատ ծանր պատերազմական փուլում են գտնվում, բայց էդ նյարդը իրականությանը, իրականությունը, ինձ թվում է, մի քիչ ծռմռում է, և տենց բան գոյություն չունի», - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը:
Ալեն Սիմոնյանը այս փուլում Ռուսաստանից հնչող կոշտ հայտարարությունները կապում է, ինչպես ինքն է պնդում, ռուսական ազդեցության տակ գտնվող երեք ընդդիմադիր ուժերի՝ ընտրություններին մասնակցության հետ: Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ին, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին ու Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ին վարչապետ Փաշինյանը պատերազմի եռագլուխ կուսակցություն է անվանում, ՔՊ-ականները մեկ անգամ չեն հայտարարել, որ նրանց ռուսական ազդեցության ուժեր են համարում:
«Այսինքն՝ ռուսները նախընտրական այս փուլում փորձում են իշխանությանը ճնշել, որպեսզի իրենց նախընտրելի ուժերի համար ինչ-որ իրավիճա՞կ փոխեն», - «Ազատության» այս հարցին ԱԺ նախագահն արձագանքեց. - «Ոչ թե իշխանությունը, այլ կոնկրետ ինչ-որ կենտրոններ, որովհետև էնտեղ իշխանությունը շատ լայն հասկացողություն է, տենց ռուսական արտահայտություն կա, հա՞՝ «Կրեմլը մի քանի բաշնյա (աշտարակ՝ ռուսերեն. - խմբ.) ունի», և կարծում եմ՝ որոշները ուղղակի հայ ժողովրդին չեն ճանաչում»:
Թե ինչ քայլերի կարող է գնալ Երևանի գործողություններից դժգոհ Մոսկվան, Սերգեյ Շոյգուն երեկ չի թվարկել, բայց առարկությունների կողքին նաև հիշեցրել է Ռուսաստանից Հայաստանի տնտեսության կախվածության մասին, որ թե՛ արտահանման, թե՛ ներմուծման ծավալներով Հայաստանի գլխավոր գործընկերը Ռուսաստանն է, Մոսկվան Երևանին գազը վաճառում է շուկայականից երեք անգամ ցածր գներով, ալյուրը, հացահատիկը, պարարտանյութերը, դիզելային վառելիքը և բենզինը՝ արտոնյալ պայմաններով:
«Ի վերջո, դա փոխշահավետ է էդ համագործակցությունը». - արտաքին գործերի նախարարը հակադարձում է՝ Ռուսաստանից ապրանքները Հայաստանը ձրի չի ստանում:
«Դե մենք կարծում ենք, որ էդ գործընկերությունը նորմալ կշարունակվի, և մենք աշխատում ենք էդ ուղղությամբ, որ նորմալ ամեն ինչ շարունակվի», - ասաց Միրզոյանը:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդում Հայաստանի հարցով հատուկ խմբի քննարկման բաց հատվածից տարածված կադրերում երևում է՝ հանդիպմանը մոտ երկու տասնյակ ռուս պաշտոնյա է մասնակցել:
Ըստ «Կոմերսանտ»-ի, ներկա է եղել ԵԱՏՄ հարցերը համակարգող փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, կապի նախարարը, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ու «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարները, երկու փոխարտգործնախարարներ, էներգետիկայի նախարարի առաջին տեղակալը, ինչպես նաև ուժայիններ, նրանց թվում՝ ներքին գործերի նախարարի տեղակալն ու Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի առաջին տեղակալը:
Այս հանդիպումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը, մինչև ավարտվեն ջերմոցների ստուգումները: Հայկական ծաղիկները հիմնականում Ռուսաստան են արտահանվում, անցած տարի այդ թիվը կազմել է 53 միլիոն դոլար:
Իսկ «Ազատությանը» դիմած բեռնափոխադրող վարորդները պատմում են թե՛ մուտքի, թե՛ Հայաստան հասնելու դժվարությունների մասին:
Հայաստանի կառավարությունն ունի՞ պլան Բ, եթե ռուսական կողմը գնա կոնկրետ գործողությունների, օրինակ՝ խնդիրներ ստեղծի նաև ցորենի արտահանման համար կամ թանկացնի գազը:
Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է՝ Ռուսաստանը չի գնա կտրուկ գործողությունների:
«Հայաստանի Հանրապետությունը ունի անհրաժեշտ պաշարներ, Հայաստանի Հանրապետությունը ունի դիվերսիֆիկացված մատակարարման աղբյուրներ, Հայաստանի Հանրապետությունը ստանում է և կստանա կայուն ցորեն, և այդ մասով մեր քաղաքացիները որևէ մտահոգություն ունենալ չեն կարող: Բոլոր մեխանիզմները կան, մշակված են, դրված են, բայց մենք հավատացած ենք, որ ձեր ասած սցենարը տեղի չի ունենա», - ասաց Պապոյանը:
Մամուլում արդեն այսօր լուրեր տարածվեցին գազի հնարավոր թանկացման մասին, բայց և՛ «Գազպրոմ Արմենիա»-ն, և՛ ոլորտը համակարգող տարածքային կառավարման նախարարը հերքեցին:
«Նախարարությանը էդպիսի բան չեն տեղեկացրել», - հայտարարեց Դավիթ Խուդաթյանը:
Չնայած Երևանի հավաստիացումներին, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ այս պահին չկա, Մոսկվան պարբերաբար շտապեցնում է ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցում: Ավելին՝ հայտարարվել է, թե Աստանայում հաջորդ շաբաթ նախատեսված ԵԱՏՄ նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը: Այնուհանդերձ, վարչապետ Փաշինյանը, ըստ ԱԺ նախագահի, ռուսական կողմի այս կոշտ հայտարարությունների ֆոնին որոշումը չի փոխի և չի մեկնի Աստանա:
«Չէ, ինչի՞ պիտի գնա, մենք քարոզարշավի մեջ ենք, դա քաղաքական որոշում մի որակեք, հա՞: Վարչապետը Ռուսաստանի Դաշնության նախագահին բացատրել է, որ մենք... Դուք տեսնում եք՝ ամեն օր առավոտը ժամը 7-ից, արևահարված, վարչապետը փողոցներում է», - ասաց Ալեն Սիմոնյանը:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը հաստատել է՝ Հայաստանից պաշտոնապես տեղեկացրել են՝ Փաշինյանը չի մեկնի Աստանա, որտեղ նրան կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: