Քարոզարշավի 17 -րդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը Շիրակի մարզում են:
Մարալիկում քաղաքացիների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «ԵԱՏՄ շրջանակում ինձ համար անլուծելի հարցեր չկան, իհարկե, տրամաբանական հարցեր, հիմա նախընտրական քարոզարշավով եմ զբաղված, եթե ստանամ ձեր վստահության քվեն, կվերադառնամ աշխատանքի, և բոլոր հարցերը կլուծվեն»:
«Չորս սկզբունք կա ապրանքների, ծառայությունների, աշխատուժի, ֆինանսական միջոցների անխոչընդոտ ելումուտ, տարանցում: Այս չորս սկզբունքների կիրառմամբ չկա որևէ հարց, որ ես չկարողանամ լուծել»,- շեշտեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ ԵԱՏՄ անդամ լինելով՝ միաժամանակ խորացնում են հարաբերությունները ԵՄ-ի հետ, ընդգծեց.- «Օրենք ենք ընդունել Եվրամիությանը մեր անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով»:
Հետո խոսքը շարունակեց խոսելով վիզաների ազատականացման խնդրից, նշեց, թե Հայաստանի քաղաքացիներն այդ հարցում խնդիրների են բախվում։
«Նրանք մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։ Իսկ գիտեք՝ ինչու է այդպես, որովհետև 2018-2025-ին ՀՀ-ից ԵՄ մեկնողների թիվը 500 տոկոսով աճել է»։
Փաշինյանը վստահեցրեց՝ ամենաուշը երկու տարում լուծելու են Հայաստան-Եմ վիզաների ազատականացման հարցը։ «Այդ ժամանակ ձեզ մնալու է Լառնակա գնալու համար անձնագիր չմոռանալ, տոմսն էլ դե գիտեք երկու եվրո է»,- հավելեց վարչապետը:
Սառնաղբյուրում էլ բնակիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ ընդդիմությանը, դարձյալ սպառնաց ու մեղադրեց առանցքային ընդդիմադիր երեք ուժերին, ասաց՝ «Հայաստանում հաստատված է խաղաղություն, բայց պատերազմի եռագլուխ կուսակցությունն ուզում է ապացուցի, որ խաղաղությունը վատ բան է»:
««Բարգավաճ Հայաստան», «Ուժեղ Հայաստան» կուսակցությունները, «Հայաստան» դաշինքը Հայաստանից դուրս փող են ծախսում, որ Հայաստանի համար պրոբլեմներ ստեղծեն, բայց այդ պրոբլեմները չեն կարող լինել երկարատև: Այդ պրոբլեմը կարա լինի մեկ, երկու, մաքսիմում երեք շաբաթ»,- հայտարարեց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ իրենք էլ են խնդիրներ ակնկալում ընդդիմության համար.
«Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի համար ես ակնկալում եմ մեծ պրոբլեմ, որ ինքը շատ երկար ժամանակով նստի բանտում կոնկրետ Մարտի 1-ի գործով, ես պրոբլեմներ եմ ակնկալում կալուգացի օլիգարխի նկատմամբ»,- ասաց վարչապետը: