Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Սիմոնյանն արձագանքում են ռուսական կողմից հնչող հայտարարություններին

«Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզայնը՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին:

«Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, իհարկե, բոլոր հարցերին էլ լուծումներ կտրվեն»,- շեշտեց նախարարը:

Մոսկվայից կոշտ քննադատում են Հայաստանի կառավարության քայլերը, մասնավորապես, Եվրամիությանը մերձենալու ձգտումները, դրանք որակելով ոչ դաշնակցային: Ավելին՝ անձամբ նախագահ Պուտինն էր հորդորել արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև:

Վարչապետը, որ քարոզարշավի պատճառով ԵԱՏՄ առաջիկա նիստին չի մասնակցելու, պնդում է՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չկա, Երևանն էլ Մոսկվայի շահերին վերաբերվում է հարգանքով: Ռուսական կողմից, մինչդեռ, ոչ դաշնակցային են համարում մի շարք քայլեր, վերջինն էլ՝ Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն են նշում:

Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրերի մասին ևս պարբերաբար հաղորդում է ռուսական կողմը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե պետք է խուճապի մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ որոշ կազմակերպություններ, որոնց նպատակն է ապրանքի որակը ստուգել, սկսում են ստուգմներ իրականացնել.

«Պետք չէ խուճապի մեջ ընկնել, փորձել դրա շուրջ աղմուկ բարձրացնել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դա հիմնականում կապված է պրոռուսական քաղաքական ուժերի հայտարարություններով: Այն, ինչ Գագիկ Ծառուկյանն է անում, կալուգացի Սամոն է անում, Քոչարյան Ռոբերտն է անում, նրանք հրահրում են, էսպես ասած, փարոսիկներ են հանդիսանում: Ես չեմ կարծում, որ Ռուսաստանում էնքան չեն տիրապետում իրավիճակին, որ փորձելու են դա իրականության մեջ երկարատև ինչ- որ բան դարձնել: Ես ներողություն եմ խնդրում, բայց մենք էդ կոնյակը հո նվեր չե՞նք տալիս տալիս, իրենք էդ կոնյակը գնում են, սպառում են, գումար են աշխատում, և նույնը ծաղիկներին է վերաբերում և միևնույն ժամանակ, նման դեպքեր քանի անգամ են եղել»:

Սիմոնյանն ընդգծեց, որ իր ռուս գործընկեր Վալենտինա Մատվիենկոյի հետ գործընկերային լավ հարաբերություններ ունի և, որ որևէ խնդրի շուրջ չեն զրուցել.

«Իմ ավագ ընկերն է, իմ լավ գործընկերն է, ես հարգալից վերաբերմունք ունեմ իր նկատմամբ, ինքը ինձ չի զանգել, ինքը ինձ ոչ մի բան չի ասել, մենք պայմանավորվել ենք, որ եթե նման բան լինի, ինքը ինձ կզանգի, կասի, ես իր խոսքին հարգանքով եմ վերաբերվում: Ես կարծում եմ, որ նման սրացումները կարող են ունենալ բազմաթիվ պատճառներ՝ Ուկրաինայի հետ տեղի ունեցող իրադարձությունները կարող են դրա վրա ազդել, վերջին համաժողովը կարող է նյարդ առաջացրած լինի, ՀՀ-ում ընտրությունների պրոցեսը, ընտրությունների պրոցեսում պրոռուսական ուժերի ակտիվ մասնակցությունը, ինչպես նաև վերջին հարցումները կարող են դրա պատճառ լինել, որովհետև ակնհայտ է, որ բոլոր նորմալ կազմակերպությունների հարցումներում, ինչպես նաև մթնոլորտից երևում է, որ Հայաստանում իշխանությունը շատ մեծ աջակցություն ունի, խաղաղության պրոցեսը կարող է...բազմաթիվ են, մի բան չի կարելի բերել որպես պատճառ»,- շեշտեց ԱԺ նախագահը։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG