Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, օրինակ, թանկ գնով, արձագանքելով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»:
ՌԴ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Լուգովոյն առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը:
Նախօրեին էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր հայտարարել է՝ գազի արտոնյալ գինը կարող է շուկայական դառնալ, եթե Երևանը որոշի լքել ԵԱՏՄ-ը:
«Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլընտրանք՝ լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում: Էդ ես չեմ որոշելու, էդ դուք եք որոշելու: Իմ խնդիրն այն է, որ դուք ունենաք այլընտրանքներ, և դուք ունեք այլընտրանքներ: Մեր այն գործընկերները, որոնք սրան սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրենք իրենց դեմ են գործում, որովհետև իրենք պետք է առաջարկ անեն հայ ժողովրդին, ասեն՝ էս լավ բանը կանենք, էն կանենք, իրենք հակառակը՝ ասում են՝ էս վատ բանը կանենք», - նշեց Փաշինյանը:
Ընդգծելով՝ այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, վարչապետն ասաց. «Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ ճիշտ կլիներ, որպեսզի Հայաստանում հանրաքվե անցկացվեր՝ Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Այդ դեպքում, ըստ նրա, Ռուսաստանը կարող էր համապատասխան հետևություններ անել և գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։
Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ հակված չեն սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Պաշտոնական Երևանը քանիցս ընդգծել է նաև, որ տվյալ պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից: