Ղազախստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի օրակարգը «բարդ է լինելու» Հայաստանի եվրոպական ձգտումների պատճառով, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ միաժամանակ հավելելով՝ չի կարելի ասել, թե Հայաստանի ճակատագիրը ԵԱՏՄ-ում կորոշվի Աստանայի գագաթնաժողովում:
«Օրակարգը բարդ է։ Բացի բուն ինտեգրացիոն հարցերից՝ Հայաստանի հետ կապված բարդ իրավիճակ կա։ Հայաստանը գնում է դեպի մեկ այլ միավորման հետ ինտեգրման: Սրանք իրար բացառող գործընթացներ են», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնելով, որ Հայաստանը Եվրամիությանը միանալու օրենք է ընդունել՝ նախագահ Պուտինի խոսնակն ասել է, թե «դա քննարկման թեմա կլինի»:
«Մեր գործը չէ դատել, թե ինչ օգուտներ կարող է տալ Հայաստանին եվրաինտեգրումը, բայց հենց մենք կարող ենք արձանագրել այն օգուտները, որոնք Հայաստանը ստանում է ԵԱՏՄ անդամակցությունից։ Դա երկրի ՀՆԱ-ի և տարեկան զարգացման մի քանի տոկոսային կետի կայուն աճն է։ Արդյոք ԵՄ-ն կապահովի՞ դա, հավանաբար պետք է որոշեն հենց իրենք՝ հայերը, այլ ոչ թե մենք։ Իսկ մենք պետք է հոգ տանենք մեր ինտեգրման, Եվրասիական միության մասին», - ասել է Պեսկովը:
Ռուս պաշտոնյան նաև հայտնել է, թե մոտ ժամանակներս նախագահ Պուտինի ու վարչապետ Փաշինյանի շփում չի նախատեսվում:
Պաշտոնական Մոսկվան վերջին շրջանում հորդորում է արագ կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև: Պաշտոնական Երևանն ի պատասխան հայտարարում է, թե դեռ որոշում կայացնելու պահը չի եկել: Այսօր էլ վարչապետ Փաշինյանը կրկնել է, թե այդ որոշումը կայացնելու է ոչ թե ինքը, այլ Հայաստանի ժողովուրդը: