Մատչելիության հղումներ

Օվերչուկ. Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, բայց պետք է արագ կողմնորոշվել

Լրացված
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ, արխիվ

Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, բայց իրավիճակն արտասովոր է, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Շատ տարօրինակ, արտասովոր իրավիճակ է։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵԱՏՄ-ում, բարգավաճի ու շարունակի զարգանալ նույն տեմպերով, ինչպես որ արել է վերջին տարիներին, երբ ԵԱՏՄ-ում էր: Հայաստանի ղեկավարությունն էլ է հայտարարում, որ ուզում է մնալ կառույցում», - ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

«Ոչ ոք Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս չի մղում, պարզապես իրենք են ասել, որ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Պետք է կողմնորոշվել։ Որքան շուտ դա արվի, այնքան լավ կլինի բոլորի համար», - ավելացրել է Օվերչուկը։

Ռուս պաշտոնյան նաև պնդել է՝ այն փաստը, որ Հայաստանի վարչապետը չի մասնակցելու այս ամսվա վերջին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին, վկայում է նրա առաջնահերթությունների մասին։

Ակնհայտ է, որ այս հարցերը կբարձրացվեն և կքննարկվեն այդ հանդիպման ժամանակ, ասել է նա։ Վարչապետ Փաշինյանը մինչ այդ հայտարարել էր, թե չի մեկնելու նախընտրական արշավի պատճառով, և որ ինքն այդ մասին Ռուսաստանի նախագահին տեղյակ է պահել ապրիլին կայացած հանդիպման ժամանակ։

«Եթե Փաշինյանը միանա հեռավար՝ ավելի լավ կլինի, քան եթե ընդհանրապես չերևա», - ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ավելի վաղ Օվերչուկն ասել էր, թե ԵԱՏՄ առաջիկա՝ մայիսի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովում քննարկվելու է կառույցում Հայաստանի կարգավիճակի հարցը։

Երևանից հակադարձում են, թե մտադիր չեն տնտեսական դաշինքից դուրս գալու դիմում ներկայացնել։

XS
SM
MD
LG