Մատչելիության հղումներ

Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել

Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ձկնամթերք արտադրող հայկական «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ պլյուս» ընկերությունները թեև անցած շաբաթներին իրենց արտադրանքը Ռուսաստան չեն արտահանել, բայց այսօրվանից հայտնվել են ռուսական պատժամիջոցների տակ: «Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր տեղեկացրեց, որ ձկնարտադրությամբ զբաղվող հայկական մյուս ընկերությունների օրինակով այս երկուսի ներմուծումը ևս արգելել է:

Անցած ամսվա վերջին «ՄՖ Էքսպորտ»-ը և «Ինվեստ պլյուս»-ը ստուգումներ էին անցել և Ռուսաստանից ներմուծման թույլտվություն ստացել: Սակայն, ինչպես պնդում է Հայաստանի Սննդի անվտանգության տեսչական մարմինը, թույլտվությունից հետո այդ ընկերությունները որևէ խմբաքանակ Ռուսաստան չեն տարել: Ի դեպ, ընկերություններից մեկն էլ «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ արդեն մի քանի շաբաթ է դեպի Ռուսաստան ձուկ չեն արտահանում:

Եթե հայկական այս երկու ընկերությունները Ռուսաստան արտահանում չեն արել, ինչո՞ւ են նրանք էլ պատժամիջոցների տակ հայտնվել: Այս հարցին ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը դժվարացավ պատասխանել:

«Այդ երկու կազմակերպությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն արտոնելուց հետո դեպի Ռուսաստանի Դաշնություն այդ երկու ընկերությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարությունյանը: Իսկ թե ինչու չեն արտահանել, ՍԱՏՄ խոսնակը նշեց. - «Ես չեմ կարող ասել, թե ինչու չեն արտահանել, դա տնտեսվարողի խնդիրն է՝ կուզի՝ կարտահանի, չի ուզի՝ չի արտահանի, բայց տեղեկացնում եմ, որ չի արտահանել»:

«Այդ դեպքում, չարտահանված ապրանքի համար ինչո՞ւ են արգելել նրանց արտահանումը», - սրան էլ Անուշ Հարությունյանն արձագանքեց. - «Դուք հիմա ինձ հարց եք տալիս, որի պատասխանը ես չունեմ, ես չեմ կարող ասել՝ Ռուսաստանը ինչով է առաջնորդվում: Այս պահին, ասում եմ միայն, որ իրենց արտոնելուց հետո այդ երկու կազմակերպությունները որևէ խմբաքանակ չեն արտահանել»:

Դեպի Ռուսաստան հայկական ձկնամթերքի արտահանումը ամբողջությամբ դադարեցնելու մասին «Ռոսսելխոզնադզոր»-ի այսօրվա որոշումը հաջորդեց Եվրասիական տնտեսական միության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ արած սուր հայտարարություններին:

«ԵԱՏՄ-ն չորս սկզբունք է՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների ազատ հոսք: Եթե չկա էդ ազատ հոսքը, ուրեմն չկա ԵԱՏՄ-ն: Ասենք, լավ, էս կարա մի ամիս խնդիր լինի, լավ, երկու ամիս կարա խնդիր լինի, լավ, երեք ամիս կարա խնդիր լինի, չորրորդ ամիսը եթե էդ խնդիրը դեռ կա, նշանակում է՝ ԵԱՏՄ չկա, հետևաբար՝ եթե ԵԱՏՄ-ն հայտարարում է, որ ինքը չկա, մենք ի՞նչ անենք: Է չկա՝ չկա, չի լինի՝ չի լինի», - մասնավորապես հայտարարել էր Փաշինյանը:

Ռուսաստանի արձագանքը Փաշինյանին

Ռուսական կողմի արձագանքը չուշացավ: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանի վարչապետին մեղադրեց դեմագոգիայի մեջ:

«Ծանոթացել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ... Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ, ինչպես որ նա դա արդեն արել է ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցությունը սառեցնելու հետ կապված», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Ձկները մեծանում են, նրանց անվերջ պահել հնարավոր չէ». ձկնարտադրողները՝ անորոշության մեջ

Մինչ Երևանն ու Մոսկվան փոխադարձ մեսիջներ են հղում, հայաստանյան ձկնարտադրողները անորոշության մեջ են:

«ՄՖ Էքսպորտ»-ից, որի մասին էլ «Ռոսսելխոզնադզոր»-ը այսօր հայտարարություն տարածեց, «Ազատությանը» փոխանցեցին, որ ելքեր են փնտրում, փորձում են նոր շուկաներ գտնել, արտահանում կազմակերպել դեպի եվրոպական երկրներ և Արաբական Միացյալ Էմիրություններ: Արդյոք ստացվում է, թե՝ ոչ, տնօրենը չցանկացավ մանրամասնել:

Անցած ամսվանից ռուսական պատժամիջոցների տակ հայտնված ձկնարտադրող ընկերությունների շարքում է նաև Արարատի մարզում գտնվող «Արտ ֆիշ»-ը: Ընկերության ներկայացուցիչը, որ չցանկացավ ներկայանալ, փոխանցեց, որ մեծ ծախսեր են արել, վարկեր են վերցրել, բայց իրենց արտադրած իշխանն ու թառափը իրացնել չեն կարողանում:

Այս ընկերությունը ձկնամթերքը հիմնականում արտահանում էր Ռուսաստան, «Արտ ֆիշ»-ի փոխանցմամբ՝ միայն 2025-ին այդ երկիր շուրջ 540 տոննա են արտահանել:

«Արտադրանքն այս պահին պահին չենք կարողանում արտահանել, բայց շարունակում ենք ծախսեր անել: Խնդիրն այն է, որ ձկներին չկերակրել չենք կարող, թթվածին չտալ չենք կարող, լճերը աէրատորներով են աշխատում, կերերի, էլեկտրաէներգիայի համար մեծ գումարներ ենք վճարում: Ձկներն էլ մեծանում են, նրանց անվերջ պահել հնարավոր չէ, անորոշ վիճակի մեջ ենք», - փոխանցեց «Արտ ֆիշ»-ի ներկայացուցիչը:

Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հայկական իշխանն ու թառափը եվրոպական երկրներ արտահանել այս պահին չեն կարող, Եվրամիության ստանդարտներին համապատասխանելու համար երկար ճանապարհ ունեն անցնելու, այսինքն՝ միանգամից նոր շուկաներ հնարավոր չէ գտնել: Իսկ եթե հիմա բոլոր ձկնարտադրողները փորձեն մտնել ներքին շուկա, ապա իշխանի գինն այնքան կնվազի, որ անգամ ծախսերը չեն կարողանա փակել:

Հետևաբար, ընկերության ներկայացուցիչը նշում է, որ պետության աջակցության կարիքն ունեն՝ վարկային ու հարկային պարտավորությունները կատարելու համար:

«Չմուծել չես կարող, եթե չմուծես, չգիտեմ ինչ է լինելու ... գոնե պետությունից որևէ աջակցություն լինի, իհարկե, լավ կլինի, որ դեպի Ռուսաստան շուկան բացվի», - ասաց «Արտ ֆիշ»-ի ներկայացուցիչը:

«Աջակցություն կլինի»

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից ստեղծված իրավիճակի վերաբերյալ գնահատական ստանալ չհաջողվեց, նա միայն նշեց, որ պետության կողմից աջակցություն կլինի, հավելյալ մանրամասներ չհայտնեց:

Հայաստանում, պաշտոնական տվյալներով, տարեկան արտադրվում է շուրջ 28 հազար տոննա ձուկ, որի գերակշիռ մասը կազմում է ծիածանափայլ իշխանը: Արտադրանքը, ըստ Էկոնոմիկայի նախարարության, մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում և այլ երկրներում, ինչի արդյունքում արտադրված ձկնամթերքի շուրջ 30-40 տոկոսն արտահանվում է:

Ռուսական ծավալուն փաստաթուղթը ուսումնասիրվում է

Ինչ է սպասում առաջիկայում հայ ձկնարտադրողներին՝ անհայտ է:

«Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտնել է, թե «աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ»:

Սննդամթերքի անվտանգության տեսչության խոսնակն էլ այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ համատեղ ստուգումներ են իրականացվել չորս ձեռնարկություններում, դրանց արդյունքները ռուսական կողմը ուղարկել է իրենց: Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներին և ներկայացված վերապահումներին ծանոթանալուց հետո ՍԱՏՄ-ն կպատասխանի ռուսական կողմին:

Փաստաթուղթը ծավալուն է:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG