Հայաստանն այժմ գտնվում է ընտրություն կատարելու փուլում, և դա կարևոր է Մոսկվայի համար, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման հետագա ուղու ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, որովհետև դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան և եղբայրական երկրներ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ հավելելով․ «Ռուսաստանում ապրում են բազմաթիվ հայեր, իսկ Հայաստանում՝ ռուսներ։ Մեզ միավորում է նաև արդյունավետ ինտեգրացիոն գործընթացը։ Մենք համոզված ենք, որ հենց Եվրասիական տնտեսական միությունն ամեն տարի զգալի ներդրում է ունենում Հայաստանի ՀՆԱ-ի աճի հարցում»։
Չնայած վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակել է մի շարք հայկական ապրանքների ներկրումը, Պեսկովը պնդել է, թե Մոսկվան շահագրգռված է Երևանի հետ համագործակցության շարունակմամբ․
«Ռուսաստանը Հայաստանի խոշոր ներդրողներից է, համագործակցության ոլորտները բազմաթիվ են, և հարաբերությունները կշարունակեն զարգանալ»։
«Կարծում ենք, որ իր որակական բոլոր հատկանիշներով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է այլընտրանքային տարբերակներին։ Հույս ունենք, որ իրավիճակի վերլուծության արդյունքում նույն եզրակացության կհանգեն ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը»,- նշել է Պեսկովը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին և կքննարկի հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները։
Անցյալ ամիս Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ նշել էին, որ Հայաստանը պետք է մինչև դեկտեմբեր կողմնորոշվի Եվրամիությանը միանալու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցում։