«Ռոսսելխոզնադզոր» դադարեցրել է Հայաստանից Ռուսաստան ձկնամթերքի բոլոր մատակարարումները՝ արգելելով նաև երկու այն ընկերությունների ապրանքի ներմուծումը, որոնք ավելի վաղ ստուգում էին անցել: Գերատեսչությունը հայտնել է, որ «աշխատում է հայկական կողմի հետ ռուսական շուկա մատակարարվող ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ»:
«Ռոսսելխոզնադզորը» հիշեցրել է, որ ավելի վաղ՝ «համակարգային խախտումների արձանագրման արդյունքում», հայկական կողմին առաջարկել էր ժամանակավորապես դադարեցնել ձկնամթերք արտադրող բոլոր ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը՝ բացառությամբ այն ընկերությունների, որոնք անմիջականորեն մասնակցել էին տեսչական ստուգումներին՝ «ՄՖ Էքսպորտ» ՍՊԸ-ի և «Ինվեստ պլյուս» ՍՊԸ-ի։
Այս ընկերությունների նկատմամբ սահմանվել էր ուժեղացված լաբորատոր վերահսկողության ռեժիմ։
«Հետագայում, ներկայացված նյութերի վերլուծության արդյունքում, կազմվել է նախնական հաշվետվություն, և մինչև հայտնաբերված խախտումների վերացումը, ինչպես նաև անհրաժեշտ հաստատող փաստաթղթերի ներկայացումը, որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նաև նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», նշել են «Ռոսսելխոզնադզորից»։
Այս ամսվա սկզբին հայտնի էր դարձել, որ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) և «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել էր «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների արտադրանքի ներմուծումը Ռուսաստան: