Հայաստանի կառավարությունն այսօր առավոտյան արտահանողներին աջակցող երկրորդ ծրագիրը հաստատեց, ըստ որի՝ ըստ որոշ ապրանքների դեպքում տնտեսվարողները փոխհատուցում կստանան։ Օրվա երկրորդ կեսին արդեն, «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց՝ սահմանափակում է Հայաստանից բուսական ծագման ամբողջ արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով։ Ռուսական կողմը պատճառաբանում է, թե Հայաստանից ներմուծված մի շարք բեռներում հայտնաբերվել է գյուղատնտեսության համար վտանգավոր կապրա բզեզ:
«Россельхознадзор-ն հունիսի 12-ից սահմանափակում է Հայաստանից ծագող և Հայաստանից առաքվող ամբողջ կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով այդ արտադրանքի տարանցումը դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ծառայությունն ընթացիկ տարվա մայիսից, սահմանափակում էր հայկական կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի առանձին տեսակների ներմուծումը, ինչպես նաև բազմիցս հայկական կողմին տեղեկություններ էր ուղարկում մատակարարումների խախտումների վերաբերյալ։ Սակայն հունիսին հայտնաբերվել է կապրա բզեզով վարակվածության 3 դեպք՝ Հայաստանից ներմուծված ընկույզի, չորացրած դեղձի և չորացրած լոլիկի խմբաքանակներում։ Օրինակ՝ կապրա բզեզն ունակ է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70 տոկոսը։ Հայկական ծառայության գործունեության անարդյունավետությունը վտանգի տակ է դնում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությունը»,- ասված է տարածած հայտարարությունում:
Օդային ճանապարհով Ռուսաստան թութ արտահանող «Ֆրեշ Լայն» ընկերությունն այսօր բեռն օդանավակայան ուղարկելիս տեղեկացել է, որ ՌԴ-ն արգելել է նաև թթի ներմուծումը։
Ռուսական սահմանափակումների այս շրջանում վարչապետ Փաշինյանը պարբերաբար հայտարարում էր, որ Հայաստանը չպետք է կախված մնա մեկ շուկայից: Դեպի ԵՄ և այլ երկրներ ապրանք արտահանողներին այսօր Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը տեղեկացրեց.
«Ծիրանի մեկ կիլոգրամի համար՝ 200 դրամ, սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար՝ 250 դրամ, կեռասին՝ 400 դրամ։ Շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր մեկ լիտրի համար՝ 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտրի համար՝ 830 դրամ և հանքային ջրի համար՝ 150 դրամ։ Պարոն վարչապետ տնտեսվարողների համար ծրագրի շահառու դառնալու մեխանիզմն ավելի հասկանալի լինելու համար ներկայացնեմ, որ նշված ապրանքների արտահանումը հունիս ամսվա ընթացքում իրականացնելուց հետո փոխհատուցման նպատակով տնտեսվարող սուբյեկտը դիմում է Էկոնոմիկայի նախարարություն»:
«Ֆրեշ Լայն» ընկերությունը, գյուղացիների բերքն արտահանելուց բացի, Ռուսաստան էր մատակարարում նաև սեփական այգիների արտադրանքը։ Ընկերության տնօրենն «Ազատությանը» ասաց, որ ծրագիրը մեծ աջակցություն է, և իրենք անպայման կօգտվեն դրանից. «Իհարկե օգուտ է, օգնելու է արտահանողներին»:
Ընկերությունը նաև դեղձ ու սև սալոր է աճեցնում, սակայն դրանց ծավալները փոքր են, իսկ այլ շուկաներում, ըստ տնօրենի, դրանք մրցունակ չեն։ Այդ պատճառով սուբսիդավորման ծրագրերից հիմնականում կօգտվեն ծիրանի արտահանման համար։ «Ազատության» հարցին, թե ծիրանի ի՞նչ ծավալ են նախատեսում արտահանել ու որ երկրներն են դիտարկում, ընկերության տնօրենը պատասխանեց.
«Դիտարկում ենք Ուկրաինան, Ռումինիան, Բուլղարիան, նաև Հոլանդիա ունենք, կարծում եմ՝ մոտ մի 1000 տոննա պետք է կարողանանք արտահանել»:
«ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը նույնպես դրական է գնահատում կառավարության այս աջակցությունը և ասում, որ կօգտվեն ծրագրից։ Նրա խոսքով՝ ընկերության կոնյակը շարունակում է մուտք գործել ռուսական շուկա, թեև դժվարություններ կան։ Սակայն, քանի դեռ պարզ չէ, թե որքան ժամանակ կգործեն պետական այս սուբսիդիաները, նոր շուկաներ որոնելու մասին խոսելը վաղ է, ասում է Պետրոսյանը։ Ընկերությունը, նրա խոսքով, նախ կփորձի ամրապնդել արդեն իսկ ունեցած շուկաները։
«Եթե կոնյակի ծրագիրը 1, 3 կամ 6 ամսով է, դու չես հասցնի նոր շուկաներ գտնել, բայց կկարողանաս քո շուկաներում, որոնք արդեն ունես, ավելի ամրապնդվես։ Մասնավորապես, օրինակ, Գերմանիայի Դաշնություն ես կարող եմ զանգել իմ գործընկերոջը և ասեմ՝ սենց լավ ծրագիր կա, արի, ես քեզ զեղչ անեմ, դու ինձնից շատ գնիր, Գերմանիայում վաճառի: Կարճաժամկետ ծրագրի դեպքում աշխատող տարբերակ է, բայց ես չեմ կարող նոր շուկաներ գտնել, որովհետև չեմ էլ հասցնի գտնել, որովհետև դու նոր շուկա գտնելու, բանակցելու, պայմանագրերը կապելու և ապրանքը արտահանելու համար, միջինում դա տևելու է 1,5- 2 տարի»,- «Ազատության» հետ զրույցում ասում է «ՄԱՊ» ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանը:
Եթե կառավարությունն աջակցում է, որ հայկական արտադրանքը մուտք գործի նաև ԵՄ շուկաներ, իսկ եվրոպացի գործընկերներն էլ պատրաստ են աջակցել և աջակցում են գործընթացին, ապա ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է մնալ Հայաստանի ամենամոտ արտահանման շուկան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդգծել է՝ այդ բոլոր հարցերը ռուս գործընկերների հետ կքննարկեն հանգիստ և «առանց նյարդերի»։
«Ռուսաստանի Դաշնության հետ էլ մենք եղբայրաբար, բարեկամաբար, համբերատար կքննարկենք էնքան, առանց վիճաբանությունների մեջ մտնելու, առանց նյարդի, հանգիստ, հանդարտ կխոսենք, կքննարկենք, կկարգավորենք էն հարցերը, որոնք պետք է կարգավորենք»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: