Գոյություն ունի՞ Եվրասիական տնտեսական միությունը, թե՞ ոչ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցն այսօր կառավարության նիստում ու ճեպազրույցի ժամանակ համարեց ստուգման ենթակա: Խնդիրները, որ ստեղծվել են հայաստանյան ապրանքների համար, ասում է, մտահոգիչ են, եթե պարզվի, որ տնտեսական միությունում ապրանքների, աշխատուժի ու ֆինանսների ազատ տեղաշարժի չլուծվող խնդիրներ կան, ուրեմն միությունը գոյություն չունի:
Նման մի հարց էլ 2022-ից հետո Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ի հետ կապված էր բարձրացրել, երբ Հայաստանի տարածք ադրբեջանական ներխուժումից հետո դաշինքից արձագանք չեղավ, հայաստանը սառեցրեց անդամակցությունը: ԵԱՏՄ մասով ՝ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ամեն դեպքում Հայաստանը համարում է, որ տեղի ունեցողը թյուրիմացություն է, իրավիճակն էլ անշրջելի չէ: Հայաստանը Եվրասիական միությունից դուրս գալու խնդիր չի դրել, կառավարությունն էլ աշխատում է, որ ծագած խնդիրները լուծվեն: Իսկ Հայաստանի հետ կապված իրավիճակը պետք է մտահոգի ոչ միայն Հայաստանին, այլև ԵԱՏՄ մյուս պետություններին:
«ԵԱՏՄ մյուս անդամ երկրները Հայաստանի փորձից մտահոգված չե՞ն, համոզված եղեք. որ մտահոգված են, որովհետև բոլորը հասկանում են, նույնը կարա տեղի ունենա իրենց հետ: Եթե մենք հիմա արագ չկարգավորենք, սա ԵԱՏՄ-ի քայքայումը դարձնելու է անխուսափելի», - ասաց Փաշինյան:
Վարչապետ Փաշինյանն ասաց՝ պատրաստվում է այս հարցերն առաջիկայում քննարկել Եվրասիական միության ձևաչափում: Թեև չհստակեցրեց, թե երբ է քննարկելու հարցը, սակայն հայտնի է, որ այս օգոստոսի սկզբին Ղրղըզստանում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որին մասնակցելու մասին Փաշինյանը դեռ անցած շաբաթ էր հայտնել:
Բացի արտահանումից՝ Փաշինյանն ասաց՝ իր բացակայությամբ ընդունված հայտարարությունը պետք է քննարկման առարկա դառնա. «Պետք է մենք հասկանանք՝ դա ի՞նչ է նշանակում գործնականում, պետք է հասկանանք՝ ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարող է սենց որոշումներ կայացնի՞: Իմ գնահատմամբ՝ եթե հարցի պատասխանն «այո» է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտնում է ինքնալուծարման մասին»:
Մայիսի վերջին ԵԱՏՄ գագաթնաժողովին, որում ընդունվեց Հայաստանին վերաբերող հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանն ինքը չէր գնացել՝ պատճառաբանելով, որ քարոզարշավի թեժ շրջանում է, Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հենց այդ Գագաթնաժողովի ավարտին էր, որ Ռուսաստանի նախագահը և ԵԱՏՄ մյուս երեք երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն ընդունեցին ու Հայաստանին հորդորեցին Եվրամիություն մտնելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, իսկ այս դեկտեմբերին՝ սպասվող ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ընթացքում ասացին՝ Հայաստանի այդ կառույցին անդամակցության հարցը քննարկման սեղանին կլինի: Երևանից արձագանքեցին, թե հանրաքվեի պահը չի հասունացել:
Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարել էր նաև, որ վերընտրվելուց հետո պատրաստվում է Մոսկվա է մեկնել՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Բայց Կրեմլից հայտարարել են, որ հստակ պայմանավորվածություն հանդիպման վերաբերյալ չկա: Վլադիմիր Պուտինը խորհդրարանական ընտրություններից հետո դեռ Փաշինյանին չի շնորհավորել: Փոխարենը՝ կարճ ժամանակահատվածում հերթով արգելվեցին հայկական գյուղատնտեսական հիմնական արտադրանքները՝ ծաղիկներից մինչև պտուղ -բանջարեղեն, «Ջերմուկից» մինչև ոգելից խմիչքներ՝ ստանդարտներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ:
Եվս մեկ աջակցության ծրագիր
Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում հայտարարեց նաև, որ այս իրավիճակը գուցե խթան լինի, որ արտահանումը ԵԱՏՄ-ից բացի այլ երկրներ կազմակերպելու ուղղությամբ ավելի ակտիվ աշխատեն, արտահանվող ապրանքի որակի հետ կապված խնդիրներն էլ կարգավորեն:
«Մենք ԵԱՏՄ-ում էլ անհարմար իրավիճակներում հայտնվել ենք, երբ կաթնամթերքի հետ կապված պրոբլեմ ենք ունենում: Բոլորս գիտենք, որ օբյեկտիվ է այդ խնդիրը, բայց որ գնանք այդ պրոբլեմի լուծման, կասեն՝ խոչընդոտում են բիզնեսին, դա բիզնես չէ, պետք է լրջանալ», - ասաց Փաշինյանը:
Այսօր կառավարությունում ընդունվեց ևս մեկ աջակցության ծրագիր, արտոնյալ վարկով ինտենսիվ այգիներ հիմնածների համար, կառավարությունը նրանց վարկի արտոնյալ պայմանները ևս մեկ տարով երկարաձգեց:
Ռուսաստան արտահանման սահմանափակումներից հետո կառավարությունը աջակցության մի քանի ծրագրեր է առաջարկել արտահանողներին, հիմնականում սուբսիդիաներ՝ եվրոպական ուղղությամբ արտահանողների համար: Ովքեր են կարողանում օգտվել այդ աջակցությունից, ովքեր ոչ, դեռ հստակ պատկեր չկա, բայց կառավարության անդամներն այսօրվա նիստում Հայաստանյան ներքին շուկայի գներն էին իրավիճակի ցուցիչ համարում: Էժանացել են միայն ծաղիկն ու լոլիկը, մյուս ապրանքների մասով գնանկում չկա, սա, ըստ կառավարության անդամների, պետք է որ վկայի արտահանման մասին:
Հայաստանում, ըստ տնտեսագետի, չկա լաբորատորիա, որի արդյունքները ԵՄ-ն ընդունի
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է՝ ներքին շուկայում ծիրանի դեռևս բարձր գները չի կարելի համարել ցուցիչ: Ծիրանի և ոչ միայն ծիրանի բերքի հիմնական քանակը դեռ առջևում է: Գյուղացիների եվրոպական շուկաներ մուտք գործելը չափազանց դժվար է պատկերացնել: Բացի կապերի բացակայությունից, լոգիստիկ ու լեզվական խոչընդոտներից, ԵՄ շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ թույլտվությունները չկան, Հայաստանում չկա նաև լաբորատորիա, որի արդյունքները Եվրամիությունն ընդունի:
Եթե այս հարցրեն արագորեն չլուծվեն, ըստ Պարսյանի, տնտեսությունը մեծ հարված է կրելու:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կառավարության հայտարարությունների ու իրողությունների տարբերության վրա է ուշադրություն հրավիրում: Թեև Փաշինյանի կառավարությունը արդեն տարիներ է՝ խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, սակայն Հայաստանի արտահանման կառուցվածքը 2018 -ից հետո է՛լ ավելի է ռուսական ուղղության վրա կենտրոնացել:
Վերջին տարիների վերաարտահանման գործոնը ևս նպաստել է դրան, բայց եթե չոր թվերով վերցնենք՝ 2018-ին դեպի Եվրամիություն ուղղությունը Հայաստանի ողջ արտահանման 28 տոկոս, էր կազմում, իսկ 2025 -ին միայն մոտ 8 տոկոսը: ԵԱՏՄ երկրների դեպքում 2018- ին ողջ արտահանման մեկ քառորդն էր այդ ուղղությամբ գնում, իսկ 2025-ին արդեն 38 տոկոսը:
Բայց ինչ էլ լինի, տնտեսագետի խոսքով, կառավարությունը հիմա քայլեր պետք է ձեռնարկի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: