Մատչելիության հղումներ

Ռուսական պատժամիջոցներին զուգահեռ 2 հայկական ընկերության նկատմամբ արգելքը հանվել է

Հայաստանում մեկշաբաթյան ստուգումներից հետո ռուս մասնագետները հայկական երկու ընկերության թույլատրել են կրկին ձուկ տանել Ռուսաստան: Ստուգումները անցկացվել են 8 բուսաբուծական և 4 ձկնաբուծական տնտեսություններում։ Ավելի վաղ ռուսական կողմն այս ընկերությունների մուտքը սեփական շուկա արգելել էր՝ հիմնավորելով, թե որակի վերաբերյալ կասկածներ ունեն:

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել է.

«Մյուս ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են»։

Ռուս մասնագետները Հայաստան էին եկել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով: Նրանք հատկապես հայկական կարմրախայտի 5.5 կգ-անոց քաշն էին կասկածի տակ դրել: Շուրջ 10 տարի Հայաստանից բացառապես Ռուսաստան է իշխան արտահանող «ՄՖ Էքսպորտ»-ի տնօրեն Կարեն Հարությունյանն «Ազատությանն» ասաց, իրենք կարմրախայտ չունեն, բայց մինչև 7 կգ-անոց իշխան ունեն։

«Եկան, ստուգեցին, իրենց աչքով տեսան մեր արտադրանքը, գործարանը, որ սաղ համապատասխանում է, միջազգային ստանդարտներին էլ է համապատասխանում, ձկի չափն էլ, որակն էլ, քաշն էլ, արտադրանքի ծավալն էլ», նշել է նա։

«Իսկ ե՞րբ կբացվի ռուսական շուկան հայկական մյուս ապրանքների համար»,– հայ պաշտոնյաներին են հարցնում Ռուսաստանի սահմանին օրերով կանգնած հայկական բեռնատարների վարորդները։ Նրանք, թեև համոզված են, որ Ռուսաստանը տնտեսական այս սանկցիաներով պատժում է Հայաստանին՝ Եվրոպայի հետ մերձենալու համար, այդուհանդերձ հարցեր ունեն Հայաստանի կառավարությանը. նվազագույնը 40 հազար դոլարանոց բեռնատարների մեծ մասը վարկով են գնել, եթե հիմա չեն աշխատում, ինչպե՞ս վարկերն ու հարկերը մուծեն, որ մեքենաները բանկին չանցնեն։

Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է սկսել տնտեսական սանկցիաները, ընդ որում՝ դրանք գնալով ընդլայնվում են: Ավելին՝ երեկ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների՝ Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի ղեկավարներն միացան Պուտինին՝ Հայաստանին կոչ անելով հանրաքվե անել՝ Եվրամիությանն անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով:

Այս ֆոնին տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը վստահեցնում է՝ կառավարությունը ոչ մի գյուղատնտեսի մենակ չի թողնի: Նախարարը հիշեցրել է՝ նման սահմանափակումներն ու ստուգումներ էլի են եղել։

«Իրանի հետ կապված, դրանից առաջ էլ ենք կոնյակի հետ կապված խնդիրներ արձանագրել... Սովորական աշխատանքային խնդիրներ են, որոնք վստահաբար կլուծվեն։ Երկաթուղային հատվածը, որի մասին հայտարարել ենք, օրինակ, էդ երկաթուղին մեզ հնարավորություն է տալիս հայկական ապրանքները արտահանել նաև այլ երկրներ, որոնք ավանդաբար Հայաստանի համար շուկաներ չեն եղել», ասել է նախարարը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանն էր գործարարներին հիշեցրել, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին արդեն հասանելի է Հայաստանի բեռնափոխադրողների համար, իսկ արտահանումները հնարավոր են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքով։

Այսօր էլ նախարար Խուդաթյանն է նույնը կրկնել։

Բեռնափոխադրողները հակադարձում են, օրինակ, միրգ-բանջարեղենի արտահանումը գնացքով հնարավոր չէ, կփչանա: Ըստ նրանց՝ այլընտրանքային երթուղիները չեն կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական շուկային, գոնե ծավալների առումով։

«Ո՞վ է տեսել, որ երկաթգծով լոլիկ տանեն, բիբար տանեն, ծիրան տանեն...», հարցնում է վարորդներից մեկը։

Մինչ հայ բեռնափոխադրողները ապրանքը չեն կարողանում Ռուսաստան տանել, Արմավիրի մարզում Արշալույս գյուղի լոլիկ արտադրողներն են ոտքի կանգնել։

Իրենց հետ հանդիպման գնացած էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջայանին ասում են՝ արտահանման խնդիրները մի կողմից, մյուս կողմից էլ չեն կարողանում մրցել հայկական շուկա մտնող իրանական էժան լոլիկի հետ։ Նրանք պահանջում են՝ սահմանափակել դրանց մուտքը։

Փոխնախարարը պնդեց, որ սահմանափակել ներմուծումները Հայաստանը չի կարող՝ ԵԱՏՄ կանոնների պատճառով, փոխարենը առաջարկեց աճեցրած լոլիկը վաճառել Երևանում բացվող գյուղատնտեսական նոր շուկաներում։

Սակայն այդ առաջարկը գյուղացիների սրտով չէր։

«Մեր պահանջն այն է, որ հետևողական լինեք, որ գների իջնում է 400, 500, ու միաժամանակ պիտի լճացում տա տեղական պոմիդորը, էդ ժամանակ արգելք դնեք, որ մարդիկ չբերեն», առաջարկում էին լոլիկ արտադրողները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ «CivilNet»-ի տաղավարում հույս էր հայտնել, թե ԱԺ ընտրություններից հետո կլուծվի խնդիրների մի մասը, մնացածի մասով սառը գլխով հետո կխոսեն Ռուսաստանի հետ։

Նա օրինակ բերեց՝ Բելառուսն ու Չեչնիան, ասաց՝ անխոչընդոտ ներմուծում կա դեպի ՌԴ, հաղորդավարին հարցրեց՝ առաջարկում եք Հայաստանի կարգավիճակը մոտեցնել այդ երկրներին՞։

«Պետության շահերը կշռելուց չենք կարող ամեն ինչ փոխել լոլիկի հետ», ասել է նախարարը։

Հայաստանից Ռուսաստան մտնող ապրանքների մեծ մասը, ըստ Պապոյանի, չեն զիջում եվրոպական ստանդարտներին։

Էկոնոմիկայի նախարարը նորից էր պնդել՝ խնդիրները ընդդիմադիրներն են հրահրում, բայց կրկին չբացատրեց, թե ինչպե՞ս։

«Մենք անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն... Ենթադրում եմ, որ աշխատանք են տարել որոշակի շրջանակներում, ոչ բարձր, որպեսզի նաև էս սահմանափակումները մեր հայ արտադրողների նկատմամբ կիրառվեն», ասել է Պապոյանը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG